Երեխայի հոգեբուժական օգնությունն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը պարտադիր կլինի. նոր նախագհծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:  Նշվում է, որ «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Երեխայի իրավունքների մասին» օրենքը ՀՀ Սահմանադրությանը եւ «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-346-Ն օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Նախագծով առաջարկվում է սահմանել 16 տարին լրացած հոգեկան առողջության խնդիր ունեցող երեխայի՝ հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ կամավոր իրազեկված համաձայնություն տալու իրավունքը, եթե բժշկի կարծիքով նա ունակ է հասկանալու բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւաքները, այդ տեղեկությունները չեն վնասի երեխային կամ կդյուրացնեն նրան բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրումը: Նշված պայմանների բացակայության դեպքում առաջարկվում է 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն իրականացնել «Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 24-րդ հոդվածով սահմանված ոչ հոժարակամ հոսպիտալացման կարգով, եթե հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությամբ նրա նկատմամբ անհրաժեշտ է իրականցնել հոգեբուժական միջամտություն: Իսկ 16 տարին չլրացած երեխայի համար Նախագծով առաջարկվում է գրավոր իրազեկված համաձայնությունը ստանալ նրա օրինական ներկայացուցչից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Բացի այդ Նախագծով սահմանվել է, որ երեխայի հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը պարտադիր է:

Ըստ այդմ, հոդված1-ում կամրագրվի.

16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տալիս է նա, եթե՝

1) բժիշկ-հոգեբույժի կարծիքով 16 տարին լրացած երեխան ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները,

2) այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային,

3) կդյուրացնեն նրան հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրումը:

Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանների բացակայության դեպքում 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է «Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 24-րդ հոդվածով սահմանված ոչ հոժարակամ հոսպիտալացման կարգով, եթե հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությամբ նրանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել հոգեբուժական միջամտություն:

16 տարին չլրացած երեխայի գրավոր իրազեկված համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Որպես ընթացիկ իրավիճակ նշվում է, որ Սահմանադրական դատարանի 2020 թվականի հունվարի 30-ի թիվ ՍԴՈ-1504 որոշմամբ «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով որ չի ամրագրում երեխային հոգեբուժական հաստատություն հոսպիտալացնելիս վերջինիս համաձայնության պարտադիր լինելն այն դեպքերում, եթե երեխայի տարիքը եւ հոգեկան առողջությունը թույլ են տալիս, որ վերջինս արտահայտի իր կամքը, ճանաչվել է Սահմանադրության 25-րդ եւ 37-րդ հոդվածներին հակասող: Որոշման եզրափակիչ մասում Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2020 թվականի հունիսի 1-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին «Երեխայի իրավունքների մասին» օրենքի վերաբերելի իրավակարգավորումները համապատասխանեցնելու Որոշման պահանջներին:

Ն.Հ.




Լրահոս