ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանադրական դատարանի դատավորներին կընտրեն արտահերթ. նախագիծը հաստատվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով փոփոխություն էր առաջարկում «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքում: Մասնավորապես, արդեն Ազգային ժողովի կողմից այս նախագիծն ընդունելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորներին կարող են ընտրել նաև արտահերթ նիստերի ժամանակ:

Բանն այն է, որ այժմ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով Սահմանադրական դատարանի դատավորի ընտրություն հնարավոր է իրականացնել միայն հերթական նիստերի ժամանակ եւ պատգամավորն իր առաջարկության մեջ նկատում է, որ նախատեսված կարգավորումներն այնպիսին են, որ դրանք արհեստականորեն ձգձգում են գործընթացը: Մասնավորապես, դատավորի հրաժարականի դեպքում, եթե դա տեղի ունենա գարնանային նստաշրջանի վերջում, օրինակ՝ մայիսին, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրող՝ Սահմանադրությամբ նախատեսված մարմինն էլ կկատարի իր պարտավորությունը, միեւնույն է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի առկա կարգավորման պատճառով ՍԴ դատավորի տեղը թափուր կմնա ավելի քան չորս ամիս:

Այս փոփոխության նպատակն է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով խորհրդարանին հնարավորություն տալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում, ՍԴ դատավորի ընտրությունները կազմակերպվեն նաեւ արտահերթ նիստում:

Նկատենք, որ այժմ օրակարգում է Սահմանադրական դատարանի հարցը Ազգային ժողովով լուծելու տարբերակը: Եվ ահա, դրանից հետո անհրաժեշտություն է առաջանալու արդեն ՍԴ դատավորներ ընտրել: Եվ սրան զուգահեռ նկատենք, որ Ազգային ժողովի հերթական նիստերը հունիսի 20-ին ավարտվելու են եւ դրանից հետո միայն կարող են արտահերթ նիստեր գումարվել: Եվ ահա, այս փոփոխությունը հնարավորություն կտա, որպեսզի Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրեն նաև արտահերթ նիստերում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս