Այսօր՝ նոյեմբերի 2-ին, 2025 թվականի եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետն է։ ArmLur.am-ը արձանագրեց, որ Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ հայտարարագրերը պետք է ներկայացվեն մինչև օրվա ավարտը։
Սկզբնապես հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետ էր սահմանված նոյեմբերի 1-ը, սակայն քանի որ այդ օրը ոչ աշխատանքային էր, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝ ժամկետը տեղափոխվել է հաջորդ աշխատանքային օր՝ նոյեմբերի 2։
Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն ՀՀ ռեզիդենտ այն ֆիզիկական անձինք, որոնք 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ բացառությամբ այդ օրվա դրությամբ անչափահասների։
Ի՞նչ կլինի, եթե հայտարարագիրը չներկայացնեք այսօր
ՊԵԿ-ի պարզաբանմամբ՝ եթե քաղաքացին մինչև սահմանված վերջնաժամկետը չներկայացնի հայտարարագիրը, ապա հարկային մարմնի կողմից նախալրացված հայտարարագիրը ժամկետի ավարտից հետո ինքնաշխատ կհամարվի ներկայացված։
Այսինքն՝ հայտարարագիրը չներկայացնելու դեպքում այն ինքնաբերաբար կներկայացվի հարկային մարմնի համակարգում առկա տվյալների հիման վրա։ Միաժամանակ, քաղաքացիները հնարավորություն կունենան անհրաժեշտության դեպքում փոփոխություններ և լրացումներ կատարել հայտարարագրում նաև վերջնաժամկետից հետո։
Այնուամենայնիվ, ՊԵԿ-ը հորդորում է նախապես ստուգել նախալրացված տվյալների ամբողջականությունն ու ճշտությունը՝ հետագայում լրացուցիչ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից խուսափելու համար։
Ովքե՞ր և ի՞նչ եկամուտներ պետք է հայտարարագրեն
Հայտարարագիրը նախալրացվում է ՊԵԿ-ի տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա։ Քաղաքացիները պետք է ստուգեն այդ տվյալները, անհրաժեշտության դեպքում կատարեն փոփոխություններ և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնեն հայտարարագիրը։
Հայտարարագրման ենթակա են նաև 2025 թվականի ընթացքում ստացված հարկվող եկամուտները, այդ թվում՝ անշարժ գույքի վարձակալությունից, օտարերկրյա պետություններից և այլ աղբյուրներից ստացված եկամուտները՝ օրենքով սահմանված դեպքերում։
Ինչ վերաբերում է չհարկվող եկամուտներին, ապա գործում է պարզեցված ընթացակարգ։ Մասնավորապես, այլ ֆիզիկական անձանցից ստացված նվիրատվությունների, փոխառությունների, գույքի օտարման կամ անհատույց ստացված գույքի դեպքում, եթե յուրաքանչյուր միանվագ գործարքի արժեքը չի գերազանցում 1 միլիոն դրամը, այն հայտարարագրելու պարտավորություն չկա։ Եթե գործարքի արժեքը գերազանցում է այդ շեմը, հայտարարագրման ենթակա է ամբողջ գումարը։
Միաժամանակ, ընտանիքի անդամներից՝ ամուսնուց, ծնողներից, քույրերից, եղբայրներից, զավակներից, պապերից, տատերից և թոռներից ստացված չհարկվող եկամուտները հայտարարագրման ենթակա չեն՝ անկախ դրանց չափից։
Հիշեցնենք, որ հայտարարագիրը ներկայացնելու համար քաղաքացիները պետք է մուտք գործեն ՊԵԿ-ի ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ, ստուգեն տվյալները և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնեն փաստաթուղթը։
Անի Վարդանյան
























































































