Սերժ Սարգսյանն ընդհանրապես ասպարեզից կորել է․ իշխանությունները չգիտեն` ինչպես անել, ինչ ասել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումից անցել է հինգ օր: Այս ընթացքում Հայաստանի հանրությունն ապրում է գերլարված՝ իրադարձությունների հանգուցալուծմանը սպասելով: Նման պայմաններում, երբ թվում է, թե ՀՀ իշխանության բարձրագույն ղեկավարությունը պետք է ամեն օր հանրությանը ներկայացնի իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ իր արած քայլերը, իրականում հակառակ պատկերին ենք ականտես լինում: Սերժ Սարգսյանն ընդհանրապես ասպարեզից կորել է: Վերջին հինգ օրերին նույնիսկ պաշտոնական լրահոսում նա հայտնվել է երկու անգամ՝ հուլիսի 17-ին հաղորդեցին, որ խորհրդակցություն է հրավիրել, երեկ էլ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչներին էր ընդունել: Երեկվա լուրը եթե չտարածեին, կարելի էր կարծել, թե Սերժ Սարգսյանն արդեն մի քանի օր է՝ երկրում չէ: Իհարկե, հասկանալի է, որ իրականում իշխանությունները չգիտեն ինչպես անել, ինչ ասել: Դրա համար էլ անցել են խորը ընդհատակ:

Հ. Գ. Երեկ ՀՀԿ ԳՄ-ն հերթական նիստն էր հրավիրել, որտեղ խորը մտահոգությամբ ու տագնապով քննարկվել է իրավիճակը` այն որակելով փակուղային: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ում կարծիք է հնչել, որ եթե հիմա իրենք ընդառաջ գնան զինյալներին, կանաչ լույս կվառեն քրեական խմբավորումների համար, որոնք կարող են զենք վերցնել ու ցանկացած պահի ինչ-որ պահանջներ թելադրել, բայց մյուս կողմից էլ այսպես թողնելն է վտանգավոր, քանի որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը դժգոհ է իշխող ուժերից, ու դժվար է կանխատեսել, թե ինչ զարգացումներ կարող են լինել: Երեկ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին բացատրեց իրենց լռության պատճառը` խոստովանելով, որ չեն խոսում, որպեսզի բանակցային գործընթացին չխոչընդոտեն: Ստացվում է, որ երբ ՀՀԿ-ն խոսում է, բոլոր պրոցեսները ձախողվում են»:

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս