ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ Արագածոտնի նախկին մարզպետի, նրա եղբոր՝ նախկին Ազգային ժողովի Հայաստանի հանրապետական կուսակցություն խմբակցության պատգամավորի եւ Կաքավաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից առերեւույթ չարաշահումներ կատարելու, ինչպես նաեւ նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակություն կատարելու վերաբերյալ:

 

Ս.Ս.-ն, կառավարության 2009թ. մայիսի 29-ի որոշմամբ նշանակված լինելով Արագածոտնի մարզպետ եւ հանդիսանալով գործադիր իշխանության ներկայացուցիչ, ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման ծրագրի մասին, որն անցնելու է նաեւ Մ-1 Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով, այդ թվում՝ նաեւ Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով, անտեսելով կառավարության 2009-ի օգոստոսի 6-ի որոշման պահանջները, այն է՝ «Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման նպատակով՝ հանձնարարել ՀՀ համապատասխան մարզպետներին եւ առաջարկել համայնքի ղեկավարներին կասեցնել Մ-1 Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման եւ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում եւ օտարման շերտերում շինարարության իրականացման եւ հողահատկացման գործընթացը», նախնական համաձայնության գալով տվյալ ժամանակ տեղական ինքնակառավարման մարմնում՝ Կաքավաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ս.Մ.-ի եւ եղբոր Ն.Ս.-ի հետ, խաբեությամբ, հողամասի նպատակային նշանակության փոփոխման եղանակով դրա կադաստրային արժեքը արհեստականորեն բարձրացնելու եւ հետագայում նույն հողամասը պետությանը զգալիորեն բարձր գնով վաճառելու նպատակով խեղաթյուրելով Ն.Ս.-ի կողմից դեռեւս 2005թ. Կաքավաձոր համայնքից աճուրդ-վաճառքով 35 հազար 200 ՀՀ դրամով գնված 7800մ2 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի գործառնական նշանակության տեսակը, նպատակ ունենալով նշված հողատարածքն անհամեմատ բարձր գներով վաճառելու ՀՀ-ի անունից հանդես եկող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ին, իր գիտությամբ եւ հովանավորչությամբ թույլատրել է եղբորը՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ն.Ս.-ին, 2009թ. օգոստոսի 6-ից հետո իրականացնել ապօրինի շինարարական աշխատանքներ, նշված գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել ինքնակամ շինություններ, ապա ի պաշտոնե ազդելով համայնքի ղեկավարի վրա՝ դրդել է վերջինիս չարաշահել պաշտոնեական լիազորությունները, մասնավորապես՝ խախտել ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն «Ինքնակամ կառուցների օրինականացման եւ տնօրինման կարգը հաստատելու մասին» որոշման պահանջները, առանց սահմանված կարգով կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագծի, համաձայնեցված իրադրության հատակագծի, 2010 թվականի հունվարի 22-ի համապատասխան որոշմամբ օրինական ճանաչել կառուցված 683,8 քմ մակերեսով ինքնակամ շինությունները, օրինական ճանաչված հասարակական շինության զբաղեցրած 0,78 հա հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել եւ դարձնել հասարակական կառուցապատման, ինչպես նաեւ որոշման մեջ կեղծ տեղեկություններ ներառել այն մասին, որ ինքնակամ կառուցված շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման անվտանգության գոտիներում, որը հիմք է հանդիսացել պետական գրանցման համար:

«Այնուհետեւ շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը, Ս.Ս.-ն եղբորը համասեփականությամբ պատկանող հողատարածքը ներառելով ՀՀ կառավարության 2010թ. մայիսի 27-ի թիվ 931-Ն որոշմամբ սահմանված «Հյուսիս-հարավ միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» օտարման ենթակա տարածքների ցանկում՝ իրական հնարավորություն է ստեղծել այն ձեռք բերված արժեքը զգալիորեն գերազանցող գումարով վաճառելու եւ այդկերպ խարդախությամբ պետական միջոցներից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու մտադրությունն իրագործելու համար, ինչից օգտվելով՝ Ն.Ս.-ն 2013թ. դեկտեմբերի 3-ին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման վերաբերյալ պայմանագիր, որի արդյունքում 35 հազար 200 ՀՀ դրամ աճուրդ-վաճառքով գնված հողատարածքը վաճառվել է 139 միլիոն 923 հազար 733 ՀՀ դրամով՝ այդկերպ խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ 139 միլիոն 888 հազար 533 ՀՀ դրամի չափով գումարը», -հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից:

Ս.Ս.-ին եւ Ն.Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, եւ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Նույն գործի շրջանակներում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու կասկածանքով հարցաքննվել է նաեւ Կաքավաձոր համայնքի ղեկավարը, ով տվել է խոստովանական ցուցմունքներ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում Ն.Ս.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են սեփականության իրավունքի գրանցման բազմաթիվ վկայագրեր:

 

 

ԿԻՆԸ ՁՈՂՈՎ ՍՊԱՆԵԼ Է

Նախօրեին ոստիկանության  Մետրոպոլիտենի պահպանության բաժին հաղորդում է ստացվել, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում տղամարդ կա ընկած՝ գլխին արյան հետքեր։ Անգիտակից տղամարդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Տվյալներ են ձեռք բերվել, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդու եւ 56-ամյա մի կնոջ միջեւ կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել, որի ընթացքում կինը երկաթե ձողով հարվածներ է հասցրել տղամարդու գլխին։ Կասկածվողը հայտնաբերվել է ու բերման է ենթարկվել բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել է նաեւ արնանման հետքերով երկաթե ձողը, որն ուղարկվել է փորձաքննության։ Բուժհաստատությունից հաղորդում է ստացվել, որ տղամարդը մահացել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված կինը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

 

 

ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը համալրվել է գերժամանակակից սարքավորումներով: Տեխնիկական հնարավորություններով առանձնանում է «Tru Narc» անվամբ թմրամիջոցների՝ ձեռքի անալիզատորը: Սարքի միջոցով մաքսային ծառայողը տեղում ընդամենը 90 վայրկյանի ընթացքում կարող է հետազոտել ցանկացած կասկածելի ապրանք կամ նյութ՝ լինի փոշի, հեղուկ  կամ պինդ զանգված: Հատկանշական է, որ շատ դեպքերում սարքի միջոցով հնարավոր է կասկածահարույց նյութը հետազոտել առանց փաթեթը բացելու: Օրինակ, եթե մաքսավորը կասկածելի հեղուկ զանգված է հայտնաբերել պլաստմասե շշում, ապա հետազոտությունը հնարավոր է շարունակել առանց այն բացելու եւ նմուշառության: Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը համալրվել է այլ սարքավորումներով եւս, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցների տարբեր հատվածներում թաքստոցներ հայտնաբերելու խտության չափիչ սարքերով, թմրամիջոցների աէրոզոլային էքսպրես թեստերի հավաքածուներով, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների զննման համար նախատեսված ֆիբրոսկոպներով եւ վիդեոսկոպներով, որոնցով հնարավոր է տեսազննել տրանսպորտային միջոցների դժվար հասանելի հատվածները, այդ թվում՝ վառելիքի տարայի պարունակությունը: Վարչության տեխնիկական բազան համալրված մետաղորսիչ նոր սարքավորումներով էլ հայտնաբերվում են անձնական օգտագործման ապրանքներում թաքցված տարբեր իրեր, այդ թվում՝ զենք-զինամթերք եւ թանկարժեք մետաղներ:

 

 

 

ՈՐԴՈՒՆ ՊԱՏԱՆԴ Է ՊԱՀԵԼ

Հունվարի 27-ին ոստիկանության խմբերն այցելել են Երեւանի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկը հետախուզվող տղամարդուն հայտնաբերելու նպատակով։ Նա, տեսնելով ոստիկաններին, ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ բերման ենթարկվելու դեպքում կվնասի։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, ոստիկանության ԵՔՎ պետ Սեւան Քոչարյանն ու ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ ու ծառայողներ։ Վահե Ղազարյանը մոտ երկու ժամ բանակցել է զինված տղամարդու հետ, ինչի արդյունքում նա վայր է դրել զենքն ու բաց թողել երեխային։ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանքներ կատարելու մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել ոստիկանություն։ Տուժածներ չկան։ Կատարվում է նախաքննություն։

 

 

 

ԿՄՆԱ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ

Դատարանը որոշել է կալանքի տակ թողնել օգոստոսից Հայաստանում կալանավորված Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի Լեւոն Սարգսյանին։ Հիշեցնենք, որ նա մեղադրվում է դեռ 12 տարի առաջ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու եւ հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Խոսքը 2008-ին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման մասին է:

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախօրեին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Նոր Արթիկ համայնքում գյուղապետի որդին կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Մեկնած բաժնի պետ Նասոյանը, Թալինի քննչական բաժնի պետի տեղակալ Քոթանջյանը, ՀԿՀ ավագ փորձագետ Աբրահամյանը, դատաբժիշկ Դալլաքյանը պարզել են, որ նույն օրը 23-ամյա Գերասիմ Ներսիսյանը Նոր Արթիկի 5-րդ փողոցի «Վինթեր» ՍՊԸ գազալցակայանում ինքնասպանություն է գործել: Վերջինս իրենց տան կից անասնագոմի երկաթյա հենասյունից հակի թելով կախվել է: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

 




Լրահոս