«ՏԱՍԸ ՏԱՐԻ ՀԵՏՈ ԱՄՈՒՍՆՈՒՍ ԵՐԱԶԱՆՔՆ ԻՐԱԿԱՆԱՑԱՎ». ԼԱՅԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը երգչուհի Լայանայի հետ զրուցել է շոու-բիզնես վերադառնալու, ընտանեկան կյանքի, հաճախակի կյանքում կոտրվելու եւ այլ բաների մասին:

 

-Լայանա՛, ինչպես գիտենք, Ձեր երկրորդ բալիկի՝ լույս աշխարհ գալուց հետո  նվիրվել եք ընտանիքին, երեխայի խնամքին: Ե՞րբ եք պատրաստվում վերադառնալ շոու-բիզնես:

-Այո՛, բալիկիս ծնունդից հետո ամբողջովին նվիրվել եմ իրեն, եւ այնպես ստացվեց, որ այս կարանտինը սկսվեց, երեխայի քառասունքից դուրս գալուց հետո մնացել ենք տանը: Կարծում եմ, որ Ռոբերտը բախտավոր բալիկ է, որովհետեւ այլ ժամանակ աշխատանքի կլինեի, չնայած որ մինչ աշխատանքի գնալը խնամել եմ ե՛ւ Էլինային, ե՛ւ Ռոբերտին:

-Ի՞նչ նորությունների սպասի հանդիսատեսը: Նոր դուետ, տեսահոլովակ սպասվո՞ւմ է:

-Նորությունների մասով դեռ ոչինչ ասել չեմ կարող այս ժամանակահատվածում, ոչ մեկը չգիտի, թե վաղն ինչ է լինելու: Այնպիսի շրջանում ենք, որ ես ոչինչ չեմ պլանավորում այս տարվա վերաբերյալ, միգուցե եթե բալիկներս չլինեին, հնարավոր է ինչ-որ բաներ մտածեի, եւ հիմա առօրյաս շատ  հագեցած է: Այնպես է ստացվել, որ ես նոյեմբերի 30-ին եղել եմ աշխատանքի, իսկ դեկտեմբերի 6-ին բալիկս ծնվել է: Երբ երեխաս 18 օրական էր, արդեն Ամանորն էր, եւ մասնակցել եմ որոշակի միջոցառումների, չեմ բացակայել, բայց տեսահոլովակ վաղուց չեմ նկարահանել,  կարծում եմ, դրա ժամանակն էլ է անցել, եւ արդեն չգիտեմ, թե ինչի շրջանն է, պարզապես պետք է ավելի բենդային նոր գործեր ստեղծել:

-Մեր վերջին հարցազրույցում դժգոհություն էիք հայտնել, որ Հայաստանում  համերգներ չեն կազմակերպվում, որի հետեւանքով արտիստները չեն կարողանում բեմում իրենց ճիշտ դրսեւորել: Ձեր կարծիքով՝ ո՞րն է այս խնդրի պատճառը:

-Այդ խնդիրը էստրադային երգիչ, երգչուհիների համար միշտ կա, կարծում եմ՝ դասականների համար էլ, թեպետ նրանք օպերային թատրոններում երգելով՝ պահում են բեմի հետ իրենց կոնտակտը, բայց մենք, բացի ժամանցային վայրերի եւ ակումբներից, ուրիշ տեղ գրեթե չենք երգում եւ կարիք ունենք բեմի, հանդիսատեսի հետ շփման: Կարծում եմ՝ կորոնավիրուսը խախտեց աշխարհի բոլոր պլաներն ու ծրագրերը, եւ այս պահին, կարծում եմ, շատ մարդիկ սպասում են այս վիճակից դուրս գալուն, որից հետո կհասկանանք, թե ինչ ենք անելու հետո, եւ այս համաճարակի շնորհիվ բավականին մեծ արժեքներն են փոխվել, ֆինանսական, տնտեսական մտածելակերպն է փոխվել, թե ինչի վրա գումար ծախսել, որ ավելի օգտակար եւ ավելի կայուն լինի: Մարդկանց մտածողությունը փոխվել է այս ամենից հետո, սա մարդկանց փոխելու եւ մի փոքր մտածելու տեղ է տվել, այդ իսկ պատճառով ինձ, այսպես ասած, անջատել եւ նվիրել եմ երեխաներիս խնամքին եւ վայելում եմ նրանց ներկայությունը: Համերգներ կազմակերպվում են կարեւոր «դատաներին»՝ Մարտի 8, Ապրիլի 7 եւ այլն, բայց ես տեսնում եմ նաեւ, որ մի քանի արտիստ համատեղ համերգով են հանդես գալիս, բայց ես նկատի ունեմ ավելի հավաքական համերգներ, որպեսզի հանդիսատեսը լսի երգեր եւ վայելի: Չգիտեմ, թե խնդիրն ինչումն է կայանում, գլուխ չեմ էլ ցավացնում, գիտեք ինչո՞ւ, որովհետեւ «Գոհար»-ի շնորհիվ 2004-ից մինչեւ 2015 թվականը եղել եմ աշխարհի լավագույն բեմերում, այնպիսի բեմերում եմ հանդես եկել, որ ես ինքս հագեցած եմ, չնայած արտիստը միշտ պետք է ստեղծագործի:

