ԳՈՐԾԱԴԻՐԸ ՄԻԱՅՆ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ Է ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ առաջիկայում աշխարհը կցնցվի տնտեսական ճգնաժամի նոր ալիքից, մասնագետները վաղուց էին կանխագուշակում: Միակ տարաձայնությունը վերաբերում է ճգնաժամի սկզբի հնարավոր ժամկետներին. ոմանք, ինչպես ԵՄ երկրների ֆինանսական փորձագետները, նոր տնտեսական ճգնաժամի մեկնարկին սպասում են 2012թ-ին:  Իսկ Նոբելյան մրցանակակիր, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Նուրիել Ռուբինիի կանխատեսմամբ` տնտեսական ճգնաժամի ամենաուժեղ հարվածը կզգացվի  2013թ-ին: Ըստ նրա՝ դրան կնպաստեն մի շարք գործոններ. չինական տնտեսության աճի դանդաղումը, Եվրոպայի ճգնաժամը, Ճապոնիայում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում ֆինանսական խնդիրները: «Արդեն իսկ երեւում են թուլանալու նշանները. բոլորը գնում են պետական եւ մասնավոր պարտքը մեծացնելու ուղղությամբ: Բոլոր այս խնդիրներն իրենց զգացնել կտան 2013 թվականին»,-ասել է նա:Տնտեսագետը նաեւ զգուշացրել է եվրագոտու անկման եւ նրա թույլ մասնակիցների հեռացման մասին: Նրա խոսքերով` եվրագոտու անկմանը նպաստելու են Պորտուգալիայում եւ Հունաստանում անպատասխանատու քաղաքականությունը, ինչպես նաեւ Իռլանդիայի եւ Իսպանիայի ֆինանսական քաղաքականությունը:Տնտեսական ճգնաժամից չի խուսափի նաեւ Հայաստանը. առաջիկա տարում սպասվող տնտեսական ցնցումների ու դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների հարցը քննարկումների առարկա է տարբեր մակարդակներում ու հարթակներում: Որպես նոր, զարգացող տնտեսությամբ, զարգացման հետ կապված տարաբնույթ հիմնախնդիրներով բնութագրով երկիր` Հայաստանում տնտեսական ճգնաժամի հետեւանքներն ավելի զգալի են լինում: Այն առաջին հերթին անդրադառնում է սոցիալապես անապահով խավերին` զգալիորեն մեծացնելով դրանց բանակը:ՀՀ կառավարությունը, իհարկե, մշակել է հակաճգնաժամային քաղաքականություն, որի իրականացումը սկսվել է 2009-10թթ.: Դրանում ներառված գործողություններն ուղղված են տնտեսության դիվերսիֆիկացմանը, մրցակցային դաշտի բարելավմանը, կոռուպցիայի մակարդակի նվազմանը, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, սոցիալապես անապահով խավերի օժանդակմանը եւ այլն: Մի խոսքով, այն ամենին, ինչը կարող է նպաստել երկրում հավասար տնտեսական մրցակցային պայմանների ստեղծմանը, աղքատության մակարդակի աճի կանխարգելմանը: Կառավարության մշակած ծրագիրը կարճաժամկետ է եւ իրավիճակային, չի կարող լուծել երկարաժամկետ խնդիրներ ու նպաստել տնտեսական ու սոցիալական կայուն միջավայրի պահպանմանը: Սա արդեն հայաստանցի տնտեսագետների կարծիքն է: Խնդիրն այն է, որ մեր իշխանություններն արձանագրում են արդեն նկատվող միտումներն ու զարգացումները, լուծում են ստեղծված խնդիրները, սակայն լուրջ կանխատեսումներ ու միջոցառումներ` ուղղված ապագայում հնարավոր բացասական զարգացումների կանխարգելմանը, չեն կատարում: Մեր իշխանությունների «իրավիճակային լուծումների» մասին հայտարարել են թե՛ Թաթուլ Մանասերյանը, թե՛ Հրանտ  Բագրատյանը, թե՛ ԱԺ տարբեր պատգամավորներ:Տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանի գնահատականով` Հայաստանում ճգնաժամը շարունակվում է առայսօր: Այն պարզապես չի հաղթահարվել ու առաջիկայում չի հաղթահարվի: «Մինչեւ այն պահը, երբ կառավարությունը կկարողանա տարանջատել միջազգային եւ ներքին խնդիրները, մենք շարունակելու ենք դոփել նույն տեղում: Զարգացող երկրներից շատերն օգտվեցին ճգնաժամից: Նրանք զարգացրին իրենց սարքավորումներն ի հաշիվ այն երկրների, որոնք սնանկացան ճգնաժամից: Հայաստանը չկարողացավ օգտվել այդ շանսից: Մեզ մոտ փոքր եւ միջին բիզնեսը չի արթնանա, քանի դեռ խոշոր բիզնեսը չի դադարել կուլ տալ փոքր եւ միջին բիզնեսը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց Մանասերյանը: Ի տարբերություն նրա` ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր գնահատականներում ավելի կտրուկ է եւ կարծում է, որ չնայած սպասվող ճգնաժամի մասին բազմաթիվ հայտարարություններին, մեր տնտեսությունը կրկին պատրաստ չի լինելու դրան. «Որովհետեւ կառավարության հիմնական քաղաքականությունը ոչ թե երկրի տնտեսության ներքին դիմադրողականության ուժեղացումն է եղել, այլ իրավիճակային լուծումներ տալը: Նոր ցնցումների հանդեպ Հայաստանի տնտեսության դիմադրողականությունն օպերատիվ բարձրացնելու համար անհրաժեշտ է արագընթաց կարգով իրականացնել օրենսդրական փոփոխություններ, որոնք կնպաստեն տնտեսվարող սուբյեկտների կողմից ավելի մեծ ավելացված արժեքի ստեղծմանը»: Ըստ նրա` Հայաստանում ճգնաժամի վերսկսումը հնարավոր է ավելի վաղ, քան «համաշխարհային» դառնալը: Պարտքային խնդիրները զարգացած երկրներում, մեծ հավանականությամբ, կհանգեցնեն հանքահումքային ապրանքների գների եւ Հայաստան եկող մասնավոր դրամական փոխանցումների նվազմանը, ինչը կհանգեցնի մեր երկրում տնտեսական ճգնաժամի նոր ալիքի: ՇՈՒՇԱՆԻԿ ՄԻՐԶՈՅԱՆ




Լրահոս