Առաջարկում եմ մշակութային ագրեսիա. մտավորականները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանի մտավորականները կազմակերպել են «Ներկա իրավիճակում մտավորականի դերը» խորագրով հավաք, որի ժամանակ բարձրաձայնել են երկրի ներկա իրավիճակի հետ կապված իրենց մտահոգող հարցերը:

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլայանը լավատեսորեն ընդգծում է, որ մեր ազգը հարություն կառնի եւ կորցրած հողերը հետ կվերադարձնի:

«Ես լավատես եմ, մենք հարություն կառնենք եւ հողերը կվերադարձնենք: Այս մասին ես ունեմ կոնկրետ երկու առաջարկ: Ես միշտ խոսում եմ թուրքամետ մշակույթի դեմ, եւ ես դարձել եմ թշնամի իմ սեփական ժողովրդին: Սա փաստ է: Ես նաեւ մտել եմ սեւ ցուցակների մեջ: Մենք պետք է բարձրացնենք մշակույթի գործչի վարկանիշը: Այն պետք է թելադրողի լինի, այլ ոչ թե լինի շատ ցածր եւ չկարողանա պայքարել թուրքամետ մշակույթի դեմ: Քանի որ մեր Սյունիքը վտանգված է, ես առաջարկում եմ մշակութային ագրեսիա: Առաջարկում եմ ինչ-որ հետաքրքիր ֆեստիվալի հիմք ունենանք եւ այսօրվանից այնտեղ խոսվի այդ փառատոնի մասին: Թող սկսվի հենց հունվարից: Երկրորդ առաջարկը. մենք ունենք մեծ բանակ, ռաբիս ենք ասում, եկեք ասենք թուրքամետ երաժշտության երաժիշտների մեծ բանակ: Մարդիկ մեղավոր չեն, ծառայում են պահանջարկին: Եկեք մշակույթի գործիչներով, ստեղծենք մաստեր կլասի խմբակներ, որտեղ մեր ուրախացնող ռաբիսները վերապրոֆիլացման դասեր կանցնեն հայ ազգային երգի: Հայ ազգային երգը բացարձակ լացակումած չի: Ինչու պետք է խեղճանանք պայքարել մի բանի դեմ, որն ապազգային է, խանգարում է մեր մշակույթին»,-շեշտեց նա:

Իսկ ահա, ռեժիսոր Լեւոն Իվանյանի խոսքով՝ 100 տարի պետություն, անկախություն չենք ունեցել. «Մենք այդպես էլ անտեր մնացինք, մեզնով զբաղվում են բոլորը, բացի մեզանից: Մենք չունենք այդ մարդը, մի Նժդեհ կար, էն էլ զզվեց, թողեց գնաց: Դրանից հետո էլի Հայաստանով զբաղվում են մարդիկ, որոնցից ոչ մեկը հայրենանպաստ գործունեություն չի վարում: Մենք 100 տարվա մեջ չկարողացանք միջազգային միակ իրավունքին՝ Սեւրի իրավարար վճռին, տեր կանգնել: Անտեր թողել ենք, որովհետեւ տեր չունենք, որովհետեւ անտեր երկիր ենք: Անտերն այն է, որ չես կարող որոշում կայացնել ու դրանով զբաղվել, քեզ ո՞վ է թողնելու: Ռուսաստանը չի թողնելու, Թուրքիան չի թողնելու: Հիմա ումի՞ց ենք բան պահանջում: Հիմա Հայաստան էլ չունենք: Արցախը մեր ձեռքից տարան, հիմա Զանգեզուրն են տանելու: Ո՞վ է տեր կանգնելու, սրա՞նք, իհարկե ոչ: Սրանք երեւի մնում են, որ Զանգեզուրն էլ տան: Ամենահավանականն այն է, որ այս երկիրը բաժանվելու է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ»,-ընդգծեց Իվանյանը:

Իսկ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանի փոխանցմամբ՝ ստեղծված իրավիճակում կարող են միայն մեկ բան պահանջել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Այն մարդու, որը ազգային դավաճանության, հայրենազրկման պատճառն է: Մեկ մարդու վրա միգուցե չի կարելի բարդել, բայց այդ մարդը վերցրել է պատասխանատվություն, եւ պետք է գիտակցեր դրա չափը: Չի արել դա, եւ բնականաբար, պետք է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,-հավելեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս