Armenian text to speach

ՍԴ-ն չի քննի կառավարության ծրագրի վերաբերյալ ընդդիմադիրներ պատգամավորների դիմումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանը հրաժարվել է քննության առնել կառավարության ծրագրի սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների դիմումը։

Ընդդիմադիր պատգամավորները հակասահմանադրական են համարում կաթողիկոսի հեռացման հարցը կառավարության ծրագրում ներառելը։ Նրանք նաև պնդում են, որ կառավարության ծրագիրը հաստատվել է մինչև ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը, ինչը, իրենց գնահատմամբ, ընթացակարգային խախտում է։

Սահմանադրական դատարանը նշել է, որ չի հիմնավորվել, թե օրակարգային հարցերի քննարկման հերթականության փոփոխությունը խոչընդոտել է պատգամավորների լիազորությունների իրականացմանը, խախտել է ԱԺ իրավազոր կազմի պահանջը կամ ազդել քվեարկության սահմանադրական իրավաչափության վրա։

Դատարանի գնահատմամբ՝ ներկայացված փաստարկները հիմնականում վերաբերում են խորհրդարանի ներքին աշխատանքների կազմակերպմանը, այլ ոչ թե սահմանադրական խախտմանը։

ՍԴ-ն նաև ընդգծել է, որ սահմանադրական արդարադատության դիմելու նպատակը պետք է լինի Սահմանադրության գերակայության ապահովումը, այլ ոչ թե պետական մարմինների գործունեության պարզապես քննադատությունը։

Արդյունքում, բավարար հիմնավորումների բացակայության պատճառով Սահմանադրական դատարանը մերժել է դիմումի հիման վրա գործի քննությունը՝ առանց հարցն ըստ էության քննելու։




Լրահոս