ԿՍԱՀՄԱՆՎԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի նպատակը գյուղական բնակավայրերում բնակվող անձանց համար եւս խնամքի նպաստի իրավունք սահմանելն է մինչեւ երեխայի 2 տարին լրանալը։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստի իրավունք ունի նաեւ երեխայի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված եւ փաստացի բնակվող ծնողը մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է եւ փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով: Այսինքն՝ եթե ծնողի՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծննդյան օրվանից հետո, ապա ծնողը խնամքի նպաստի իրավունք է ձեռք բերում գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։ Ընդ որում, գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում եւ վճարվում է՝ անկախ ծնողին՝ որպես վարձու աշխատողի, խնամքի նպաստ նշանակելու եւ վճարելու հանգամանքից։

 

Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում բնակչության պետական ռեգիստրի տվյալները ծնողի եւ երեխայի հաշվառման (բնակության) վայրի վերաբերյալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի համաձայն՝ չաշխատող մայրերին եւս հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար տրվում է մայրության նպաստ, առաջարկվում է գյուղական բնակավայրում խնամքի նպաստը նշանակել հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի վերջին օրվան հաջորդող ամսվա 1-ից։

Միաժամանակ, առաջարկվում է նաեւ խնամքի նպաստի համար դիմելու ժամկետը վեց ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս, խնամքի նպաստի գումարը լիազորագրով վեց ամսվա փոխարեն վճարել 12 ամիս: Նախատեսվում է նաեւ վերացնել նպաստը նշանակելու համար ծնողի՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը, հստակեցնել գյուղական բնակավայրում բնակվող ծնողի խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու պայմաններն ու կարգը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ այս փոփոխության նպատակը ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի համար իրավական հիմքեր ստեղծելն է: «Մասնավորապես, առաջարկվում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակել եւ վճարել՝անկախ նրանից՝ ծնողը վարձու աշխատող է, թե չի աշխատում: Սա նշանակում է, որ եթե համարվի վարձու աշխատող եւ միաժամանակ բնակվի գյուղական համայնքում, ապա նրան կվճարվի երկու նպաստ, այսինքն՝ նպաստի չափը երկուսի դեպքում կկազմի 53 հազար դրամ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այս նպաստն արդեն սահմանված կլինի հուլիսի 1-ից ծնված երեխաների դեպքում։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս որոշումից հետո գյուղական բնակավայրերում խնամքի նպաստ կստանան նաեւ չաշխատող ծնողները, իսկ աշխատող ծնողները կստանան կրկնակի: Այսինքն՝ քաղաքում ապրող եւ չաշխատող ծնողները չեն ստանա նպաստ, քաղաքում ապրող եւ աշխատող ծնողները կստանան 26 հազար 500 դրամ: Գյուղական բնակավայրերում ապրող չաշխատող ծնողները կստանան 26 հազար 500 դրամ, իսկ աշխատողները՝ 53 հազար դրամ նպաստ»։

Կառավարությունը փոփոխություն է կատարել նաեւ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Սեւանա լճում կենսապաշարի օգտագործման եւ կայուն կառավարման ոլորտը կանոնակարգելու նպատակով։ Ներկայում տեղի ունեցող ապօրինի ձկնորսության ծավալներն ու դրա շուրջ ծավալված իրավիճակի վերլուծության եւ արդյունագործական ձկնորսության կազմակերպման գործող կարգի անկատարության արդյունքում առաջ են եկել մի շարք հարցեր, որոնք ինչպես գործնական, այնպես էլ իրավական հարթությունում պարզաբանման եւ լուծման կարիք ունեն։ Հնարավոր բացասական ազդեցություններից խուսափելու եւ հետագայում գործընթացներն առավել արդյունավետ ու հիմնավոր իրականացնելու համար Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է իրականացնել սիգ ձկնատեսակի փորձարարական որս: Իրականացվող գործընթացները միտված են Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների կայուն օգտագործմանը եւ օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգմանը։ Որսի ընդհանուր պահանջներից են՝ ձկան քաշը պետք է լինի 500 գրամից ոչ պակաս, սիգի արդյունագործական որսը պետք է իրականացվի դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ եւ ավելի): Սեւանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել մարտի 15-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը՝ հաշվի առնելով իշխան եւ սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածը՝ ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով։

Ն.Հ.




Լրահոս