ՓՈՐՁԵԼ Է ԽՈՍԵԼ ԵՂԲՈՐ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի հետ: Նրա հետ զրուցել ենք իր եղբոր՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցի շուրջ: Նրանից հետաքրքրվել ենք՝ արդյոք լինելով դատական դեպարտամենտի ղեկավար՝ որեւէ միջամտություն ցուցաբերում է եղբոր կարգապահական վարույթի մասով:

 

-Պարո՛ն Փոլադյան, հունիսի 11-ին Ձեր եղբոր՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլանդյանի վարչական պատասխանատվության հարցն է քննարկվելու: Այս ընթացքում շահարկվում է, որ Կարեն Փոլանդյանը հանդիսանում է դատական դեպարտամենտի ղեկավարը, որեւէ միջամտություն չի՞ ցուցաբերելու եղբոր կարգապահականի մասով:  Ի՞նչ սխալ է թույլ տվել նա, փորձե՞լ եք Ձեր եղբոր հետ խոսել, հասկանալ՝ ինչ է կատարվում: 

-Փորձել եմ խոսել եղբորս հետ թռուցիկ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել: Պատասխանը եղել է, որ ծանրաբեռնվածության պատճառով դատական ակտն ուղարկվել է քաղաքացուն մի փոքր ուշացած ժամկետով: Ոչ ավելի, որովհետեւ ո՛չ ունեմ դրա իրավունքը, ո՛չ էլ փորձել եմ խորամուխ լինել այդ հարցի մեջ:   Նախ չունեմ դրա իրավունքը, չունեմ իրավունք ո՛չ ուսումնասիրելու, ո՛չ խորամուխ լինելու դատավորի կողմից կայացրած ակտի իրավաչափության մեջ: Ինչ վերաբերում է հարուցված վարույթին, ապա ասեմ՝ վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինը գտել է, որ  կա առեւրեույթ խախտում,  դիմել է Բարձարագույն դատական խորհրդին:

-Խոսքը արդարադատության նախարարի մասի՞ն է:

-Վարույթ հարուցող մարմինները երեքն են, որոնցից մեկը արդարադատության նախարարն է, եւ վարույթը հարուցվել է նախարարի կողմից: Ներկայացված է Բարձրագույն դատական խորհրդին, հունիսի 11-ին քննարկվելու է վարույթը: Որեւէ դեպքում չունեմ դրա իրավունքը,  ոչ էլ որեւէ նախաձեռնություն եմ ցուցաբերել որեւէ մեկի հետ խոսելու, որովհետեւ Բարձրագույն դատական խորհուրդը դատարան է, եւ բոլորս գիտենք, որ որեւէ մեկն իրավունք չունի միջամտելու դատարանի գործունեությանը: Ես որեւէ մեկից այդ առումով չեմ տարբերվում:

-Քիչ առաջ Դուք խոսեցիք դատավորների ծանրաբեռնվածության մասին, արդյոք ծանրաբեռնվածության հանգամանքը, ինչպես բոլորն են բարձրաձայնում, մի փոքր կմեղմացնի՞ վարույթը ընդունելու հարցը: Այսինքն՝ հնարավո՞ր է՝ ըմբռնեն ծանրաբեռնվածության հարցը:

-Ես ձեռնպահ կմնամ այդ հարցին պատասխանելուց, որովհետեւ բոլոր դեպքերում արդեն գործը գտնվում է դատարանում, տվյալ պարագայում՝ Դատական բարձրագույն խորհրդում, եւ գնահատականը տալու է բացառապես Բարձրագույն դատական խորհուրդը:

-Քանի որ տեւական ժամանակ է՝ հրապարակվում է, որ դատական համակարգում եւս կորոնավիրուս կա, ունե՞ք հստակ տվյալ, թե դատական համակարգում քանի անձ է կորոնավիրուսով վարակվել, եւ քանիսն են մեկուսացված: Տվյալներ կներկայացնե՞ք:

-Թվային տվյալ այս պահին չունեմ, բայց ես ուզում եմ հայտարարել, որ ձեռնարկվել են բոլոր միջոցները այն դեպքում, երբ վարակակիր անձ է ի հայտ եկել: Այսինքն՝ թեստավորման պատասխանը եղել է դրական, փորձել ենք կապվել Առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ եւ արագ մեկուսացնել վարակակիր անձանց: Այս պահին եւս ձեռնարկում ենք բոլոր միջոցները հնարավոր վարակը կանխելու ուղղությամբ:

-Վճռաբեկ դատարանից մենք ահազանգ ունենք, որ դատավորներից մի քանիսն անլուրջ են մոտեցել այս հարցին: Փորձե՞լ եք հասկանալ՝ ինչ է կատարվում դատավորների շրջանում, ինչո՞ւ են անլուրջ մոտեցում ցուցաբերել, քանի որ մյուս գործընկերները նշում են, որ վախով են աշխատանքի գնում:

-Ես դատավորների գործողություններին գնահատական չեմ կարող տալ, բայց կարծում եմ, որ  ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է լուրջ վերաբերվի իրավիճակին եւ  կոնկրետ իրավիճակով պայմանավորված գործողություններ կատարի: Դա ամոթ չէ, եւ եթե ինքն էլ վաղը  խնդիր ունեցավ, փորձելու եմ մեկուսացման պայմանները պահել եւ որեւէ մեկին չվնասել:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ եկեղեցում շինարարական աշխատանքներ իրականացնող անձանց նկատմամբ Արարատ գյուղի բնակչի կողմից սպանության փորձ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020թ. հունիսի 6-ին, Արարատի մարզի բնակչի հաղորդմամբ, Արարատ գյուղի տարածքում՝ կիսակառույց եկեղեցում շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ իր ընկերների եւ այլ անձանց ուղղությամբ Արարատ գյուղի բնակիչը ինքնաձիգից 3-4 մենահատ կրակոց է արձակել, սակայն իրենք վնասազերծել են նրան՝ ձեռքից վերցնելով ինքնաձիգը, որը հետագայում ներկայացվել է իրավապահներին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Անձը՝ Արարատ գյուղի 40-ամյա բնակիչը, հայտնաբերվել է եւ ձերբակալվել: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու եւ ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու համար:

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

2020թ. մայիսին ՀՀ Կոտայքի մարզպետարանից ստացված գրությունում նշված խնդիրների համաձայն՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի եւ հողօգտագործման վերահսկողության վարչությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքում՝ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ։ Պարզվել է, որ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 3.7604 հա մակերեսով՝ 5 տարբեր գրանցված սեփականության իրավունքով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող, արոտ եւ այլ գործառնական նշանակության հողամասերում, առանց որեւիցէ օրինական եւ նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել են ձկնաբուծական լճեր: Խախտվել են հողերի օգտագործման նպատակային նշանակությունները, ինքնակամ կառույցները չօրինականացնելու պատճառով համայնքի բյուջե չեն մուտքագրվել եւ չեն մուտքագրվում զգալի չափով գումարներ:

 

 

ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՊԵՏԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին եւ ոստիկանապաետ Վահե Ղազարյանին ներկայացրել է ԱԱԾ-ի եւ Ոստիկանության ղեկավար կազմերին եւ ԶՈւ սպայակազմին։

Ներկայացնելով Արգիշտի Քյարամյանին՝ վարչապետը նշեց. «Ուզում եմ ընդգծել, որ Ազգային անվտանգության ծառայությունը ուժեղ, կայացած, դինամիկ կառույց է, բայց նաեւ պետք է արձանագրենք, որ մարտահրավերները եւ նրանց արձագանքելու տեմպը, արագությունը, որակը անընդհատ բարելավվելու եւ բարեփոխվելու կարիք ունեն: Պարոն Քյարամյանի առաջ ես հենց այդ խնդիրն եմ դրել, որպեսզի Ազգային անվտանգության ծառայությունը ավելի էֆեկտիվ կարողանա արձագանքել այն մարտահրավերներին, որոնք մենք ունենում ենք անվտանգության ոլորտում»:

Վարչապետ Ոստիկանության ղեկավար կազմին ներկայացնելով նորանշական ոստիկանապետին՝ նշեց. «Այսօր մեր ամենամեծ մարտահրավերը, որը հավելյալ առաջացել է ոստիկանության գործառույթներում, կորոնավիրուսի համավարակն է, եւ վերջին երեք ամիսներին ոստիկանությունը այս առումով շատ ծանր աշխատանք է կատարել»:

Կառավարության ղեկավարն ընդգծեց՝ համավարակի հաղթահարման գործում էական է լինելու ոստիկանության աշխատանքի որակը: Շնորհավորելով Ղազարյանին՝ վարչապետը նշեց, որ առաջին խնդիրը համարում է «նրա էներգիայի հաղորդելը եւ ոստիկանությանը նոր լիցք տալը հակահամաճարակային կանոնները պահպանելու առումով»: Վարչապետը նաեւ սպայական կազմին ներկայացրեց նորանշանակ ԶՈւ ԳՇ պետին՝ նշելով. «Ըստ էության կարող ենք ասել, որ զինվորականությունը՝ որպես խավ, կայացել է Հայաստանի Հանրապետությունում, եւ զինվորականությունն այսօր մի մեծ ընտանիք է, որը մեր պետության ողնաշարի դերն է կատարում»: Վարչապետն իր ելույթում հավելեց. «Զինված ուժերի նկատմամբ հանրային վերաբերմունքը, հարգանքը գտնվում է հնարավոր ամենաբարձր մակարդակի վրա, եւ մեր խնդիրն է Զինված ուժերում ծառայության իմիջը հավասարեցնել կամ առնվազն էականորեն մոտեցնել Զինված ուժերի իմիջին: Զինվորականությունը պետք է մշտապես զգա իր կյանքում փոփոխություն, իր աշխատանքային կայանքում, իր սոցիալական երաշխիքներում պետք է զգա փոփոխություն»: Հավելենք, որ Փաշինյանի  առաջարկությամբ, նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա հրամանագրերով՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրեն, իսկ գնդապետ Վահե Ղազարյանը՝ Ոստիկանության պետ: Ուժային այս կառույցների այլեւս նախկին ղեկավարները՝ Արտակ Դավթյանը, Էդուարդ Մարտիրոսյանն ու Արման Սարգսյանը, ազատվել են պաշտոններից:

Ք.Մ.

 

 




Լրահոս