ՏՄՊՊՀ-ն զգուշացնում է տնտեսավարողներին ձեռնպահ մնալ զեղչերին առնչվող խախտումներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել զգուշացում տալ ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին՝ հորդորելով իրենց գործունեության ընթացքում ձեռնպահ մնալ հետևյալ գործողություններից և վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները.

  • ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն հրապարակելուց,
  • «մինչև» բառը կամ զեղչի կիրառման բացառությունների վերաբերյալ տեղեկատվությունը զեղչի չափի վերաբերյալ տեղեկատվության համեմատ ավելի մանր տառաչափով, ոչ տեսանելի կամ ոչ ընթեռնելի նշելուց,
  • մինչև զեղչի հայտարարումը ապրանքի գինն արհեստականորեն նախապես բարձրացնելուց, այնուհետև մինչև գնի բարձացումը սահմանված գնով վաճառելուց:

ՏՄՊՊՀ-ն արձանագրում է, որ վարչական վարույթների արդյունքում Հանձնաժողովը բազմիցս խախտումներ է բացահայտել տնտեսավարողների կողմից ապրանքների իրացման և գովազդի ժամանակ ապրանքի գնի նկատմամբ կիրառվող զեղչերի վերաբերյալ: «Մասնավորապես, բազմաթիվ տնտեսվարողներ ապրանքների գնի նկատմամբ կիրառվող զեղչերի վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելիս նշում են այնպիսի տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և կարող են մոլորեցնել հասարակությանը: Օրինակ՝ տնտեսավարող սուբյեկտները տեղեկատվություն են հրապարակում այն մասին, որ առևտրի օբյեկտում գործում է զեղչ, մինչդեռ զեղչն իրականում չի կիրառվում կամ գործում է սահմանափակ, կամ շատ քիչ քանակությամբ ապրանքների նկատմամբ, կամ միայն որոշակի տեսականու համար: Հանձնաժողովի գործունեության ընթացքում բացահայտվել են նաև դեպքեր, երբ զեղչի չափի վերաբերյալ տեղեկությունը նշվում է մեծ տառաչափով, տեսանելի և ընթեռնելի, իսկ մանր տառերով կամ ոչ տեսանելի կամ անընթեռնելի նշվում է «մինչև» բառը կամ այն բացառությունները, որոնց դեպքում զեղչը չի կիրառվում: Հանդիպում են նաև իրավիճակներ, երբ տնտեսավարող սուբյեկտները նախապես բարձրացնում են ապրանքի գինը, այնուհետև հրապարակում տեղեկատվություն, որ գործում է զեղչ, և արդյունքում ստացվում է, որ զեղչի կիրառումից հետո սահմանված գինն ավելի բարձր է կամ հավասար է նախկինում սահմանված գնին:




Լրահոս