ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԱԾ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ղարաբաղում կարգավորման հարցը պետք է քննարկվի նաեւ Թուրքիայի հետ, այդպիսին են տարածաշրջանի իրողությունները»,- հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը: «Թուրքիան մեր հարեւանն է, շատ կարեւոր գործընկերը եւ շատ մոտ երկիր Ադրբեջանի համար: Այս գործոնը չի կարելի անտեսել»,- ասել է նա՝  պատասխանելով ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի դերի մասին հարցին:

 

Նրա խոսքով` Մոսկվան եւ Անկարան արդյունավետ երկխոսություն են կառուցել, երկու երկրների նախագահներն անընդհատ շփվում են այս թեմայի շուրջ, որոշում է կայացվել ընդհանուր իրավիճակի վերահսկման հատուկ կենտրոնի ստեղծման մասին, որին մասնակցում են թուրք եւ ռուսաստանցի պաշտոնատար անձինք: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել է հունվարի 30-ին Քիյամադդինլի բնակավայրի մոտակայքում` Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից  2020 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված հուշագրի համաձայն: «Եվ սա եւս ընդհանուր կայունացման տարր է: Բայց ես դա որպես ինչ-որ երկարաժամկետ քաղաքականության տարր չէի գնահատի կամ գաղտնի տեսություններից մեկն այստեղ չէի կառուցի: Պարզապես մենք պետք է հաշվի առնենք այն իրողությունները, որոնք առկա են մեր տարածաշրջանում: Եվ իրականությունն այն է, որ այսօր այս հարցը պետք է քննարկել Թուրքիայից գործընկերների հետ»,- ասել է Մեդվեդեւը:

«Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, սակայն հիմա այն քննարկել չի կարելի, ավելի լավ է տեղափոխել այն ապագա»,- հայտարարել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման գործում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքը ոսկերչական է որակել: Նա հիշեցրել է 2016 թվականին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության սրացման մասին՝ հավելելով. «Այդ ժամանակ քարտեզ էր պատրաստվել, բայց, ցավոք, երկրները դրանից չօգտվեցին»: Այս ամենը, նրա խոսքով, «հանգեցրեց նոր հակամարտության՝ ավելի երկարատեւ, մեծ թվով զոհերով»: «Եվ շատ լավ է, որ Ռուսաստանի նախագահի աշխատանքի շնորհիվ, ընդ որում՝ աշխատանքը եղել է ոսկերչական, ես մի օր այդ աշխատանքին հետեւել եմ, Վլադիմիր Վլադիմիրովիչը ժամեր տեւող բանավեճեր է վարել այս հակամարտության բոլոր մասնակիցների միջեւ. եթե նրա աշխատանքը չլիներ, անկեղծ ասած, այդ հակամարտությունը կարող էր շարունակվել մինչեւ հիմա»,- շեշտել է Մեդվեդեւը: Նա հավելել է, որ «սա վիթխարի աշխատանք էր, ինչի համար թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը պետք է մեծապես շնորհակալ լինեն Ռուսաստանի նախագահին»:

Այն բանից հետո, երբ 2020 թվականի նոյեմբերին տարածաշրջանում հակամարտության թեժ փուլը դադարեցվեց, «ընդհանուր առմամբ, իրադրությունը հանդարտվեց, եւ սա ամենագլխավորն է. մարդիկ չեն զոհվում, եւ զարգացման հնարավորություններ կան»:

Նա հիշեցրել է, որ 2021 թվականի հունվարի 11-ին «Մոսկվայում հանդիպել են երեք երկրների ղեկավարները եւ նախանշել իրավիճակի տնտեսական առողջացման ուղիները»: «Սա նույնպես անչափ կարեւոր է, քանի որ մարդկանց համար այն ավերածությունը, որի մեջ նրանք ապրում են, որի մեջ հայտնվել են այդ ռազմական գործողությունների հետեւանքով, ամենացավոտն է, բացի, իհարկե, զոհերից: Եվ հիմա կան տնտեսական համագործակցության զարգացման բոլոր հնարավորությունները, բնականաբար՝ աշխատանքի որոշակի չափորոշիչների պահպանման դեպքում՝ ներառյալ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը»,- ամփոփել է նա:

 

 

 

ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՉԻ ՀԱՍՏԱՏԵԼ

Երեւանում ԱՄՆ դեսպանատունը չի հաստատել ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներն այդ երկրում ԱՄՆ դեսպանի կողմից, իբր, արված հայտարարությունների վերաբերյալ: Ավելի վաղ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հաղորդումներ էին հրապարակել էկոնոմիկայի նախարարի հետ դեսպանի հանդիպման արդյունքների վերաբերյալ, որի ընթացքում դեսպանն, իբր, «շնորհավորել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման կապակցությամբ»: Այս կապակցությամբ Երեւանում ԱՄՆ դեսպանատունը սահմանափակվել է հղմամբ Twitter-ում արված հրապարակմանը` որպես պաշտոնական դիրքորոշման արտացոլում:

«Չորեքշաբթի Լիցենբերգը հանդիպել է էկոնոմիկայի նախարար Ջաբարովի հետ` ԱՄՆ-Ադրբեջան տնտեսական համագործակցությունը քննարկելու համար: Նա նշել է, որ տնտեսական վերականգնումը եւ հաշտեցումը՝ ի աջակցություն խաղաղ կարգավորմանը Լեռնային Ղարաբաղում, օգուտ կբերեն տարածաշրջանի բոլոր երկրներին: Ինչպես երեւում է հրապարակումից, դեսպանը կասկածելի բովանդակությամբ շնորհավորանքներ չի հնչեցրել»,-ներկայացրել է ԱՄՆ դեսպանատունը:

 

 

 

ԱՌԱՆՑ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄ

Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմ հաստատելու նախագիծը: Այս մասին հայտնել է haqqin.az լրատվական կայքը՝ հղում անելով Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությանը: Փետրվարի 1-ին  Ադրբեջանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին գումարման ընթացքում քննարկվել է 2020 թվականի փետրվարի 25-ին Բաքվում ստորագրված առանց վիզային ռեժիմի սահմանման Ադրբեջանի կառավարության եւ Թուրքիայի կառավարության միջեւ  ստորագրված համաձայնագրի հաստատման հարցը: Փոփոխության համաձայն՝ անձնագրերի օգտագործումը պարտադիր է պայմանագրի կողմերի տարածքից երրորդ երկիր մուտքի եւ ելքի համար: Համաձայնագրի 1-ին եւ 2-րդ հավելվածներում նշված սահմանային անցման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերն օգտագործվում են միայն մի կողմի տարածքից մյուսը ուղիղ ճանապարհորդելու համար: Քննարկումներից հետո փաստաթուղթը դրվել է քվեարկության եւ ընդունվել:

 

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ

Շրջիկ առեւտրի կետերն այս տարվանից կգործեն միայն քաղաքապետարանի թույլտվությամբ: Պահանջը սահմանում է օրենքը, իսկ շրջիկ առեւտրի համար հատուկ վայրերն ու չափորոշիչները՝ ավագանու որոշումը: «Ավելի քան 10 տարի օրենքով սահմանվել էր շրջիկ առեւտրի կետերի միջոցով առեւտուր իրականացնելու հնարավորություն, սակայն կարգ գոյություն չուներ: Կատարելով օրենքի մեջ փոփոխություն՝ ավագանուն լիազորություն տրվեց որոշել՝ ինչպես իրականացնել գործունեությունը»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը: Շրջիկ առեւտրի իրականացման համար քաղաքում 52 կետ է առանձնացվել ու կահավորվել: Գործունեության սկսելու համար տնտեսվարողները նախ պետք է թղթային կամ էլեկտրոնային դիմում-հայտ ներկայացնեն քաղաքապետարան՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը.

1) տեղական տուրքի վճարման անդորրագիր (50 հազար դրամ),

2) դիմումատուի պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճեն,

3) տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճեն,

4) շրջիկ առեւտրի կետի լուսանկարներ,

5) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձնագրի պատճեն,

6) Եթե դեռ չունեք շրջիկ առեւտրի մեքենա, ապա քաղաքապետարան նախ պետք է ներկայացնել էսքիզային տարբերակը, ստանալ արտաքին տեսքի վերաբերյալ եզրակացություն, որը եւս կցվում է դիմումին: «Եթե քաղաքացին ունի արդեն իսկ պատրաստի շրջիկ առեւտրի կետը, որի վրա արդեն իսկ փակցված է գովազդ, ապա երբ դիմում եք, դիմումն ինքնին մակագրվում է նաեւ Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչություն, այսինքն՝ գործընթացը կատարվում է միաժամանակ»,- նշել է նա:  Հայտը ներկայացնելուց հետո՝ 6 օրվա ընթացքում, շրջիկ առեւտրի կետը պետք է զննություն անցնի։ Թույլտվությունը տրամադրվում կամ մերժվում է դրանից հետո՝ 4 օրվա ընթացքում:

«Շրջիկ առեւտրի կետերը պետք է ապահովված լինեն ապրանքների պահպանման եւ մանրածախ առեւտրի, ինչպես նաեւ ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով: Բացի այդ, ավտոմոբիլները եւ (կամ) դրանց կցորդները կարող են ունենալ մինչեւ 10 մետր երկարություն, 2,5 մետր լայնություն եւ 3 մետր բարձրություն: Շրջիկ առեւտրի կետերը պետք է ապահովված լինեն էլեկտրաէներգիայի արտադրման անկախ համակարգով»,- ընդգծում է առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի տեղակալ Էդուարդ Ամիրաղյանը: Տեղերը հատկացվել են հիմնականում բուհերի, մարդաշատ վայրերի եւ կայարանների հարեւանությամբ: Կենտրոնում ամրագրումն արվում է 1 օր, Արաբկիրում՝ 2 օր, եւ մյուս վարչական շրջաններում՝ մինչեւ 3 օր ժամկետով: Այսպիսով,՝ բոլոր տնտեսվարողների համար կապահովվեն հավասար մրցակցության պայմաններ: Օրենսդրական փոփոխություններն արվել են՝ հաշվի առնելով տնտեսվարողների դիտարկումները: Քաղաքային իշխանությունը շարունակելու է համագործակցությունը:

 




Լրահոս