ԱԱԾ պաշտոնյայի դատավոր փեսայի կալանքը 3 ամսով երկարաձգվեց. ինչ է սպասվում Տիգրան Փոլադյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 12-ին Հակակոռուպցիոն դատարանը որոշել է դատավոր Տիգրան Փոլադյանի կալանքը 3 ամսով երկարաձգել։

Սահմանափակել մեղադրյալի՝ այլ անձանց հետ, բացառությամբ մերձավոր ազգականների, հաղորդակցվելու իրավունքը՝ 3 (երեք) ամիս ժամկետով։

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի դեմ հարուցված քրեական գործով։

Ըստ նախաքննական մարմնի՝ Տիգրան Ռոբերտի Փոլադյանը ՀՀ նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով, նշանակվելով ՀՀ սնանկության դատարանի դատավոր, ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված հիմքով արդարադատություն իրականացնելիս կրելով անկախ, անաչառ լինելու և միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան գործելու պարտականություն, դատական իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, կաշառք տվողների մատնանշած անձանց օգտին, իր իշխանական լիազորություններն օգտագործելով, գործողություն կատարելու համար Տիգրան Հարությունյանի օժանդակությամբ անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Տիգրան Արամայիսի Հարությունյանը օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին, վերջինիս կողմից իշխանական լիազորություններն օգտագործելով, կաշառք տվողների օգտին գործողություն կատարելու համար առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն:

Կարապետ Մուրադի Գուլոյանը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին, վերջինիս կողմից իշխանական լիազորություններն օգտագործելով, իր օգտին գործողություն կատարելու համար տվել է առանձնապես խոշոր չափերի կաշառք: Գարեգին Արմենի Մկրտչյանը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին, վերջինիս կողմից իշխանական լիազորություններն օգտագործելով, իր օգտին գործողություն կատարելու համար տվել է առանձնապես խոշոր չափերի կաշառք: Արաշ Փարվիզի Նոսրաթիալամդարին մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին, վերջինիս կողմից իշխանական լիազորություններն օգտագործելով, իր օգտին գործողություն կատարելու համար տվել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Բանն այն է, որ դատավորի կինը՝ Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը եւս անցնում է քրեական գործով: 2022 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաեւ դատավոր Ա.Հ.-ի կողմից նույն չափերով հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար:

2022 թվականի նոյեմբերի 8-ին քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությամբ, ստացվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ այն հաստատելու եւ վարույթի նյութերը դատարան հանձնելու միջնորդությամբ:

Նշենք, որ Անի Հարությունյանն Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանի դուստրն է, հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու աղջիկը: Իսկ, ահա, Տիգրան Փոլադյանի եղբայրը Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Կարեն Փոլադյանն էր, որի գործունեության մասով 2021 թվականին գրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորագույն գործերով քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Դատական դեպարտամենտի ղեկավար կազմի գործողությունների մասով, իսկ այդ ժամանակ դեպարտամենտի ղեկավարը Կարեն Փոլադյանն էր:

Ասել է թե՝ իրավապահները կոնկրետ գործընթաց են սկսել Փոլադյանի եւ նրա ընտանիքի անդամների մասով, չի բացառվում՝ քաղաքական իշխանության հրահանգով:

Քնար Մանուկյան




Լրահոս