ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ, ԲԱՅՑ ՊԱՐՏՔ` ԻՆՉՔԱՆ ՈՒԶԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տ.Սարգսյանի ղեկավարած կառավարության   «իրական» ձեռքբերումներից է արտաքին պարտքի  շեշտակի ավելացումը` 2010թ-ի վերջի դրությամբ հասցնելով 3 միլիարդ դոլարի, որը կազմում է ՀՀ ՀՆԱ-ի  44,4 տոկոսը:  Չմտածեք, թե սա հայրենի իշխանությանը  տրվել է հեշտությամբ, եղել են բազմաթիվ  մերժումներ միջազգային ֆինանսական կառույցների կողմից: Եղել են բազում գործուղումներ  ֆինանսական  մայրաքաղաքներ, օտարերկրյա  պատվիրակությունների հետ բանակցություններ,  մերոնք ժամերով  հանդես են եկել խնդրողի կարգավիճակում եւ եթե չլինեին այդ պարտքով տրված  վարկերը, ապա այսօրվա կառավարությունը վաղուց  անցած  կլիներ  պատմության գիրկը : Այս չարագուշակ իրողության ֆոնին, իսկապես զավեշտալի է կառավարության պատասխանատուների դիրքորոշումը, թե  վտանգավոր ոչինչ չկա, ամեն ինչ հսկողության տակ է: Նրանք մեզ հուսադրում են, թե երկրներ կան, որոնք ունեն  ՀՆԱ-ի  նկատմամբ 100% պարտք: Իսկ մեր վիճակը բավականին լավ է: Առաջին  խոշոր մարումները սկսելու ենք 2013-ից եւ եթե պետք  լինի, այդ ժամանակ էլ նոր պարտք կվերցնենք, որպեսզի տոկոսները  մարենք… ահա այսպիսի անհեթեթություններ, որոնք հարիր են ֆինանսական բուրգերին:  Ինչպես բացատրել այս մարդկանց, որ եթե երկրի  արտաքին  պարտքը աճում է, ապա տնտեսական պոտենցիալը նույնպես  պետք է աճի, սակայն դա տեղի չի ունենում մեզանում: Այո, կան երկրներ, որտեղ արտաքին  պարտք եւ ՀՆԱ հարաբերությունը բարձր է 100 տոկոսից, սակայն նրանք  շարունակում են  մնալ վարկունակ: Այս ամենը կախված է երկրի  տնտեսական հզորությունից: Մինչդեռ  Հայաստանի տնտեսության  հզոր լինելու մասին, անգամ  Տ. Սարգսյանը չի խոսում:  Երբ ասում են խնդիր չկա,  ամենայն հավանականությամբ նկատի ունեն, որ 2013թ-ին վճարվելիք  500 միլիոն վարկի խնդիրը  կարող են «հեշտությամբ»   լուծել: Իսկ ինչպե՞ս դա կանեն.  մի երկու  միլիարդ բարձր  տոկոսով փող կվերցնեն, 500 միլիոնը կտան պարտքատերերին, իսկ տակը մնացած  1,5  միլիարդն էլ կծախսեն` հընթացս հայտարարելով, թե տեսաք դեֆոլտ չեղավ, մենք վճարունակ ենք: Աշխարհի շատ երկրների համար 1-2 մլրդ դոլարը մեծ փող չէ, եւ նրանք միշտ էլ կհամաձայնեն գումար տալ ու մի ամբողջ երկրի պահել  կախվածության մեջ` պարտադրելով դառնալ օրենսդրական պոլիգոն: Այսինքն` Հայաստանի այսօրվա վիճակի համար իրենց «փայ»  մեղքի բաժինն ունեն  նաեւ միջազգային   ֆինանսական կառույցները (Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ), որոնք մի կողմից ասում են, թե 20 տոկոսից պակաս հարկահավաքությունը`  հնա-ի նկատմամբ, խիստ վտանգավոր ու վատ ցուցանիշ է, մյուս կողմից շարունակում են վարկեր տրամադրել:   Պատահական չէ, որ նույն այդ կառույցները տասնամյակներ վարկեր տրամադրելուց  հետո,  երբեւէ  իրական վերահսկողություն չսահմանեցին իրենց կողմից տրամադրված վարկերի խելամիտ օգտագործելուն, որեւէ բացահայտում չարեցին վարկերի մսխելու կապակցությամբ:Տարբերակ չէ նաեւ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի օրերս  առաջարկած լուծումը. «Պարտքի ինստիտուտն էլ իր հերթին հետաքրքիր բան է, կարող ենք նաեւ չվերադարձնել»: Հարգարժան տնտեսագետը միջազգային ֆինանսական հսկաներին շփոթել է իրենց ներքեւի հարեւանի հետ` կարծելով, թե կարելի է պարտքով գումար վերցնել եւ չվերադարձնել: Այնպիսի «գույք` պարտքի դիմաց» կանեն, քիչ չի լինի: Իսկ ընդհանրապես, կարծում ենք, որ ժամանակն է այդպիսի խոշոր վարկեր վերցնելուց  առաջ հանրաքվե կազմակերպվի, որպեսզի ժողովուրդը իր համաձայնությունը տա կամ մերժի այդ գործարքները: Այլապես, իրենք իրենց համար վարկ են վերցնում, որ «թալանի փայը» չպակասի, մենք վճարում ենք նրանց փոխարեն: ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ




Լրահոս