-Լայանա՛, Թատերական ինստիտուտում ուսանելու տարիներին պատիվ եք ունեցել շփվելու Երվանդ Ղազանչյանի հետ, իսկ Կոնսերվատորիայում` Ռաիսա Մկրտչյանի հետ, ի՞նչ դասեր եք քաղել նրանցից:

-Անցած տարի հրաժեշտ տվեցինք Երվանդ Ղազանչյանին, ես այդ ժամանակ հղի էի, առանց չափազանցության մի տեւական ժամանակ ուշքի չեմ եկել, շատ եմ լաց եղել: Ես իրեն շատ եմ սիրել, նա ինձ համար ե՛ւ ուսուցիչ, ե՛ւ պապիկ, ե՛ւ լավ մարդ էր, եւ հիմա հաճախ եմ հիշում իր խորհուրդները, որոնք հիմա իմ կյանքում կիրառում եմ: Կարծում եմ, որ իմ մարդ տեսակի եւ կենասագրության մեջ իր ուրույն տեղն ունի նա: Ինձ համար նա հավերժ ապրում է: Նրա մահը շատ մեծ կորուստ ու ցավ էր ինձ համար: Իսկ Ռաիսա Մկրտչյանը հիանալի, անմիջական մարդ էր, ինձ համար հպարտանալու առիթ է, որ ես Կոնսերվատորիայում  եւ տանը պարապել եմ նրա հետ: Նրանց հետ շփումը ինձ վրա միմիայն դրական  է անդրադարձել:

-Լինելով շատ զգացմունքային մարդ՝ ի՞նչը կարող է Ձեզ կոտրել:

-Առաջ ինձ կոտրում էր բեմի, միջոցառումների հետ կապված ամեն ինչը: Կյանքում եղել են դեպքեր, որ կոտրվել եմ, բայց սխալների վրա ես սովորում, բայց ավելի հաճախ հարվածում են մարդիկ, ու պարտադիր չէ, որ հենց ինձ ուղղված լինի դա: Ես ինքս շատ զգացմունքային եմ, մանավանդ երբ ունես երեխաներ, ինձ կկոտրի  երեխաներիս հետ կապված ցանկացած բան:

-Երեխաների դաստիարակության մեջ ինչի՞ն եք առաջնահերթությունը տալիս:

-Կան ծնողներ, որ շատ խիստ են: Առաջին բալիկի ժամանակ մի փոքր ազատ ենք թողել, «չէ» բառ չի եղել, իսկ հիմա ամեն ինչում խիստ եմ:

-Ինչպիսի՞ մայր եք Ձեզ համարում:

-Ես ինձ համարում եմ զգացմունքային մայր եւ մարդ: Ես ուզում եմ ամեն ինչ անել իմ երեխաների համար ես չեմ կարող իմ երեխաներին թողնել օրերով գնալ, օրինակ, հանգստի. այդ առումով ինձ համարում եմ նվիրյալ մայրիկ:

-Իսկ ինչպիսի՞ հայր է Ձեր ամուսինը:

-Ամուսինս շատ խիստ գրաֆիկով այս շրջանում աշխատում է, նվիրյալ հայր եւ ամուսին է: Մենք երբ դեռ նոր էինք հանդիպում, ասում էր, որ պետք է տղա ունենամ, անունը դնեմ Ռոբերտ՝ պապիկիս անունը, որն իրականացավ 10 տարի հետո:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

«ՊԱՌԿԱԾ ԵՄ». Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՀԵԼ ՖՈՐՇԻՆ

Մայիսի 25-ին ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Ֆորշի ծննդյան տարեդարձն էր, նա դարձավ 53 տարեկան: «Ժողովուրդ» օրաթերթը երգչից հետաքրքրվել է, թե ինչպես է անցկացրել ծննդյան տարեդարձն արտակարգ դրության պայմաններում:

 

Սակայն մեզ հետ զրույցում Ֆորշը հայտնեց, որ տարեդարձն անցկացրել է տանը՝ անկողնում պառկած:

Մեր այն հարցին, թե ինչ է պատահել, երգիչը նշեց, որ հիվանդացել է, թեթեւ մրսել է, եւ հիմա էլ տրամադրություն չունի խոսելու:

Ինչեւէ, մենք մեր սիրելի երգչին մաղթում ենք շուտափույթ առողջություն եւ ապաքինում:

Նշենք, որ Ֆորշը ծնվել է 1967 թվականին՝ մայիսի 25-ին, Երեւանում: Ավարտելով Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը՝ սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում: 1983-ից սկսել է գրել երգեր, իսկ 1994-ին թողարկել է առաջին ալբոմը` «Բարեւ, իմ սեր», հետագայում եւս 5 ալբոմ` «Գիշեր», «Խենթ աղջիկ», «Այսպես, էլ ապրում ենք», «Երեւանը մենք ենք»: Աշխատել է «Մետրո» թատրոնում` որպես դերասան եւ կոմպոզիտոր: Հեղինակել է մի շարք բեմադրությունների երաժշտություններ ու նկարահանվել է ֆիլմերում:

Լ. Ե.

 

 

 

ԱՌԱՆՑ ՀԱՆԴԻՍԱԿԱՆՆԵՐԻ

Ռուսաստանի առաջատար թենիսիստներից Կարեն Խաչանովը բացառում է թենիսի մրցաշրջանի մեկնարկն առանց հանդիսականների: «Չեմ հավատում, որ հնարավոր կլինի թենիս խաղալ առանց հանդիսականների: Դա շահավետ չի լինի ո՛չ մարզիկների, ո՛չ կազմակերպիչների, ո՛չ էլ հովանավորների համար: Եթե ֆուտբոլում, բասկետբոլում եւ այլ մարզաձեւերում հնարավոր է խաղալ դատարկ՝ առանց հանդիսականների, ապա թենիսում ամեն ինչ այլ է»,-  ասել է Խաչանովը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ թենիսի մրցաշրջանը օգոստոսի 3-ից շուտ չի վերսկսվի: Ապրիլի 1-ին հայտնի էր դարձել, որ 1945 թվականից հետո առաջին անգամ Ուիմբլդոնի մրցաշարն այս տարի չի անցկացվի: Այն նախատեսված էր հունիսի 29-ից հուլիսի 12-ը:

 

 

ՑԱՎԱԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Դորտմունդի «.Բորուսիայի» կիսապաշտպան Էմրե Ջանը Բունդեսլիգայի 28-րդ տուրի «Բավարիայի» հետ խաղից հետո հայտարարել է, որ Գերմանիայի ընթացիկ առաջնության չեմպիոնն իր համար արդեն պարզ է: «Ցավալի պարտություն կրեցինք եւ հնարավորություն տվեցինք «Բավարիային» 7 միավորով առաջ անցնել մեզանից: Մենք պետք է իրատես լինենք. «Բավարիան» արդեն չեմպիոն է, իսկ «Բորուսիան» պետք է պայքարի մնացած խաղերում հաղթելու համար»,-ասել է Ջան:

Հիշեցնենք, որ Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում տեղի ունեցած խաղում «Բավարիան» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Բորուսիայի» նկատմամբ:

 

 

ԿԱՐՈՂ Է ՌԻՆԳ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ

Լեգենդար ամերիկացի բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, 53-ամյա Մայք Թայսոը մարզում է անցկացրել խառը մենամարտերի նախկին չեմպիոն Վիկտոր Բելֆորտի հետ: Մայք Թայսոնի հետ մարզումից տեսանյութն «Ինստագրամի» իր պաշտոնական էջում տեղադրել է Բելֆորտը: Ավելի վաղ լեգենդար բռնցքամարտիկը չէր բացառել, որ ապագայում կարող է ռինգ վերադառնալ:

 

 

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

Հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն երկու ամիս ընտանիքի հետ ինքնամեկուսացումից հետո վերջերս վերադարձել է իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի մարզումներին: Ֆուտբոլիստը երկրպագուներին ցուցադրել է ինքնամեկուսացումից հետո իր նոր սանրվածքը: 35-ամյա մարզիկը սովորաբար կարճ է կտրում մազերը, սակայն ինքնամեկուսացման երկու ամիսներին դրանք բավականին երկարել են:




Լրահոս