ՏՄՊՊՀ-ում կաթնամթերք արտադրողների հետ քննարկում է տեղի ունեցել անբարեխիղճ մրցակցության դրսևորումները կանխարգելելու թեմայով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր տեղի է ունեցել «Կաթնամթերքի շրջանառության ոլորտում անբարեխիղճ մրցակցության որոշ դրսևորումների կանխարգելումը» խորագրով քննարկում: Քննարկմանը ներկա է գտնվել և բացման խոսքով հանդես է եկել ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, մասնակցել են հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ ԿԵ ՍԱՏՄ ներկայացուցիչներ, տնտեսվարողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովը մրցակցության խախտումների կանխարգելմանն ուղղված հերթական միջոցառումն է նախաձեռնել, որին այս անգամ հրավիրվել են կանթամթերք արտադրողները: Նպատակն է հորդորել տնտեսվարողներին կաթնամթերքը մակնշել օրենսդրության պահանջներին համաձայն՝ հստակ տարանջատելով կաթնային յուղի փոխարինիչով և կաթնային մթերքները, որպեսզի սպառողները մոլորության մեջ չընկնեն: Նրա խոսքով՝ ոլորտում երեք փուլանի ուսումնասիրություն է իրականացվել, և յուրաքանչյուր փուլից հետո ավելի նվազ չափով խախտումներ են հայտնաբերվել, սակայն դաշտը դեռևս ամբողջությամբ զերծ չէ իրավախախտումներից:

«Կարծում եմ՝ ժամանակը եկել է, որպեսզի բոլորն աշխատեն հնարավորինս մրցակցային և օրինական դաշտում: ՀՀ-ում հնարավոր է արտադրել տեխնիկական կանոնակարգերին համապատասխան մթերք, և շուկայում ունենալ տեղ: Դրա վառ ապացույցն են դաշտում գործող բարեխիղճ տնտեսվարողները»,- նշել է Գեղամ Գևորգյանը:

Միջոցառման ընթացքում ՏՄՊՊՀ աշխատակիցները ներկայացրել են կաթնամթերքի որոշ տեսակների մակնշման, օրգանական, էկո, բիո և համարժեք այլ եզրույթների կիրառման օրենսդրական պահանջները, անդրադարձ կատարել ոլորտում հանձնաժողովի հայտնաբերած իրավախախտումների կոնկրետ դեպքերին, պատասխանել մասնակիցների հարցադրումներին:




Լրահոս