ՖՈՏՈ. Եկեք վերջ դնենք ահաբեկչությանը. համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ` Արցախյան պատերազմի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային ճանաչում ունեցող հայտնի դեմքերը շարունակում են անդրադառնալ Արցախյան պատերազմին: Նրանց թվում են Ամերիկացի հայտնի ռեփեր The Game-ը, Քիմ եւ Քլոե Քարդաշյանները, դիզայներ Մայքլ Կոստելոն:
Ամերիկացի հայտնի ռեփեր The Game-ը, իր զորակցությունը հայտնելով Հայաստանին, ասել է.

«Ուզում եմ, որ բոլորդ իմանաք՝ այս հոլովակը նկարահանում եմ ի համերաշխություն հայ եղբայրների և քույրերի, բոլոր նրանց, ովքեր առաջնագծում պայքարում են ընդդեմ ահաբեկիչների: Մենք պետք է դադարեցնենք պատերազմը Հայաստանում: Պարզապես անհեթեթություն է այն, որ մարդիկ սպանում են մարդկանց, և ես միանշանակ կանգնում եմ հայ ազգի կողքին: Կիսվեք այս հոլովակով, հնչեցրեք ձեր ձայնը, եկեք աշխատենք միասին՝ վերջ դնելու համաշխարհային ահաբեկչությանը: Սա սարսափելի է»:

Իսկ ահա ամերիկահայ հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը, շարունակելով Հայաստանի մասին հրապարակումներ անել, իր կողմից հրապարակված լուսանկարներից մեկում գրել է Հայաստանի եւ Ադրբեջանի տարբերությունների մասին. «Հայաստանը հրավիրում է միջազգային լրագրողներին, որպեսզի ազատ ու առանց ճնշումների լուսաբանեն կատարվող դեպքերը: Ադրբեջանում արգելված է արտասահմանյան լրագրողների մուտքը և ռազմաճակատի լուսաբանումը»:

Այնուհետեւ Քլոեն կոչ է արել աղոթել Հայաստանի համար եւ օգնել` սոցցանցերի էջերում տեղադրելով Արցախում տեղի ունեցող դեպքերի մասին ճիշտ տեղեկություններ: Ապա Քլոեն կոչ է արել միանալ նաեւ Հայաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն:

Դիզայներ Մայքլ Կոստելոն, անդրադառնալով Արցախի սահմանին ծավալվող իրադարձություններին, իր հետեւորդներին խնդրել է բարձրացնել տեղեկացվածությունը հարցի վերաբերյալ։

«Այս երեկո ես աղոթում եմ հայերի խաղաղության համար։ Եթե օգտվում եք սոցիալական մեդիայից, հավանաբար տեսել եք, որ Հայաստանն ու Արցախը հարձակման տակ են։ Ցավոք, առաջատար լրատվամիջոցների կողմից բավականաչափ լուսաբանում չի եղել։ Մենք հիմա պիտի բարձրաձայնենք։ Խնդրում եմ, արտահայտեք ձեր աջակցությունը մեր հայ ընկերներին, գործընկերներին ու ընտանիքներին։ Մի քանի օրվա ընթացքում հարյուրավոր մարդիկ են մահացել այս հարձակումների հետեւանքով։ Խնդրում եմ, բարձրացրեք տեղեկացվածությունը։ Մենք միմյանց կարիքն ունենք առավել, քան երբեւէ։ Իմ հայ ընկերներին, աշխատակիցներին, մեր հայ գործընկերներին ու հաճախորդներին. մենք սիրում ենք ձեզ եւ այս ընթացքում աղոթում ենք ձեզ համար»,-ասել է նա։

Լիդա Եղիազարյան




Լրահոս