ԱՆԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը, նախօրեին  հանդիպելով Ֆրանսիայի ձեռնարկությունների միության ներկայացուցիչների  հետ, ասել է. «Պետությունների հարաբերություններն ամբողջական չեն, եթե չունեն տնտեսական բաղկացուցիչներ»: Սա, իհարկե, անվիճելի ճշմարտություն է, որը, սակայն, Հայաստանի դեպքում շատ տխուր պատկեր է բացահայտում: Եթե դիտարկենք տարբեր երկրների հետ Հայաստանի տնտեսական համագործակցության մակարդակը, կստացվի, որ բացի Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանը, մեծ հաշվով, ամբողջական հարաբերություններ չունի  որեւէ այլ երկրի հետ: Այդ հարաբերությունները կիսաամբողջական կարելի է համարել Ֆրանսիայի եւ Չինաստանի հետ, սակայն այստեղ էլ տնտեսական բաղկացուցիչն առավելապես սպասարկում է հակառակ կողմի շահերը: Մնացած դեպքերում` թե՛ տարածաշրջանի եւ, առավել եւս, թե՛ Հարավային Կովկասի կտրվածքով Հայաստանը, փաստորեն, ամբողջական հարաբերություններ չունի ոչ մեկի հետ: Իհարկե, իշխանությունները միշտ էլ կարող են երկկողմ հարաբերություններում տնտեսական բաղկացուցիչի բացակայությունը հիմնավորել Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությամբ եւ փակ սահմաններով: Դրանք, իհարկե, օբյեկտիվ ու լուրջ խոչընդոտներ են, որոնք սակայն, տեսանելի ապագայում դժվար թե վերանան: Հետեւաբար, Հայաստանը խնդիր ունի փակ ճանապարհներին եւ բարձր ռիսկայնությանը հակադրել բիզնեսի զարգացման համար ձեւավորված աննախադեպ նպաստավոր պայմանները, որպեսզի մեր երկիրը գայթակղիչ դառնա գոնե այնպիսի ոլորտների ներդրումների համար, որոնց վրա նվազագույն ազդեցություն ունեն կոմունիկացիաները: Մինչդեռ  իրականության մեջ մենք տեսնում ենք ճիշտ հակառակը. իշխանությունները, բացի միլիոնավոր դոլարներով վարկեր վերցնելուց, ոչինչ չեն անում Հայաստանի տնտեսական միջավայրի բարելավման ուղղությամբ: Եւ ակնհայտ է, որ մեր երկրում տիրող համատարած կոռուպցիայի, տնտեսության մոնոպոլիզացիայի, անկատար օրենսդրության եւ հարկային մարմինների ամենաթողության պայմաններում որեւէ երկիր չի  փորձի Հայաստանում «տնտեսական բաղկացուցիչներ» փնտրել, եթե դրա համար չունենա առավել լուրջ քաղաքական դրդապատճառներ: Դրա  ամենացայտուն օրինակը Ռուսաստանն է, որն այդպես էլ ոչ մի քայլ չի ձեռնարկում վերագործարկելու համար «Գույք պարտքի դիմաց» ծրագրով ձեռք բերած արտադրական հզորությունները, բայց միեւնույն ժամանակ ձգտում է էլ ավելի շատ օբյեկտներ ձեռք բերել` մեծացնելով Հայաստանի տնտեսական կախվածությունը: Արդյունքում Հայաստանի տնտեսությունը ոչ միայն չի շահում Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների տնտեսական բաղկացուցիչից, այլեւ դառնում է դրա գերին:




Լրահոս