«Ես իմ անունից կարող եմ խոսել, թատրոնի մասին բան ասել չեմ կարող». Սահակյանը՝ Սրբազանի շարժման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանի գլխավորությամբ մայրաքաղաքում ակցիաներ է իրականացնում, այդպիսով արտահայտելով անհամաձայնությունը Տավուշում տիրող իրավիճակի, միակողմանի զիջումների վերաբերյալ։

Սրբազանի առաջնորդած շարժմանը միացել են բազմաթիվ մարդիկ, որոնց թվում են հայտնի և սիրված երգիչներ, դերասաններ, արվեստի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական դեմքեր։

Չնայած նրան, որ շարժմանը աջակցում և միանում են արվեստի ներկայացուցիչներ, շատերը լուռ ու անտարբեր են մնում և դիրքորոշում չեն հայտնում շարժման մասին այն դեպքում, երբ 2018 թվականին նրանցից շատերը ակտիվորեն մասնակցություն են ունեցել 2018 թվականի թավշյա հեղափոխությանը։

ArmLur.am-ը զրուցել է Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանի հետ։

Մեզ հետ զրույցում Արթուր Սահակյանն ասաց, որ նա անձամբ ամեն երեկո մասնակցում է Սրբազան հոր կազմակերպած հավաքներին։

«Ես ամեն երեկո այնտեղ եմ, մերոնցից էլ մարդկանց այնտեղ տեսել են։ Այնպես որ՝ աջակցությունը բնականաբար կա։ Ես իմ անունից խոսեմ, քանի որ մենք («Գոյ» թատրոն խմբ.) ցրված ենք, լոկացիա չունենք, ես ամեն երեկո այնտեղ եմ»,-մեզ հետ զրույցում ասաց Սահակյանը։

Անդրադառնալով նաև 2018 թվականի հեղափոխությանը՝ Սահակյանը նշեց, որ նա չի մասնակցել, սակայն թատրոնից եղել են մարդիկ, ովքեր մասնակցել են 2018 թվականի թավշյա հեղափոխությանը։

«Ես չեմ մասնակցել 2018 թվականին, նրանք սպիտակ են հագել, ես՝ սև եմ հագել, դա հեչ։Մեր մեջ մի ՔՊ-ական կար՝ Մանուկյան Արթուրիկ, որ հետո պատգամավոր դարձավ։ Առհասարակ այն ժամանակ էլ, հիմա էլ, միացան, երբ արդեն ակնհայտ էր այդ ամեն ինչը։ Ես միայն իմ անունից կարող եմ պատասխանել, որ հիմա աջակցում եմ Սրբազանին, սակայն նախորդ անգամներն ինչ եղել են՝ հմայքի տակ չեմ մտել, հմայք չկա էլ»,-նշեց Սահակյանը։

Արթուր Սահակյանը նաև խոսեց այն արվեստի գործիչների մասին, ովքեր մինչ օրս լուռ են։

Վերջինիս խոսքով՝ լռության պատճառը վախն ու անսկզբունքային լինելն է։

«Շատերը մտածում են, որ թող մի բան լինի հետո կանենք, կասենք մենք վաղուց էինք ասում, այս տրամաբանությունն է։ Հիմա կոնկրետ վախն է։ Այդ վախը կոնկրետ ինձ համար անհասկանալի է եղել, ստորացուցիչ վախ է։ Ամոթ է շատ։ Իրենք արդեն փոքր չեն և պատասխանատվություն չպետք է վախենան ստանձնել, քանի որ արվեստագետը, երբ վախենում է, համբալ է։ Վախեցող արվեստագետը համբալ է»,- ընդգծեց Սահակյանը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս