ՊԵԿ-ը վերանայել է արգելադրման աշխատանքների իրականացման ձևաչափը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման պայմաններում
հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոցների կիրառումը իրականացվում է նպատակային: ՊԵԿ-ում մշակվել է «ՀՀ-ում կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագիր», որի շրջանակում, ի թիվս այլոց, կարևորվել է արգելադրման աշխատանքների իրականացման նպատակային ուղղվածությունը:

Հարկ է նշել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածում կատարված փոփոխության համաձայն` հարկ վճարողների գույքի նկատմամբ արգելանքի կիրառման համար չկատարված հարկային պարտավորությունների շեմը 500 000 դրամից բարձրացվել է 1,5 մլն դրամ:

Այսպիսով` նախատեսվում է առաջնային կարգով արգելանք կիրառել այն հարկ վճարողների գույքի նկատմամբ, որոնց
1,5 միլիոն դրամը գերազանցող պարտավորություններն առաջացել են մինչև 16․03․2020թ.-ը, այսինքն` մինչև ՀՀ-ում
արտակարգ դրություն հայտարարելը: Այդ ժամանակահատվածում հարկային պարտավորությունները չկատարած
տնտեսվարողների նկատմամբ որևէ բացառություն չի կատարվելու, քանի որ նրանք ունեցել են լիարժեք գործունեություն իրականացնելու հնարավորություն:

Ինչ վերաբերում է մարտի 16-ից հետո առաջացած 1,5 միլիոն դրամը գերազանցող պարտավորություններին, ապա
նախատեսվում է նշված պարտավորությունների ապահովման նպատակով արգելանքներ կիրառել այն հարկ վճարողների գույքի և դրամական միջոցների նկատմամբ, որոնք նախքան արտակարգ դրությունը պարբերաբար չեն կատարել հարկային պարտավորությունները, և նրանց գույքի նկատմամբ կիրառվել են արգելանքներ:

Միաժամանակ ՊԵԿ-ը հայտնում է, որ արգելանքներ չեն կիրառվելու այն հարկ վճարողների գույքի նկատմամբ, որոնք
հայտարարված արտակարգ դրության պայմաններում զրկված են եղել ակտիվ գործունեություն իրականացնելու
հնարավորությունից, և որոնց 1,5 միլիոն դրամը գերազանցող պարտավորություններն առաջացել են մարտի 16-ից հետո։




Լրահոս