ԸՆՏՐՈՎԻ ՊԱՐԳԵՎՆԵՐ ԵՐԵՎԱՆԱԲՆԱԿՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկախության վերականգնման 20-ամյակի առթիվ երկրի ղեկավարը տարբեր ոլորտների ներկայացուցիչների պատվավոր կոչումներ եւ կառավարական պարգեւներ շնորհելու մասին բազմաթիվ հրամանագրեր ստորագրեց: Սեպտեմբերի 16-ից սկսած` հրապարակվեցին այդ հրամանագրերը` ընդգրկելով արվեստի, գրականության, առողջապահության, սպորտի, բանակի, մանկավարժության, արտադրության եւ տնտեսության ասպարեզները: Զարմանալի «տրամաբանությամբ» հրապարակվում էին միայն այն հրամանագրերը, որոնք վերաբերում էին մայրաքաղաքաբնակ պարգեւատրվածներին, նաեւ սփյուռքահայերին:  Նույն սեպտեմբերի 16-ին Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում արվեստի մեծաթիվ գործիչներ բեմ կանչվեցին, ստացան մեդալներ, շքանշաններ, պատվավոր կոչումների վկայագրեր, իսկ ահա մարզերից եկածները շվար հայացքներով նայեցին իրենց երեւանցի գործընկերներին, երկրի ղեկավարին ու մշակույթի նախարարին: Այն տպավորությունն էր, թե մարզերից եկածները գոյություն չունեին իշխանությունների համար, թե նրանք ավելորդ էին գավառային որակներով ներծծված եւ կատարյալ ձախավերություն համարվող հանդեսում: Գիտեինք, որ Գյումրու, Վանաձորի, Գորիսի, Գավառի, Արտաշատի մի խումբ արվեստագետներ, իհարկե չափազանց սահմանափակ թվով, պետական պարգեւների էին արժանացել, սակայն իշխանություններն ու հանդիսության կազմակերպիչ Հասմիկ Պողոսյանը չէին կամեցել «մայրաքաղաքային շուքն» ավերել մարզերից եկածների «տեսքով»… Մշակույթի նախարարությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ մարզերից պարգեւատրվածները, որոնց պարգեւատրումների մասին որեւէ հաղորդագրություն չեղավ մամուլում, «տեղերում» կստանան պարգեւները սեպտեմբերի 21-ին: Եւ սեպտեմբերի 21-ին, իհարկե, անշուք պայմաններում նրանց հանձնվեցին պարգեւները ճիշտ այնպես, ինչպես մեծահոգաբար ողորմաբաժին են նետում աղքատներին…Խտրականության եւ կամայականության «մոդելները» գործում են նաեւ պարգեւատրումների համակարգում` վիրավորելով արվեստագետներին: Այսպես, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը, ով ժամանակակից հայ թատրոնի ամենանշանավոր անհատականություններից մեկն է, ներկայացվել էր ՀՀ ժողովրդական արտիստի կոչման, սակայն նրան տրվեց… «Մովսես Խորենացի» մեդալ, որը, ըստ էության, առավել ցածր պարգեւ է, քան անգամ վաստակավոր արտիստի կոչումը: Արդեն քանի տարի ՀՀ ժողովրդական արտիստի կոչման է ներկայացված Վրաստանի Հանրապետության ժողովրդական եւ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, մեր բեմի ապրող դասական Սերիկ Շեկոյանը: Մշակույթի նախարարությունում մերժում են նրան եւ թատրոնի գեղարվեստական ղեկավար, Վրաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Արմեն Բայանդուրյանին պատվավոր կոչումների շնորհումը` պատճառաբանելով, թե նրանք ՀՀ քաղաքացիներ չեն: Մինչդեռ տարիներ առաջ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման արժանացավ Ադրբեջանի վաստակավոր արտիստ Ժաննա Գալստյանը, իսկ Ս.Սարգսյանի վերջին հրամանագրերից մեկով էլ ԱՄՆ քաղաքացի Ֆլորա Մարտիրոսյանին շնորհվեց ժողովրդական արտիստի կոչում այն դեպքում, երբ նա որեւէ կոչում չուներ…Ստացվում է, որ այստեղ եւս իշխում են կամայականություններն ու օրենքի ոտնահարումները, Հայաստանը երկու մասի բաժանելու գավառային միտումները…ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս