
ՀԱՐՑ. Ամեն օր աշխատանքի գնալիս անցնում եմ Ծերեթելիի կամրջի վրայով: Եւ ամեն անգամ զայրանում եմ ստեղծված իրավիճակի համար: Անբարոյականները շարքով կանգնում են, որի արդյունքում խցանումներ են լինում: Դեպք. նրանց պատճառով գրեթե իրար էին բախվում երկու մեքենա: Ի՞նչ է անում այս ուղղությամբ ճանապարհային ոստիկանությունն ու ընդհանրապես ոստիկանությունը: Ինչո՞ւ են թողնում, որ նրանք նույնիսկ օրը ցերեկով կանգնեն փողոցում: Նարինե Սարգսյան, 43 տարեկան, հաշվապահՊԱՏԱՍԽԱՆ. Ոստիկանությունը մշտապես պրոֆիլակտիկ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում: Ցանկացած ժամանակ մեր կողմից ստուգայցեր իրականացվում են: Ոչ միայն այդտեղ, այլեւ բոլոր հավանական հավաքատեղիներում ստուգայցեր միշտ լինում են: Ճանապարհային ոստիկանությունն էլ իր գործառույթներն է իրականացնում: Քրեական օրենսգրքով մարմնավաճառությունն արգելված չէ, բայց երբ ոստիկանությունը մշտապես կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում,ապա այդ վարչական արձանագրությունն ուղարկում է համայնքներ, եւ համայնքները պետք է նրանց տուգանեն: Թե հետագայում ինչ է լինում` տուգանում են, թե չեն տուգանում, դա արդեն քաղաքացիները կարող են այնտեղից պարզել: ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դժվար է ասել, մարմնավաճառների՞ բախտն է ավելի շատ բերել, թե՞ նրանց գործունեությունը վերահսկելուն կոչված ոստիկանների: Թերեւս, երկու կողմն էլ երջանիկ են, քանի որ շահութաբեր այս բիզնեսից ամեն մեկն իր բաժինն ունի: Եթե օրենքով մարմնավաճառությունը չի արգելվում, ապա, որքան հայտնի է, չի էլ խրախուսվում: Ու Երեւանը զավթած անպատվաբեր այս երեւույթը կա՛մ պետք է ոչ այնքան մարդաշատ ու բոլորի աչքից հեռու վայրերում կազմակերպվի, կա՛մ էլ, ինչպես վաղուց է առաջարկվել, շատ երկրների օրինակով այստեղ նույնպես հասարակաց տներ պետք է բացվեն: