Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ կամ նախագահ դառնալու լուրը դատական համակարգում տհաճ խոսակցությունների պատճառ է դարձել: Տարբեր դատարանների դատավորներ հավաքվել եւ քննարկել են այն հարցը, թե ինչու է Գագիկ Ջհանգիրյանը խնդիր դրել իր առջեւ մտնել ԲԴԽ, եւ ինչպես է իշխանությունը նրան հանձնարարել ԲԴԽ-ին իր բուռը հավաքել ու «լուծել վնգստացողների» հարցը։
«Ժողովուրդ» օրաթերթին դատավորների հավաքից ու խոսակցությունից մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ «վնգստացողների» հարցերը լուծելու համար իշխանությունները որոշել են նաեւ օրենքը շրջանցել։ Մասնավորապես, դատավորները առաջ են քաշել Ջհանգիրյանի տարիքի հարցը: Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի 9-րդ կետը, որը նկարագրում է ԲԴԽ անդամներին ներկայացվող պահանջները, հաստատում է, որ Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի օրենքով դատավոր նշանակվելու համար սահմանված որեւէ սահմանափակում: Նույն օրենսգրքի 97-րդ հոդվածը, որը սահմանում է դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող պահանջները, հենց 1-ին կետով նշում է, որ դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 25-60 տարեկան, ընտրական իրավունք ունեցող անձինք: Իսկ, ահա, Գագիկ Ջհանգիրյանը ծնվել է 1955 թվականին եւ 66 տարեկան է, այսինքն՝ 6 տարի մեծ է պահանջվող տարիքային շեմից։ Ստացվում է, որ Գագիկ Ջհանգիրյանը դատավոր չէ, իսկ ԲԴԽ անդամի կարգավիճակը հավասարեցված է դատավորի կարգավիճակին, սակայն, փաստորեն, նա դատավոր էլ չի կարող ընտրվել տարիքային սահմանափակման պատճառով: Ուստի ելքը մնում է այն, որ ԱԺ-ն՝ իր գրպանային մեծամասնությամբ, Ջհանգիրյանի համար օրենք պիտի փոխի։ Սա դատավորները համարել են անթույլատրելի եւ նախկիններից չտարբերվող քայլ, ուստի որոշել են սպասել՝ հասկանալու համար, թե ինչ քայլերի կգնան քաղաքական իշխանությունները հանուն Գագիկ Ջհանգիրյանի: Դատավորներից շատերն էլ նաեւ հիշել են Մատաղիսի հայտնի գործը եւ նշել, թե ինչպես է նախկին զինդատախազը դատավորներին իր բուռը հավաքելու, երբ դատավորները շատ լավ գիտեն նրա «կարած» գործերի մասին: Ինչեւէ, հավաքի վերջում դատավորները կարծիք են հայտնել, որ ո՛չ Գագիկ Հարությունյանին, ո՛չ Ռուբեն Վարդազարյանին չի հաջողվել իրենց «կանոններ թելադրել կամ բուռը հավաքել», ուստի Գագիկ Ջհանգիրյանը թող այդ «հովերով» չգա, քանի որ դա նրան եւս չի հաջողվի: Հավելենք, որ այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները խորհրդարանում կհանդիպեն Ջհանգիրյանին եւ կքննարկեն նրա թեկնածության հարցը:
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի մշտական նիստում կքննարկվի «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծերի փաթեթը: 2019-ի հակակոռուպցիոն ռազմավարությամբ որոշվել էր, որ պետք է ստեղծվի հակակառուպցիոն մեկ մարմին, որի ստեղծմամբ էլ մյուս բոլոր մարմիններում՝ Ազգային անվտանգության ծառայությունում, Հատուկ քննչական ծառայությունում, Քննչական կոմիտեում եւ Պետեկամուտների կոմիտեում, պետք է կրճատվեն կոռուպցիոն հանցագործություններ քննող հաստիքները եւ փոխանցվեն Հակակոռուպցիոն կոմիտեին: Իսկ այժմ մի քանի հետաքրքիր փաստ ներկայացնենք նախագծից. կենտրոնի աշխատակիցների քանակը լինելու է մոտ 150, այդ թվում՝ առնվանզ 30 քննիչ ու 60 օպերլիազոր։ Հակակոռուպցիոն կենտրոնի ստեղծման համար կառավարությունը երեկ 8 միլիարդ 203 միլիոն դրամ հատկացրեց, որը նախատեսված է ծախսել 2021-2023 թվականներին, եւ որից մոտ 5,1 միլիարդը՝ աշխատավարձի, կոմունալ եւ գրասենյակային ծախսերի, ավելի քան 5 միլիարդը՝ շենքային պայմանների, 285,5 միլիոնը՝ տեխնիկական հագեցվածության, իսկ 192 միլիոն դրամն էլ՝ տրանսպորտային հագեցվածության համար։ Կոմիտեի աշխատակիցների աշխատավարձն էլ մոտավոր կկազմի 650 հազար՝ առանց հարկերի, կոմիտեի նախագահինը՝ 700 հազարի չափ: Համեմատության համար նշենք, որ այսօր ԱԱԾ-ում հակառուպցիոն գործերով զբաղվող քննիչը ստանում է 300 հազարից պակաս աշխատավարձ՝ հարկերը հանած, այսինքն՝ ստեղծվելու է քննիչների մեջ անհավասար մրցակցային միջավայր։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նորաստեղծ քննչական մարմինը կղեկավարի 28-ամյա Արգիշտի Քյարամյանը, ով անակնկալ ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից եւ այժմ Քննչական կոմիտեի փոխնախագահն է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում «Յուքոմ» ընկերությունում լուրջ կրճատումներ են սպասվում: Ըստ մեր տեղեկությունների՝ տնօրինությունը աշխատակիցներին ասել է, որ պետք է կրճատումներ իրականացվեն, որպեսզի այդ աշխատավարձերից կուտակած գումարներով ներդրումներ իրականացվեն ընկերությունում։ Այսինքն՝ «Յուքոմը» ներդրումներ է անում աշխատակիցների հաշվին։ Շատ աշխատակիցներ տարեվերջին ու տարեսկզբին հայտնվել են անելանելի վիճակում, անակնկալ ձեւով տեղեկացել են, որ առաջիկայում զրկվելու են աշխատանքից: Ինչո՞ւ են սեփականատերերը նման զավեշտալի որոշում կայացրել։ Երեկ՝ ողջ օրվա ընթացում, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկատվության շուրջ զրուցել «Յուքոմ» ընկերության պատասխանատու աշխատակիցների հետ: Մեզ ընկերության ընդհանուր գրասենյակից հեռախոսահամար փոխանցեցին ու հայտարարեցին, թե իրենք են միայն պատասխանատու մեր հարցերին պատասխանել, սակայն ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին ոչ ոք չպատասխանեց: Այնպիսի տպավորություն էր, թե «Յուքոմը» փակ է։
Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը: Օրենքի հիմնավորման մեջ նշվում է, թե ընդունման պարագայում այն հնարավորություն կտա վերացնել 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության, ռազմական դրության եւ սահմանված կարանտինային ռեժիմի բացասական հետեւանքները։ 2020 թվականին հայտարարված արտակարգ դրության, սահմանված կարանտինային ռեժիմի եւ ռազմական դրության հետեւանքով բնակչության մի շարք խմբեր հայտնվել են սոցիալապես խոցելի վիճակում։ Ավելին, հանրային իրավական դրամական պահանջի հիման վրա կատարողական վարույթի հարուցմամբ կիրառվող հարկադրանքի միջոցները լրացուցիչ անհարմարություններ եւ, ի դեմս կատարողական գործողությունների կատարման ծախսի, ֆինանսական նոր ծանրաբեռնվածություն են առաջացնում պարտապանների համար։ Նախագծով առաջարկվում է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված իրավախախտումների համար նշանակված տուգանքի գումարի առնվազն 50 տոկոսը տուգանք նշանակելու մասին որոշումը ստանալուն հաջորդող օրվանից օրենքով սահմանված ժամկետում կամովին վճարելու դեպքում իրավախախտում կատարած անձանց նկատմամբ նշանակված տուգանքի վճարման պարտավորությունը համարել պատշաճ կատարված. օրենքի գործողությունը նշանակված տուգանքի առնվազն 50 տոկոսը սահմանված ժամկետում վճարելու դեպքում տարածել նաեւ մինչ օրենքի ընդունումը կայացված վարչական ակտերի վրա։