ԼՈՒՍԱԳՅՈՒՂԻ ԿԱՆԱՆՑ ԿԱՐԱԾ ՔՆԱՊԱՐԿԵՐԸ՝ ԶԻՆՎՈՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արմավիրի մարզի Լուսագյուղի կանայք այս օրերին մի կողմ են թողել իրենց գյուղատնտեսական աշխատանքները եւ զբաղված են սահմանին կանգնած զինվորի համար քնարապարկ կարելով:

 

Լուսագյուղի բնակչուհի Նելլի Ղուլյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց, որ քնապարկ կարելու եւ դրանք սահման ուղարկելու նախաձեռնությունն իր փեսացուինն է՝ Ռուսլան Ղուլյանինը: Ռուսլանը պատերազմի մասին լսելուց հետո վերադարձել է Ռուսաստանից՝ սահման գնալու մտադրությամբ, Առայժմ սահմանին նրա ներկայությունը խիստ անհրաժեշտ չէ, եւ Ռուսլանն էլ որոշել է այսկերպ օգտակար լինել սահմանին կանգնած զինվորին:

«Սկզբնական թիմում աշխատել ենք ես, նշանածս (խոսքը փեսացուի՝ Ռուսլան Ղուլյանի մասին է-Ս.Հ.) եւ քույրս՝ Ռուզաննան. միասին սկսեցինք նյութեր գտնել, կարի մեքենաներ հավաքագրել, ծնողներս օգնեցին, Լուսագյուղի գյուղապետ Սարիբեկ Կարապետյանը եւս օգնեց մեզ. տարածք տրամադրեց» ,- պատմեց Նելլին:

Մեր զրուցակցից տեղեկացանք, որ քնապարկ կարելու համար մասնագետներ են ներգրավվել Երեւանից, Էջմիածնից. «Գնացել ենք Երեւան եւ տեսել ենք, թե ինչպես են կարում, ինչ է անհրաժեշտ»: Ապա նկատեց, որ քնապարկերը կարում են գյուղի կանայք՝ կամավորության սկզբունքով: Իսկ քնապարկի համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման նախնական ֆինանսավորումը իրականացվել է Հայաստանում բնակվող մի խումբ հայերի կողմից, որից հետո այս գաղափարը դուր է եկել Կազանի հայերին, իրենք միացել են եւ սկսել են ֆինանսավորել՝ Նարվիկ Առաքելյանի գլխավորությամբ:

Զրույցի ընթացքում Նելլին շտապեց տեղեկացնել, որ քնապարկերի առաջին խմբաքանակը վաղը ճանապարհ կընկնի: Մեզ հայտնի դարձավ, որ երկու օրվա ընթացքում Լուսագյուղում հասցրել են կարել շուրջ 70 քնապարկ: «Այս պահին շարունակում ենք կարի մեքենաների հավաքագրումը, աստիճանաբար ընդլայնվում ենք: Հիմնական նպատակը ոչ միայն եղել է, որ մենք կարողանանք ինչ-որ բան անել զինվորների համար մեր գյուղի շրջանակում, այլ օրինակ դառնանք հարեւան գյուղերի, քաղաքների համար: Թող իրենք էլ ոգեւորվեն ու վարակվեն, իրենք էլ կարող են համախմբվել եւ օգտագործել իրենց ներքին ռեսուրսները եւ դրանով օգնել սահմանին կանգնածներին»,- նկատեց մեր Նելլին:

Ղուլյանների նոր ստեղծվող ընտանիքը հույս ունի, որ կարողացել է փոքր-ինչ թեթեւացնել պետության հոգսը. քնապարկի համար նախատեսված գումարը Հայաստանի կառավարությունը կարող է օգտագործել զենք, զինամթերք գնելու նպատակով:

«Քնապարկը զինվորի համար անհրաժեշտություն է, այժմ դա կարող է ապահովել թիկունքը: Մեր նախաձեռնության նպատակներից մեկն էլ այն է, որ այս ամենը շարունակվի նաեւ պատերազմից հետո, մենք նույնը կարողանանք անել սահմանին կանգնած մեր էրեխեքի համար, որովհետեւ քնապարկը միշտ էլ անհրաժեշտ է եղել: Բավականին հաճույքով, ոգեւորված են գյուղի կանայք… նպատակը բոլորին է ոգեւորել: Առանց հանգստանալու աշխատում են»,- փոխանցեց Նելլին՝ ընդգծելով, որ պատրաստ են նաեւ մյուս գյուղերում թիմ հավաքել եւ այս ամենը անել:

Քնապարկ կարող կանացից մեկը՝ Լիլիյա Սեփխանյանը, ArmLur.am-ին պատմեց, որ ինքը ունի սահմանին նախկինում կռված զինվոր որդիներ եւ այս նախաձեռնությանը միացել է՝ մաս կազմելու համար հայրենիքի պաշտպանին օգտակար լինելու գործին:

«Ինքս երեք տղա եմ բանակ ճանապարհել, սահմանամերձ գյուղում եմ ծնվել, ապրել, կրակոցների ձայնին սովոր եմ, գիտեմ զինվորի մայրերի ապրումները: Զինվորների թիկունքին կանգնած ենք, ինչով պետք է, կարող ենք օգնել, զինվորի թիկունքն ուժեղ է: Այստեղ բոլոր կանայք էլ ոգեւորված են կարում, ուրախ են, որ ինչ-որ բանով պետքական են պետությանը»,- ArmLur.am-ին պատմեց Լիլիյա Սեփխանյանը՝ նկատելով, որ ինքը կանանց միանում է երեկոյան, երբ աշխատանքից վերադառնում է:

Ապա նշեց, որ գյուղի կանանց միացել են նաեւ երիտասարդ աղջիկները: Բացի այս, մեր զրուցակցից տեղեկացանք, որ քնապարկեր կարողների մեջ մայրեր կան, որոնց տղաները այս պահին ռազմաճակատում են:

Ի տարբերություն թշնամու մայրերի, որոնք ամեն կերպ իրենց որդիներին հեռու են պահում մարտերից, հայ մայրերը ոչ միայն պատրաստակամ ճանապարհում են իրենց որդիներին սահման, այլեւ մայրական հոգատարությամբ մտածում են նրանց կենցաղային հոգսերի եւ կարիքների մասին:

Հաղթելու ենք

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՓՈՐՁԵԼ ԵՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՄԱՐ ՍՏԱՆԱԼ

Տավուշի մարզի ընդhանուր իրավասության առաջին ատյանի դատարանում  ընթանում է Հովհաննես Հովհաննիսյանի եւ Մխիթար Մելիքսեթյանի դատավարությունը։ Հ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը  22:00-ի սահմաններում՝ իր կողմից վարվող «Նիսսան Սուննի» մակնիշի ավտեմքենայով Իջեւան քաղաքից Գանձաքար գյուղի ուղղությամբ ընթանալու ժամանակ, Իջեւան քաղաքի Մեհրաբյան փողոցում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ընկել կողասահքի մեջ եւ ենթարկվել վթարի՝ բախվելով ճանապարհաեզրին տեղադրված արգելապատնեշին, ինչի հետեւանքով ավտոմեքենան վնասվել է: Վնասված ավտոմեքենայի համար «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությունից փոխհատուցում ստանալու համար նա խնդրել է Մխիթար Մելիքսեթյանին իր մեքենայով օժանդակել կեղծ ավտովթար կազմակերպելու եւ խաբեության եղանակով ապահովագրական ընկերությունից խոշոր չափերի գումար հափշտակելու հարցում։ Մ. Մելիքսեթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տեղյակ լինելով Հովհաննես Հովհաննիսյանի կողմից  2019թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը  22:00-ի սահմաններում, նրա  կողմից վարվող «Նիսսան Սուննի» մակնիշի ավտոմեքենայով վթարվելու մասին, 2019թ. հոկտեմբերի 13-ին  իր «ՈՒԱԶ» մակնիշի տրանսպորտային միջոցով փորձել է օժանդակել նրան՝ կեղծ ավտովթար կազմակերպելու եւ խաբեության միջոցով «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությունից խոշոր չափերի գումար հափշտակելու հարցում։ Հովհաննես Հովհաննիսյանին եւ Մխիթար Մելիքսեթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Խոշոր չափերով խարդախության հանցափորձը»)։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ԿԽՆԱՅԻ ՀԻՆԳ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ

Նոյեմբերյան համայնքում ընթանում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ իրականացվող հզորացման ծրագրով արեւային էլեկտրակայանների համակարգի կառուցման աշխատանքները:

Նոյեմբերյանի համայնքապետարանից հայտնեցին, որ ծրագրի այս փուլում համայնքապետարանի ենթակայության հինգ օբյեկտների տարածքներում եւ տանիքների վրա տեղադրվելու են ընդհանուր առմամբ 100 կվտ դրվածքային հզորության ֆոտովոլտային (արեւային) կայաններ:

Ծրագրի այս փուլի հաջող ավարտից հետո Նոյեմբերյան խոշորացված համայնքի բյուջեն տարեկան կունենա շուրջ հինգ միլիոն դրամի խնայողություն, որը կուղղվի համայնքային  կարեւոր  խնդիրների լուծմանը:

 

 

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԱԽԿԻՆ ԱՆԴԱՄԸ՝ ԸՆԴԴԵՄ ԻՋԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

2019թ.  սեպետեբերի 20-ին  Իջեւան համայնքի ավագանու նախկին անդամ  Վալերի Մելիքբեկյանը  Իջեւան քաղաքի կենտրոնում գտնվող իր  հողամասում համայնքապետարանի կողմից  հանրային այգի կառուցապատելու հետեւանքով իր խախտված իրավունքը վերականգնելու պահանջով քաղաքացիական հայցով  դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան։ Հայցվորը   հայտնել է, որ  իրեն պատկանող հողամասում՝  Իջեւան քաղաքի Անկախության փողոցի 13/41 հասցեում  սալիկապատում, մայթեզրերի բետոնալցում եւ այլ աշխատանքներ են կատարվել, եւ դատարան պահանջ է  ներկայացրել դրանք  քանդելու եւ տարածքը նախկին  տեսքի բերելու  պահանջով։ Նա  2019թ. այդ  աշխատանքների մասին հաղորդում է  ներկայացրել  ոստիկանության Իջեւանի  բաժին, այդ փաստի առթիվ քրեական գործ  է  հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով, ներկայումս այդ գործով նախաքննություննը շարունակվում է։ Վ. Մելիքբեկյանը Տավուշի  մարզի առաջին ատյանի  դատարան միջնորդություն է ներկայացրել՝  հայտնելով, որ ՀՀ վարչական դատարանում, քննվում է  իր հայցով  վարչական գործ Իջեւան համայնքի ավագանու՝ Իջեւան համայնքի Գանինի  փողոցում զբոսայգին վերակառուցելու եւ գումար հատկացնելու մասին համայնքի ավագանու՝ 2019թ. ապրիլի 10-ի որոշումը, Իջեւան համայնքի ղեկավարի՝ 2019թ. մայիսի 2-ին եւ 2019թ. հուլիսի 23-ին տրամադրած շինարարական թույլտվությունները անվավեր ճանաչելու պահանջներով։ Վ. Մելիքբեկյանը հայտնել է, որ վիճարկվող վարչական ակտերի հիմքով  է Իջեւանի քաղաքապետարանը Վ. Մելիքբեկյանի հողամասում իրականացրել շինարարական աշխատանքներ, ուստի դրանց իրավաչափության հարցը լուծելիս անհրաժեշտ է  ստուգել շինարարության հիմք հանդիսացող փաստաթղթերի իրավաչափությունը, ինչի պայմաններում ընդհանուր իրավասության դատարանը կարող է  եզրահանգումներ անել իրականացված շինարարական աշխատանքների՝ հայցվորի իրավունքներին միջամտելու վերաբերյալ։ Վ. Մելիքբեկյանը Տավուշի մարզի առաջին ատյանի  դատարանին  խնդրել է կասեցնել գործի վարույթը  մինչեւ վարչական գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ 2020թ. սեպտեմբերի 22-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Կուրեխյանը որոշել է հայցվորի միջնորդությունը բավարարել, քաղաքացիական գործի վարույթը կասեցնել մինչեւ վարչական գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս