ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԵՆ, ԲԱՅՑ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորից առաջ հայկական հեռուստաեթերը ողողված էր ԱՊՊԱ-ների մասին կոչ-զգուշացումներով: Գրեթե բոլոր պետական չինովնիկները թութակի պես կրկնում էին, թե ԱՊՊԱհովագրությունը շատ կարեւոր է, պարտադիր է եւ այլն: Բայց ինչպես ամեն ինչ, մեր երկրում երկակի չափանիշներ են գործում նաեւ այդ ոլորտում:Առաջին էջի մեր լուսանկարը հենց դրա վկայությունն է: Այսինքն` ՆՍՕՏՏ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին պատկանող ավտոմեքենան երբեւէ չի գրավել Ճանապարհային ոստիկանների ուշադրությունը: Կամ էլ գրավել է, բայց նրանք չեն համարձակվել կանգնեցնել մեքենան: Իսկ եթե նրա փոխարեն լիներ որեւէ տաքսու վարորդ, հաստատ Ճանապարհային ոստիկանները նրան ամենախիստ ձեւով կտուգանեին: Իսկ վարորդն էլ ստիպված կլիներ ԱՊՊԱ-ի կտրոնը փակցել իր մեքենայի դիմապակուն` հետագա խնդիրներից խուսափելու համար: «Ժողովուրդ»-ը ԱՊՊԱ-ների եւ ավտոմեքենաների տեխզննման թեմաների մասին զրուցեց Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի հետ: Մեքենաների ապահովագրումը պարտադի՞ր է  բոլոր վարորդների համար, թե՞ կան բացառություններ, հարցրեցինք Արսեն Արշակյանին: «Մեքենաների ապահովագրումը պարտադիր է եւ բացառություններ չկան»,- պատասխանեց նա: Մենք իհարկե, Արշակյանի հետ զրույցում չմանրամասնեցինք, թե ինչու ենք հարցը տալիս, որպեսզի երկնային պատճառաբանություններ չբերեր կաթողիկոսին պատկանող մեքենայի մասով: Միայն հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք բոլոր ավտոմեքենաների վարորոդները պարտավոր են ունենալ ԱՊՊԱհովագրության կտրոններ: «Վարչաիրավական խախտումների մասին օրենքի 129 հոդվածի, պրիմ 1-ի առաջին մասով պետք է բոլոր մեքենաները դիմապակիների աջ անկյունում փակցնեն ԱՊՊԱ-ի կտրոնը: Այդ ամենը միանշանակ  վերահսկվում է, եւ չփակցնելու համար նախատեսվում է տուգանք` նվազագույն  աշխատավարձի տասնապատիկի չափով»,- վստահեցրեց Արսեն Արշակյանը: Մեր մյուս հարցին, թե մեքենաների տարեկան տեխզննում անցկացնելը եւս պարտադի՞ր է բոլոր վարորդների համար, եւ արդյո՞ք բոլորը պարտավոր են տեխզննման կտրոնը փակցնել ավտոմեքենաների ապակիներին: «Օրենքն այսպիսին է. վարորդը  պարտավոր է տեխզննման կտրոնը փակցնել մեքենայի դիմապակու աջ մասում, բայց վարչական օրենսգրքով դրա համար պատիժ չի նախատեսվում: Դրա համար էլ ճանապարհային ոստիկանը կանգնացնում է մեքենան եւ բացատրում, որ վարորդը փակցնի: Այսինքն` տեխզննման կտրոնի դեպքում նախատեսված տուգանք չկա, պարզապես զգուշացնում ենք»,- պատասխանեց Երեւան քաղաքի Ճանապարհային ոստիկանության պետը:Հ.Գ. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, երբ ՀՀ կառավարության մի շարք անդամների ավտոմեքենաները հրապարակվեցին առանց ԱՊՊԱ կտրոնների, ՀՀ Կառավարությունը անմիջապես գրավոր հանձնարարական տվեց բոլոր աշխատակիցներին, որպեսզի մեքենաների վրա փակցնեն ԱՊՊԱ-ները: Հավանաբար Կաթողիկոսին մոռացել են զգուշացնել:    ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ04 02 2011 




Լրահոս