Թոշակառուները կենսաթոշակ չեն ստացել. ասել են՝ փող չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի բնակչուհի 94-ամյա Նորա Մարտիրոսյանը արդեն մի քանի օր է՝ կենսաթոշակ չի ստացել. «Հայփոստի» բաժանմունքում ասել են՝ փող չկա, փոստատարն էլ տուն չի բերում: Այս մասին ArmLur.am-ին վրդովված փոխանցեց Նորա Մարտիրոսյանի դուստրը՝ Գայանեն:

«Երկու թոշակառու ապրում ենք միասին, մայր ու աղջիկ. 45 տարի աշխատել եմ, 33 տարվա ղեկավար աշխատող եմ եղել ու ամեն անգամ ես ամսի մեկին աշխատավարձ եմ տվել, մարդավայել, կարգ ու կանոնով, իսկ հիմա նստած նայում ենք երկնքին, թե երբ են թոշակը բերելու: Խնդրում եմ ձեզ, ճշտեք ո՞նց կարելի է այս ձեւով վարվել մարդկանց հետ: Ասում են՝ պարետային վիճակ է, ռիսկի խումբ է, դուրս մի եկեք, ես էլ խնդրել եմ մեկին, եկել է 94 տարեկան մորս հունիսի 3-ին տարել եմ «Հայփոստ», ասացին՝ փող չկա: Իսկ այսօր հունիս 9-ն է, 60 հազար դրամ էլ չի կազմում, չեն բերում… մարդիկ ինչպե՞ս պետք է ապրեն, գողությո՞ւն անեն: Կներեք իմ վրդովմունքի համար, այն ձեզ չի վերաբերում»,- զայրացած պատմեց տիկին Գայանեն:

Սա դեռ ամենը չէ: Քաղաքացուն ավելի շատ զայրացրել է այն, որ սոցապ նախարարության թեժ գծի զանգերն են անպատասխան մնացել: «Նախարարության թեժ գիծ հեռախոսահամարով զանգահարում ենք, չեն պատասխանում, հետո զանգում ենք պարետատան թեժ գծի հեռախոսահամարին, դարձյալ չեն արձագանքում: Ամբողջ օրը տառապում ես հեռախոսի մոտ, չեն պատասխանում: Զանգում ենք 114 հեռախոսահամարով, ոչ ոք չի պատասխանում: Երեկ ամբողջ օրը ես հեռախոսից չեմ հեռացել, ոչ մի պատասխան չեմ ստացել, ընդամենը ռոբոտն է միացրած, որն ասում է, որ իբր մեր զանգը շատ թանկ է իրենց համար, բոլոր օպերատորները զբաղված են, այս են, այլ են եւ այլն: Եւ կարող է այդպես ամբողջ օրդ կորցնես սպասելով: Մայրս 63 տարի աշխատել է պետության համար, իր հայրը կռվել է այս պետությունը կառուցելու համար, բայց հիմա մենք նստած սպասում ենք մեր աշխատանքին, այդ գրոշներին, դա էլ ժամանակին չեն բերում»,- վրդովվեց Գայանե Մարտիրոսյանը:

ArmLur.am-ը քաղաքացու խնդրով դիմեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանին եւ խնդրեց պարզաբանում տալ, միաժամանակ փոխանցեցինք նաեւ քաղաքացու հեռախոսահամարը, անունն ու ազգանունը: Նաեւ՝ նշեցինք, որ վեց օր է՝ մարդիկ սպասում են կենսաթոշակին: Սակայն քաղաքացու խնդրով զբաղվելու եւ այն լուծելու փոխարեն, մամուլի խոսնակը հորդորեց մեզ ընթացակարգով դիմել նախարարություն. այսինքն հարցը գրավոր ուղարկել, ապա՝ «կնոջից իր եւ մոր անձնագրի պատճեններն ուզել, կցել հարցմանը եւ ուղարկել նախարարություն»: Հետո մի քանի օր դեռ պետք է սպասենք հասարակ հարցի պատասխանին՝ ինչու երկու թոշակառուները դեռ չեն ստացել իրենց հասանելիք կենսաթոշակը:

Ըստ մամլո խոսնակի՝ իրենք չեն կարող երրորդ անձին անձնական տվյալ փոխանցել: Բայց տեղեկացնենք, որ մեզ անձնական տվյալ պետք չէ, մենք ընդամենը փորձում ենք բարձրաձայնել քաղաքացու խնդիրը, որն արդեն վեց օր է՝ սպասում է իր կենսաթոշակին, որպեսզի ապրի:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս