ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերագույն հոգեւոր խորհուրդը՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հանդես է եկել հայտարարությամբ.

«Արցախի Հանրապետությունը արդեն մեկ ամիս դիմակայում է Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ հարձակմանը, որին բացահայտ իր մասնակցությունն է բերում Թուրքիան՝ ներգրավելով ինչպես միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկան գրոհայինների, այնպես էլ թուրքական բանակի հատուկ ջոկատայինների եւ մատակարարելով գերժամանակակից մեծաքանակ զենքեր: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, այս ընթացքում կիրառելով իր ողջ զինանոցը, այդ թվում եւ՝ միջազգայնորեն արգելված զինատեսակները, թիրախավորում է Արցախի բնակավայրերը, նաեւ խնամատարական, կրթական, մշակութային եւ պաշտամունքային նշանակության բազմաթիվ շինություններ՝ ընդհուպ Ստեփանակերտի ծննդատունը, ինչն աննախադեպ վարքագիծ է անգամ ահաբեկչական խմբավորումների վարքագծի տեսանկյունից: Հայրենիքի պաշտպանության սրբազան պայքարում ունենք հարյուրավոր վիրավոր եւ նահատակ զինվորականներ, բնակավայրերի հրետակոծության հետեւանքով կան բազում վիրավորվածներ եւ զոհեր խաղաղ բնակչության մեջ։

Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված այս ոճրագործությունների համար Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը, ինչպես նաեւ այդ ոճրագործություններին աջակցող եւ անմիջական մասնակից ռազմաքաղաքական մյուս գործիչները պետք է կանգնեն միջազգային դատական ատյանների առջեւ եւ պատասխանատվության ենթարկվեն իբրեւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կազմակերպիչներ։

Գերագույն հոգեւոր խորհուրդը կոչ է անում միջազգային հանրությանը, ի մասնավորի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, հավատարիմ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման սկզբունքներին, առավել գործնական, ազդեցիկ ու վճռական միջոցներ գործադրել արյունահեղության կասեցման, տարածաշրջանում խաղաղության վերահաստատման եւ արցախահայության ինքնորոշման եւ պարզապես մարդկանց կյանքի, ապրելու իրավունքի իրացման համար:

Արցախի հարցը ռազմական ճանապարհով վճռելու, արցախահայությանը բնաջնջելու Ադրբեջանի քաղաքականությունը վերստին փաստում է այն իրողությունը, որ Արցախի համար չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում։

Գերագույն հոգեւոր խորհուրդը բարձրորեն գնահատում է Մինսկի խմբի համանախագահող երկրների հետեւողական ջանքերը՝ ուղղված մարդասիրական հրադադարի հաստատմանը եւ պահպանությանը, որը, երրորդ անգամը լինելով, բացահայտ խախտվում է Ադրբեջանի կողմից:

Լիահույս ենք, որ Մինսկի խմբի համանախագահողների կողմից կգտնվեն արցախյան հակամարտության հանգուցալուծման ուղիներ, եւ մարդկային անմեղ կյանքերը չեն զոհաբերվի սոսկ աշխարհաքաղաքական շահերին: Այսօր Արցախը կարիք ունի համայն աշխարհի հումանիտար աջակցության։ Աղոթում ենք, որ Տերը օրհնի Հայաստան եւ Արցախ մեր հայրենի երկիրը, ամենազոր իր Սուրբ Աջի հովանու ներքո հույսով ու հավատքով զորավոր ու միասնական պահի մեր ժողովրդին եւ զորացնի բազուկը հայրենյաց մեր քաջարի պաշտպանների։

Թող Ամենողորմ Աստված խաղաղության մեջ պահի համայն աշխարհը՝ զերծ պատերազմի արհավիրքներից, ցավերից ու վշտերից»։

Ն.Պ.

 

 

 

ՄԵԿ ՕՐՈՒՄ՝ 29 ՄԱՀ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 383-ով՝ հասնելով 85 հազար 34-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 29 դեպք: Երեկ՝ ժամը 11-ի սահմաններում, կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 749-ով եւ հասել 53 հազար 257-ի: Իրականացվել է 5 հազար 27 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 392 հազար 660-ի: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1272-ի, եւս 354 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներից:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 30 հազար 151 մարդ: Նկատենք, որ մարտ ամսից մինչեւ հիմա մեկ օրում արձանագրված մահերի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է անցած մեկ օրում, երբ մահացել էր 29 մարդ: Վերջին օրերի վարակվածության բարձր ցուցանիշն է պատճառը, որ ոստիկանությունը հոկտեմբերի 23-ից այս ուղղությամբ անցել է ուժեղացված ծառայության ռեժիմի: Իրականացվում են վերահսկողության գործառույթներ, եւ ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում հետեւել կանոններին եւ ըմբռնումով մոտենալ այսպիսի գործողությունների անհրաժեշտությանը:

 

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵՏԵՐԸ

Արցախի պաշտպանության բանակը ներկայացրել է Ադրբեջանի քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը: Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը՝

ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա, ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ, ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ, ՊՆ մարտական կառավարման կենտրոն, ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ, ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա, Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան եւ հրետանու սպառազինության վերանորոգման գործարան:

Ադրբեջանի Բարդա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը՝

1-ին ԲԿ շտաբ, Վերանորոգման գումարտակ, Կապի առանձին գումարտակ, Զենիթահրթիռային դիվիզիոն, Տանկային բրիգադ, Հակատանկային դիվիզիոն:

 

 

ԳՈՐԾԱՐՔԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՓԱԿՎԵՑ

2020 թվականի հոկտեմբերի 29-ին հաջողությամբ փակվեց «ԹԻՄ» ՍՊԸ- ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100% բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը։ Շուրջ կես տարի տեւած լարված աշխատանքի շնորհիվ՝ կողմերին հաջողվեց այս բարդ ժամանակահատվածում կնքել գործարքը։ Ինչպես նշեց Հայկ Եսայանը գործարքի կնքումից անմիջապես հետո. «Մենք «Թիմ» ՍՊԸ-ում մեր անձնական պատասխանատվություն ենք զգում օգնելու մեր երկրին այս դժվարին ժամանակահատվածում: «Թիմ» ՍՊԸ եւ «ՎԵՈՆ Արմենիա» Փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցներից կազմավորված մեր նոր եւ մեծ ընտանիքում յուրաքանչյուր աշխատակից, համոզված եմ, ջանք չի խնայի աշխատելու եւ ստեղծելու հայկական տեխնոլոգիական հրաշք՝ ի նպաստ հայրենիքի»։

 

 

ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ

Հաշվի առնելով պատերազմական իրավիճակով պայմանավորված խնդիրները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ, համագործակցելով ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի եւ Մանկական եւ կրթության հոգեբանների ասոցիացիայի հետ, հանրակրթական դպրոցների մանկավարժների ու հոգեբանների եւ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետների համար իրականացնում է վերապատրաստման դասընթացներ: «Պատերազմական իրավիճակում հոգետրավմա ապրող երեխաներին մանկավարժական աջակցության ցուցաբերման ձեւերը» թեմայով հեռավար դասընթացները մեկնարկում են նոյեմբերի 1-ից: Դասընթացին կմասնակցեն հանրապետության դպրոցների 2-ական մանկավարժներ: Մասնակիցներին կներկայացնեն դպրոցները եւ ՏՄԱԿ-ները մարզպետարանների կամ Երեւանի քաղաքապետարանի միջոցով, որոնց արդեն ուղարկվել են համապատասխան շրջաբերականներ:Վերապատրաստման ծրագրի շրջանակում մանկավարժները ձեռք կբերեն հետեւյալ գիտելիքները եւ կարողությունները՝ պատկերացում հոգետրավմայի մասին, հոգետրավմային տրվող տարիքային արձագանքները, հոգետրավմայի ազդեցության ոլորտները երեխայի կյանքում, մանկավարժների եւ ուսուցիչների արձագանքը հոգետրավմա ապրող երեխայի հանդեպ, մանկավարժական աջակցման ձեւերը հոգետրավմա ապրած երեխային։ Պատերազմական իրավիճակը խաթարում է երեխայի կենսագործունեության միանգամից մի քանի ոլորտ եւ ամենածանր հետեւանքները կարող է թողնել նրա զարգացման վրա։ Տրավմատիզացիայի հաղթահարման լավագույն ուղիներից մեկը երեխաներին կրթության ոլորտում ներառելն ու նրանց առօրյան վերականգնելն է։

 

 

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ՝ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Ֆրանսիայի Նիս քաղաքի կենտրոնում՝ Նոտր Դամի մոտակայքում, դանակով զինված մարդը հարձակվել է այնտեղ գտնվողների վրա, կա երեք զոհ. այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։ «Ռոյթերս»-ը տեղեկացնում է, որ մի կնոջ գլխատել են։ Հարձակումն արդեն գնահատվում է որպես ահաբեկչություն։ Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հայտնել է, որ հարձակում գործած անձը ձերբակալվել է: Ներքին գործերի նախարարը հայտնել է, որ տեղի ունեցածի կապակցությամբ ճգնաժամային շտաբ է ստեղծվել: Նախագահ Էմանուել Մակրոնն ու վարչապետ Ժան Կաստեկսը եւս շտապել են դեպքի վայր: Հարձակման հետաքննությանը միացել է դատախազության ահաբեկչության հարցերով վարչությունը: Պատահարը տեղի է ունեցել Ֆրանսիայի ժամանակով ատավոտյան 9-ին: Զոհերից բացի, կան նաեւ վիրավորներ: Հարձակում գործածը եւս վիրավոր է:




Լրահոս