Խաղաղապահ զորքերի տեղակայման մասին խոսելը տեղին չէ. Պետդումայի հանձնաժողովի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում խաղաղապահ զորքերի տեղակայման մասին խոսակցությունները տեղին չեն, հայկական կողմը դեռեւս չի դիմել այդպիսի խնդրանքով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՌԴ Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը՝ խոսելով սեպտեմբերի 27-ից արցախաադրբեջանական սահմանում տեղի ունեցող դեպքերի մասին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ ներկայացնելով, որ Բաքուն հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ: Մինչ այս պահը հայկական կողմում զոհեր են եղել թե զինվորականների, թե քաղաքացիական անձանց շրջանում:

-Պարո՛ն Կոսաչեւ, ինչ արձագանք պետք է սպասել լարվածության աճի ֆոնին, քանի որ արդեն Հայաստանի ուղղությամբ եւս քայլեր են կտարվում:

-Եթե խոսենք ՀԱՊԿ-ի շրջանակներում որեւէ որոշման մասին, ապա հնարավոր բոլոր սցենարները գրված են կառույցի սահմանադրական փաստաթղթերում: Եվ բնականաբար հիմնական կետը հանդիսանում է  տվյալ երկրի կողմից դիմումի առկայությունը, եթե նա իրեն դիտարկում է որպես ագրեսիայի օբյեկտ: Եվ քանի դեռ հայկական կողմը չի նախաձեռնել նման քայլ, ապա իմ կարծիքով, բոլոր մնացած դատողությունները ՀԱՊԿ-ի արձագանքի կամ հնարավոր այլ քայլերի մասին, ավելորդ են:

-Իսկ ի՞նչ է լինում նման դիմումի առկայության դեպքում:

-Եթե այդպիսի դիմումներ լինեն եւ հայկական կողմը հիմնավորումներ ներկայացնի, որոնք կհաստատեն այդ դիմումի հիմքերը, ապա այն կարող է դառնալ ՀԱՊԿ-ի շրջանակներում կոլեկտիվ քննարկման պատճառ: Դա չի կարող լինել ռուսական կողմի կամ ՀԱՊԿ-ի մեկ այլ անդամ երկրի կողմից միասնական որոշում, այլ միասին միասնական որոշման արդյունք: Իսկ ինչ վերաբերում է ավելի լայն կոնտեքստով խաղաղապահների տեղակայման մասին, ապա այդ ամենը ևս պետք է լինել միասնական քննարկման հետեւանք եւ այդտեղ պետք է բանակցություններ անցկացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որը ունի համապատասխան մանդատ:

– Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառել է սահմանին խաղաղապահների տեղակայումը:

-Այո, եւ այստեղ էլ, իմ խորին համոզմամբ, այլ նախաձեռնություն, համենայնդեպս այս փուլում՝ հաշվի առնելով տիրող իրավիճակը, չի կարող գալ մեկ այլ երկրի կողմից բացի Հայաստանից կամ Ադրբեջանից, եթե մենք խոսում ենք Մինսկի խմբի ավելի լայն կոնտեքստի եւ խաղաղապահների մասին:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյան

 




Լրահոս