ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին ArmLur.am-ի  հետ զրույցում նշեց կալանավորված  նախկին փոխնախարարի պաշտպան Ռոման Ահարոնյանը: Պաշտպանի խոսքով՝ Վահան Պողոսյանին դեռեւս 2019 թվականի մարտի 7-ից մեղադրանքն էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այսօր, ինչպես պարզվեց, այդ մեղադրանքն այլեւս գոյություն չունի։ Ներկայումս նոր մեղադրանքներ են առաջադրվել, որոնք Վահան Պողոսյանը չի ընդունում։

 

«Ընթանում է քննություն, կարծում եմ՝ դեռ շատ հանգամանքներ կհստակեցվեն։ Ինչպես մեղադրանքները, այնպես էլ կալանավորման համար հիմք հանդիսացած հանգամանքը կառուցված է մեկ անձի ցուցմունքի վրա։ Համաձայն չենք Վերաքննիչ դատարանի որոշման հետ, այն բողոքարկելու ենք։ Մամուլում տարածված այն տեղեկատվությունը, որ Կենտրոնի տնօրենից պահանջել է ձեռք բերել եւ անձնական օգտագործման համար իրեն տրամադրել իբրեւ Կենտրոնի կարիքների համար 17.600.000 ՀՀ դրամ արժեքով գնված ավտոմեքենան որպես կաշառք, հավաստի չէ։ Նույնիսկ Վերաքննիչ դատարանը այդ մասով չի հաստատել հիմնավոր կասկած։ Ընդհանրապես, ՀՀ քրեական օրենսգրքի 311-դ հոդվածի 4-րդ մասի՝ առանձնապես խոշոր չափերի կաշառքի մասով հիմնավոր կասկած հաստատված չէ, այլ հաստատված է 3-րդ մասով։ Այսինքն՝ կաշառքի պատմությունը բենզինի եւ տեխսպասարկման մասով է, որը, ըստ նախաքննության մարմնի ներկայացված թվերի, բոլորը միասին մոտ 900 000 ՀՀ դրամի մասին է։ Ընդհանրապես, այս գործը լուրջ խնդիրներ ունի վարույթի օրինականության հետ կապված։ Խախտված է քննչական ենթակայության հարցը, եւ մենք այս հարցով արդեն միջնորդել ենք ՀՀ գլխավոր դատախազին՝ գործն ըստ ենթակայության ուղարկելու վերաբերյալ, քանի որ, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի, սա բացառիկ ենթակայության գործ է, եւ պետք է քննի ՀՔԾ-ն», – նշեց պաշտպանը։

Նշենք, որ փոխնախարար Վահան Պողոսյանը կալանավորվել է։ 2019-ի մարտին Պողոսյանի դեմ հարուցվել էր քրեական գործ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման դեպքի առթիվ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ): Այդ ժամանակ Պողոսյանը չէր կալանավորվել, ազատ էր արձակվել գրավի դիմաց` 5 մլն դրամի չափով։ Սակայն 2020-ի օգոստոսին Պողոսյանի մեղադրանքը լրացվել է եւս մի քանի հոդվածով` 2015-2016-ի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով 2 դրվագով (Հանցակից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից յուրացնելը) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Կաշառք ստանալը` ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար, առանձնապես խոշոր չափերով)։

Իսկ, ահա, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2020 թվականի սեպտեմբերի 7-ին Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը։ Նշված քրեական գործով նախաքննության տարբեր փուլերում մեղադրանք է առաջադրվել 12 անձի, այդ թվում նաեւ՝ Արմեն Հայրապետյանին, որը ազատ է արձակվել գրավի դիմաց։

 

 

ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2019-2020թթ.-ի հունվար-հուլիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած եւ արտերկիր կատարված փոխանցումներին:

Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած գումարների ծավալները 2019 թվականի հունվար-հուլիսի նկատմամբ նվազել են 15.3%-ով՝ կազմելով 893.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ արտահոսքը 20.3%-ով՝ կազմելով 622.4 մլն ԱՄՆ դոլար։ Ներհոսքի ամենամեծ անկումը գրանցվել է ՌԴ-ից՝ 28.2%, մինչդեռ ԱՄՆ-ից ներհոսքի ծավալներն աճել են 22.1%-ով։

Այսպիսով, 2020թ. հունվար-հուլիսին, 2019թ. համապատասխան ժամանակահատվածի համեմատ, ֆիզիկական անձանց կողմից կատարված դրամական փոխանցումների արդյունքում եւ՛ ներհոսքը, եւ՛ արտահոսքը նվազել են, ինչը հանգեցրել է զուտ ներհոսքի 1.2% կրճատմանը։ Ստեղծված իրավիճակի փոփոխությունը մեծապես կախված է նաեւ ՀՀ քաղաքացիների համար ՌԴ սահմանների բացման ժամկետից, ինչպես նաեւ ՌԴ-ում առկա տնտեսական վիճակից:

 

 

ՆՈՐ ԿԱՐԳ

«Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու եւ վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականների ձեւերն ու նկարագիրը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կատարվել են մի շարք փոփոխություններ։

Նախատեսվել է տեսական քննությունների անցկացումը, բացի հայերեն լեզվից, հնարավոր դարձնել նաեւ անգլերեն, ռուսերեն, պարսկերեն եւ արաբերեն լեզուներով։ Ավելացվել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը՝ 10 հարցի փոխարեն սահմանելով 20 հարց, իսկ քննության 15 րոպե տեւողության փոխարեն սահմանվել է 30 րոպե։ Գործնական վարման հմտության ստուգման համար նախատեսված տրանսպորտային միջոցները պետք է կահավորվեն տեսաձայնագրող եւ տեսանյութի արխիվացման համար նախատեսված համապատասխան սարքավորումներով։ Նախատեսվում է տրամադրել «AM» վարորդական իրավունքի վկայական՝ մոպեդ վարելու համար։ Նախատեսվել է գործնական քննությունների ընդունումը՝

«A» կարգի, «AM», «A1» եւ «B1» ենթակարգերի դեպքում ընդունել միայն ավտոդրոմներում կամ ավտոհրապարակներում, իսկ դրանց բացակայության դեպքում մինչեւ 2027 թվականը՝ իրական պայմաններում, այսինքն՝ հանրապետության ավտոճանապարհներին կամ փողոցներում։ «B» կարգի դեպքում` միայն իրական պայմաններում։ «C», «D», «BE», «CE» եւ «DE» կարգերի ու «C1», «D1», «C1E» եւ «D1E» ենթակարգերի դեպքում՝ իրականացնել ե՛ւ ավտոդրոմներում ու ավտոհրապարակներում, ե՛ւ երթեւեկության իրական պայմաններում, իսկ մինչեւ 2027 թվականը ավտոդրոմ կամ ավտոհրապարակ չունեցող քննական մարմիններում՝ միայն իրական պայմաններում։

 

 

ՄԱՐԶՊԵՏԸ ԼՐԻՎ ԱՆՏԵՂՅԱԿ Է

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարել է, որ Տավուշի  մարզում ապօրինի  անտառահատումների հարցը գրեթե ամբողջապես լուծվել է, ապօրինի անտառահատման ցուցանիշները գրեթե զրոյի մոտ են, 99 տոկոսով այդ խնդիրը լուծել են, մինչդեռ ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրություններում շատ են Տավուշի մարզի տարբեր տարածաշրջաններում ապօրինի անտառհատումների դեպքերի մասին հիշատակումները։ Իրականում Տավուշի մարզում արձանագրված ապօրինի անտառհատումների դեպքերն աճել են։ ՀՀ դատախազության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների գործունեության արդյունքում Տավուշի  մարզի տարածքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 273 դեպք, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի է 64-ով կամ շուրջ 31%-ով: Դրանցից 64-ով հարուցվել են քրեական գործեր, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (51 դեպք), ավելի է շուրջ 25%-ով:

 

 

ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ

Իջեւան քաղաքի սուպերմակետներից մեկի տնօրենը, խնդրելով իր անունը չհրապարակել, հայտնեց, որ Իջեւան քաղաքի սուպերմարկետների ցանցի տերը մի շարք ապրանք մատակարարողներից պահանջել է նույն ապրանքը չմատակարարել քաղաքի այլ սուպերմարկետի, այլապես իրենք հրաժարվելու են այդ ապրանքները ստանալուց։  Սուպերմարկետների ցանցի տերը, փաստորեն, գործում է մրցակցություն չընդունելու  գործելաոճով՝ օգտվելով այն հանգամանքից, որ իրենք, սուպերմարկետների ցանց ունենալով, ապրանքների  մեծ քանակ են ընդունում, եւ մատակարարներին տնտեսապես ձեռնտու չէ  նրանց ապրանք մատակարարելուց հրաժարվելը։  Տնտեսվարողները այդ կապակցությամբ չեն դիմում ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողով, քանի որ չեն հավատում  այդ հանձնաժողովի գործունեության  արդյունավետությանը։

 

 

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՈՉ ԹԱՓԱՆՑԻԿ Է ԳՈՐԾՈՒՄ

Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակվում են մարզպետի որոշումները եւ կարգադրությունները, սակայն մարզպետ Հայկ Չոբանյանի ոչ բոլոր որոշումներն են հրապարակվում։ Օրինակ՝ Տավուշի մարզպետի նախկին խորհրդական Մերուժան Հարությունյանը 2020թ. օգոստսի 14-ին նշանակվել է մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ, սակայն այդ կապակցությամբ մարզպետի հրամանը բացակայում է։  Երկար ժամանակ է՝ տեխնիկական պատճառով չի գործում մարզպետարան դիմելու համակարգը` էլեկտրոնային հարցումների միասնական հարթակը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս