Բացի պարապ խոսքերից , մենք գործնականով ցույց կտանք մեր վերաբերմունքը մեծ հայագետին․ Նարինե Թուխիկյանը՝ Ղեւոնդ Ալիշանի 200-ամյակը չնշելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ հանրության եւ մտավորականության շրջանում դժգոհության ալիք է բարձրացրել հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակը Մշակույթի նախարարության կողմից չնշելու հանգամանքը, քանի որ Ալիշանին նվիրված յուրաքանչյուր հոբելյանական տարելից կատարվում է համահայկական ընդգրկմամբ եւ միջազգային տարողությամբ, սակայն այս տարի համավարակը մասնակիորեն խանգարել ու ուշացրել է հոբելյանական 200-ամյակին նվիրված միջոցառումները։

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյանի հետ։

«Ես ինքս քննադատություններին շատ սառնասրտորեն եմ մոտենում, եթե քննադատություններն իսկապես խորքային են, ապա դրանք շատ օգտակար են, բայց եթե չարակամություն է․․․Ի՞նչ է նշանակում ուղերձ կամ ո՞ւմ պետք է ուղերձ հղեինք։ Եթե 200-ամյակ է դա դեռ չի նշանակում, որ հենց այդ օրը պետք է ինչ-որ բան արվի, արդեն տեւական ժամանակ է , ինչ մենք պատրաստվում ենք, եւ երբ պատրաստ կլինեն, մեր ֆիլմերը կներկայացնենք։ Բացի պարապ խոսքերից մենք փաստով, գործնականով ցույց կտանք մեր վերաբերմունքը մեր մեծ հայագետին»,-նշում է Նարինե Թուխիկյանը։

Փոխնախարարի խոսքով՝ դրամաշնորհային ծրագրով պատրաստվում են իրականացնել անիմացիաների, մուլտֆիլմերի շարք նվիրված՝ Ղևոնդ Ալիշանի 200-ամյակին, որը կբարձրացնի նաեւ Հայաստանի ճանաչողության աստիճանը։

«Փորձելով գրեթե ամբողջությամբ ընդգրկել այն ամենն, ինչով նա հիմնականում զբաղվել է՝ ստեղծել ենք մուլտաշար, որը կլինի շատ հանրամատչելի երեխաների եւ դեռահասների համար, եւ, իհարկե, հայրենաճանաչողական։ Այսինքն մի բան, որով հենց նա է զբաղվել՝ բոլոր բնագավառներին նվիրված առանձին գրքեր է գրել, թեպետ երբեք Հայաստանում չէր եղել։ Հիմա նախապատրաստական աշխատաքնների մեջ ենք, երբ մուլտֆիլմերն ավարտվեն, կկազմակերպենք շնորհանդես եւ բոլորը կիմանան այդ մասին, կտեղադրվի յութուբում եւ բոլորին կլինի մատչելի, եւ իհարկե, հասանելի կլինի մեր սփյուռքահայերի եւ օտարերկրացիների համար, քանի որ լինելու է նաեւ անգլերեն տարբերակը։ Սրանով մենք ոչ միայն մեր տուրքն են մատուցում մեծ հայագետին, այլ նաեւ բարձրացնելու ենք Հայաստանի ճանաչողության աստիճանը հետաքրքիր, դիտարժան անիմացիներով»,-հավելում է մեր զրուցակիցը։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության եւ սփյուռքի տարբեր պահոցներում սրբությամբ են պահվում ալիշանյան մասունքները՝ ձեռագրերը, Մխիթարյան շքեղ եւ ոսկեզօծ կազմերով նրա գործերը, այդ թվում նաեւ ինքնագիր ընծայականներով:

Լիդա Եղիազարյան




Լրահոս