Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարները բավականին նվազել են: Համենայդնեպս, այդ մասին են խոսում պաշտոնական տվյալները: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարները զգալի պակասել են:
Օրինակ, այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր հանրապետությունում արձանագրվել է 3191 ՃՏՊ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3893-ի դիմաց: Այս տարի ՃՏՊ հետեւանքով զոհվել է 257, վիրավորվել՝ 4651 մարդ: Իսկ ահա նախորդ տարի ՃՏՊ հետեւանքով վիրավորվել է 5581, զոհվել՝ 276 մարդ: Ի դեպ, տեղեկացնենք, որ միայն հոկտեմբեր ամսին Հայաստանում արձանագրվել է 336 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել 40, իսկ վիրավորվել՝ 448 մարդ:
Երեկ խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանից հետաքրքրվեց բալային համակարգի ներդրումից հետո ինչ վիճակագրություն է առկա, արդյոք նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները, թե ոչ:
Փոխոստիկանապետը պատգամավորի հարցին թվերով պատասխանեց եւ արձանագրեց՝ բալային համակարգի ներդրումն արդյունավետ է: Նրա խոսքով, այս տարվա ինն ամիսների ընթացքում արագաչափ սարքերով եւ տեսախցիկներով արձանագրվել է 985 հազար իրավախախտում, մինչդեռ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համար այն եղել է ավելի քան մեկ մլն: Իսկ պատահարների թիվը հունվար-սեպտեմբեր ամիսներին եղել է 2855, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում`3443:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.