«ԱԿՈՒՄԲՈՒՄ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՇԽԱՏԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էմմա Ասատրյանը երգել սկսել է դեռ մանկուց: 10 տարեկանում երգել է «Դո ռե մի» խմբում, 12-ում ընդունվել է Երգի պետական թատրոն: Մասնակցել է մանկական «Սլավոնական շուկա» մրցույթին` զբաղեցնելով առաջին տեղը: 14 տարեկանից մինչ օրս երգում է Երեւանի պետական ջազ նվագախմբում: Էմման խոստովանում է, որ երգել միշտ էլ ցանկացել է, պարզապես հայրը` երաժիշտ Արթուր Ասատրյանը, դեմ է եղել: Ունի նաեւ երաժշտական կրթություն, դպրոցն ավարտելուն պես մեկնել է Ավստրիա եւ ընդունվել այնտեղի կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը: Երգչուհին տխրությամբ հիշեց, որ ուսման ժամանակահատվածն իր համար ծանր էր, քանի որ կարոտել է Հայաստանի հետ կապված ամեն ինչի. «Կարոտում էի նույնիսկ այն, երբ ոտքդ տրորում են, հրելով անցնում ու ներողություն չեն խնդրում: Ասում էի` լավ, ո՞ւր են այդ մարդիկ»:Այնուհետեւ Էմման վերադարձել է եւ ընդունվել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Անցած տարի էլ ավարտեց ասպիրանտուրան: Արդեն 3-րդ տարին է, ինչ դասավանդում է Ալ.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում եւ Երգի պետական թատրոնին կից ստուդիայում: -Հայրդ երաժիշտ է, ջութակահար, ինչո՞ւ է նա արգելել քեզ երգել:-Շատ ծնողներ, ովքեր երաժշտության մեջ են, չեն ցանկանում, որ իրենց երեխաներն էլ շարունակեն այդ ուղին: Երաժիշտների համար բարդ է Հայաստանում գոյատեւել: Փառք Աստծո, ես ունեմ կրթություն, դասավանդում եմ, ունեմ աշակերտներ, այս ամենն ինձ օգնում է վաստակել: Կա՛մ ես պետք է ընտրեի այս ճանապարհը, կա՛մ էլ պետք է գնայի ակումբներում երգեի վաճառվող երգեր, իսկ վաճառվում են այն երգերը, որոնք ես վատն եմ համարում: Հայրս էլ չէր ցանկանա, որ ես երգեի 6/8: Այս չափի դեմ ոչինչ չունեմ, պարզապես ոճային իմը չէ: -Ասացիր` «Դո ռե մի»-ում ես երգել, հիշեցի ինչ-որ խոսակցություններ, որ սկզբում Նադեժդա Սարգսյանի սանն ես եղել, հետո էլ Արթուր Գրիգորիչը քեզ, կոպիտ ասած, խլել է նրանից:-Էդպիսի բանե՞ր են ասել: Քանի որ ես շատ էի ուզում երգել ու հորս էլ հանգիստ չէի տալիս, նա ինձ տարավ Նադեժդա Սարգսյանի մոտ, ի դեպ, հենց նա էլ ինձ առաջինը տվեց ջազային երգ ու ասաց, որ իմ տեմբրը ջազային երաժշտությանը շատ հարմար է: Խլելու հարց չի եղել, ես ինքս եմ եկել Արթուր Գրիգորիչի մոտ: Հետո էլ «Դո ռե մի»-ում կար տարիքային սահմանափակում: -«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող աղջնակը` Դալիթա Ավանեսյանը, հենց քո աշակերտն է, եթե չեմ սխալվում:-Այո՛, Դալիթան սովորում է Ալ.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, ես էլ նրան արդեն 2 ամիս է` ջազ վոկալ եմ դասավանդում: Երգը միասին ենք գրել, գործիքավորումն էլ արեց Մարտին Միրզոյանը:-Ընտրել ես երաժշտության այնպիսի ուղղություն, որը հեռու է տաշի-տուշիներից, բնականաբար, այստեղ լավ գումարներ էլ վաստակել չես կարող:-Ես իմ գումարը վաստակում եմ դասավանդմամբ, բայց չեմ գնա ու անորակ բաներ չեմ երգի, ես դա սխալ եմ համարում. մի ամբոջ սերունդ է քեզ լսում, թող լավը լսի, ոչ թե ինչ-որ անհասկանալի երաժշտություն ներբեռնի հեռախոսների մեջ:Ջազ երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանին այս սերունդը չգիտի, չի ճանաչում նաեւ Էլվինա Մակարյանին: Իսկ ինչո՞ւ, որովհետեւ նրանք տեսահոլովակ քի՞չ ունեն: Ես չեմ ցանկանա երգել այնպիսի տեղերում, որը, մեղմ ասած, լավը չեմ համարում: Հետո` ես չեմ կարող աշխատել ակումբում, ես հոգնում եմ, քանի որ իմ օրը սկսվում է առավոտյան ժամը 8-ից: Ունեմ երաժիշտ ընկերներ, նրանց օրն էլ սկսվում է ցերեկվա 2-ից: -Այսինքն` համաձա՞յն ես քիչ վաստակել:-Միեւնույն է, ստադիոններ լցնող երգչուհի չեմ դառնա, ջազն այդպիսի ժանր չէ: Թող տպավորություն չստեղծվի, թե ես հակա եմ հանդես գալիս, բայց այդ քեֆ-ուրախության երաժշտությունն իմը չէ: -Հայրդ Ինգա եւ Անուշ Արշակյանների պրոդյուսերն է: Քո հարցերով է՞լ է նա զբաղվում:-Երբ փոքր էի, հորիցս նեղանում էի, ասում էի` պապան հնարավորություններ ունի, կարող է ինձ օգնել, բայց չի անում: Նա ինձ օգնել է իր խորհուրդներով` դնելով ինձ ճիշտ ուղու վրա: Ես ամեն ինչ ինքնուրույն եմ արել: Վերջերս էլ լույս տեսավ իմ ձայնասկավառակը, ինչը շատ վաղուց էի ուզում:    -Հայրդ երբեւէ արժանացրե՞լ է քեզ գովեստի, թե՞ դու դեռ սպասում ես դրան:-Պապան միշտ շատ խիստ է, բայց եթե ասում է` «լավ է», ուրեմն հավանում է: Գովեստի արժանացել եմ «Ելակ» եւ «Լեյլո» երգերից հետո: Երբ վրացի երգչուհի Նինո Կատամաձեն Հայաստանում լսել է «Լեյլո» երգս ու ասել, որ հավանում է, հայրս խոստովանել է, որ դա իր աղջիկն է կատարում:ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս