ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որպես հիմք պետք է ընդունվի 1945 թվականի քարտեզը. 90-ականներից հետո սահմանազատում չի կատարվել. Ամատունի Վիրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությամբ նոյեմբերի 9-ից մեկնարկել էին սահմանազատման աշխատանքներ: Դրանք նախ իրականացվեցին Գեղարքունիքի մարզում, այժմ էլ հերթը Սյունիքինն է, որն էլ առաջացրել է սյունեցիների դժգոհությունը: Առաջին հերթին խոսքը նաեւ քարտեզների մասին է. ի վերջո որ թվականի քարտեզով պետք է իրականացվի սահմանազատումը, արդյոք Հայաստանն ունի բոլոր քարտեզները:

Նշենք՝ դեռ հունվարին նոր ստեղծվելու է «Սահմանազատման միջգերատեսչական» հանձնաժողով, իսկ մինչ այդ արդեն լուծարված Գեոդեզիայի և քարտեզագրման ՊՈԱԿ-ի գիտնականները և մասնագետները դեռևս չեն ստացել համագործակցության աշխատանք: Հանրությանը շարունակում է հուզել՝ որտե՞ղ են գծվում երկրի նոր սահմանները, և ովքե՞ր են իրականացնում Հայաստան-Արցախի Հանրապետություն-Ադրբեջան սահմանազատման աշխատանքները:

Այս հարցերի պատասխանները ստանալու նպատակով ArmLur.am-ը զրուցել է Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հետ:

«Բնականաբար 1929 թվականի քարտեզներ կան, սակայն նրանց ճշգրտությունն իրականությանը չի համապատասխանում, քանի որ սահմանազատում չի եղել: Ուղղակի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները որոշվել են լեռնագագաթից լեռնագագաթ: Վերջնական ճշգրիտ քարտեզները, որոնք կան, դա 1944-1945թթ. Գլխավոր շտաբի քարտեզներն են, որոնք Հայաստանում կան եւ կարող են օգտագործվել, սակայն դրանց մասշտաբները մեծ չեն: Առանձին հատվածների վերաբերյալ 1980-ական թվականներին կատարվել է սահմանազատում, բայց կրկնում եմ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի այն հատվածների վերաբերյալ, որոնք եղել են վիճելի: Այդ քարտեզները գտնված են, լուսանկարված, պատճենված են տրամադրվել են Պաշտպանության, արտաքին գործերի նախարարություններին եւ այլ պատկան մարմիններին: Իսկ վերջերս էլ, երբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողովը, որը գործելու է ԱԳՆ իրավասության ներքո, մենք այդ բոլոր նյութերը տրամադրել ենք, բայց, ցավոք սրտի, սահմանազատման աշխատանքներն իրականացվել են 1984-88թթ., հունվարի  12-ը, հետո ստորագրվել է համապատասխան արձանագրությունը, համապատասխան քարտեզներով: Խնդիրն այն է, որ այդ սահմանազատումն իրականացվել  է միայն այն հատվածներում, որոնք եղել են վիճելի: Այդ հատվածները եղել են Նոյեմբերյանի շրջանում, Իջեւանի շրջանում, Վարդենիսի, Կապանի շրջանում, բայց ոչ ամբողջ Հայաստան-Ադրբեջան սահմաններով», – նշում է նա:

Վիրաբյանն ընդգծում է՝ այսօր պետք է հիմք ընդունենք 1988 թվականի սահմաններով սահմանազատումը, մնացած մասի համար էլ 1944-1945 թվականի քարտեզները, որոնք կան, բայց իրենց սահմաններով այնքան էլ մեծ չեն: «Այդ քարտեզները հիմք ընդունելով՝ աշխատանքները պետք է իրականացվեն տեղում: 1929 թվականի քարտեզը, քանի որ սահմանազատում չի իրականացվել, օրինակ  Արծվաշենը միացված էր Հայաստանին եւ այլ խնդիրներ եւս կային: Իհարկե, այդ քարտեզները կան, բայց դրանց ճշգրտությունը լիակատար չէ, եւ մենք չենք կարող դա որպես հիմք ընդունել: Այնտեղ սահմանները գծված էին լեռնագագաթից լեռնագագաթ, բայց այն անցնում է ձորերով, հողամասերով եւ այլն, բայց այդ քարտեզը չի կարող սահմանազատման համար հիմք ծառայել: Վերջնական որոշումը պետք է լինի սահմանին, ինչպես կատարվում է ամբողջ աշխարհով. երկու կողմից անցնում են, որոշում են՝ այս մասը սրանն է, մի մասը նրանը, մեկը մյուսին զիջելով, սահմանազատում են իրականացնում», – նշում է նա:

Արխիվի նախկին տնօրենը նկատում է՝ 88 թվականից հետո սահմանզատման աշխատանքներ չեն իրականացվել եւ դրան օբյեկտիվ պատճառներ են եղել: «Այն հատվածները, որոնք ընդգրկված չեն 88-ին ստորագրված արձանագրության, պետք է հիմք ընդունվեն 44-45թթ. ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի քարտեզները: Սկսվեց Ղարաբաղյան շարժումը եւ այդպիսի աշխատանքներ չեն իրականացվել մինչեւ այսօր: Սկսվեց պատերազմ, դրա ընթացքում այդպիսի հարցեր չէին լուծվում, հետո 94 թվականին հրադադար հաստատվեց, դրան չէին անդրադարձել եւ դե ֆակտո ընդունել էին այն, ինչ կար», – հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս