ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ դեպքում խանութի տնօրենը կտուգանվի 50 հազար դրամով. նոր փոփոխությունն ու սպառողների դժգոհությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանի հագուստի, կոշիկի խանութների մեծ մասի ներսի պատերին շատ հաճախ կարելի է հանդիպել «Գնված ապրանքը հետ չի ընդունվում» գրությանը։ Սակայն սա ըստ մասնագետների՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում է: Եւ սա այն դեպքում, երբ օրենքը հստակ ասում է, որ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում ոչ պարենային ապրանքը հետ վերադարձնել: Բայց մեզ մոտ օրենքի այս հատվածը հիմնականում պահպանվում է հագուստի, կոշիկի բրենդային խանութներում: Նկատենք, որ նման բովանդակությամբ գրություններ այսօր գրեթե հնարավոր չէ հանդիպել խանութներում: Բացի այս, ոչ պարենային ապրանքների խանութներ կան, որտեղ ոչ միայն հետչեն ընդունում ապրանքը, այլեւ մինչեւ գնելը սպառողին զգուշացնում են, որիրենց «ներքին կանոններով» չեն կարող հետ ընդունել ապրանքը, ծայրահեղ դեպքում առաջարկում են փոխանակել նույնի գինն ունեցող մեկ այլ ապրանքով: Իսկ երբ սպառողը հրաժարվում է փոխանակել, այլ հետ վերադարձնել, վաճառողները կոպիտ են վերաբերվում, մունաթով են խոսում, սպառողի ներկայութամբ փնթփնթում են: Եվ սպառողին միայն մնում է հանդուրժել այդ մունաթն ու գնած ապրանքը հետ տանել տուն: Եւ ամենասարսափելին` վաճառողները ավելի են զայրանում, երբ սպառողը մատնանշում է օրենքը, ըստ որի` ինքը կարող է 14 օրվա ընթացքում հետ վերադարձնել գնած ապրանքը: Նրանք անգիր արած աշակերտի պես կրկնում են` «մեր խանութում մեր օրենքներն են»:

Այսպես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կկատարվի։ Ըստ որի՝ վաճառողը սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն` սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու եւ վերադարձնելու պայմանների վերաբերյալ: Ընդգծենք, որ տեղեկատվությունը եւ անվանացանկը փակցնելուն ներկայացվող պահանջները սահմանում է ՀՀ կառավարության աշխատակազմը: Պարզվում է՝ վերջին շրջանում ստացվում են բավականին շատ բողոքներ սպառողների կողմից այն մասին, որ առեւտրի իրականացման վայրերում հրաժարվում են փոխարինել կամ հետ ընդունել գնված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը` առանց որեւէ հիմնավորման, ինչը ուղղակիորեն հանդիսանում է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս որեւէ մարմին չունի իրավասություն միջամտելու տվյալ պարագայում` բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է ՀՀ օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջի խախտում, ապա սպառողների խախտված իրավունքները կարող են վերականգնվել միայն դատական կարգով, ինչը ժամանակատար է եւ ծախսատար:

Իսկ սպառողները հաճախ խուսափում են դիմել դատարան: Այս խնդիրը կարգավորելու նպատակով առաջարկվում է պարտադրել տնտեսավարողներին տեղեկացնել սպառողին վերջինիս իրավունքների վերաբերյալ, ինչը գուցե է նվազեցնի հնարավոր կամայականությունները։ Բացի այս, պաշտոնատար անձի կողմից սպառողներին տեսանելի վայրում «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը չհրապարակելու, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկում առկա ապրանք(ներ) վաճառելու դեպքում անվանացանկ չփակցնելու վերաբերյալ գործերի ենթակայությունը կտրամադրվի տեղական ինքնակառավարման մարմիններին: Իսկ եթե վաճառողը դարձյալ հրաժարվի օրենքով առաջնորդվել, ապա կենթարկվի վարչական պատասխանատվության: Ի դեպ, սահմանված պահանջները չպահպանելը առաջացնում է նախազգուշացում: Եթե վարչական տույժի կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, վաճառողը նույն արարքը կրկին կատարի, ապա կտուգանվի նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով, այսինքն` 50 հազար դրամով:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․Հ․




Լրահոս