ՖՈՏՈ. Lինելով կին` երբեք չեմ ձգտել պաշտոնի. Քրիստինե Պեպելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կինը յուրահատուկ էակ է: Դեռեւս շատ հին ժամանակներից կինը համարվել է տան, օջախի պահպանողը, արժանի ուսուցիչ աճող սերնդի եւ հավատարիմ ընկեր իր ամուսնու համար: Կնոջ առեղծվածային էության մասին կարող ենք խոսել անսպառ: «Ժողովուրդ» օրաթերթը կանանց միամսյակի առթիվ սկսել է շարք, որով կփորձի բացահայտել հայտնի կանանց: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Քրիստինե Պեպելյանն է:

-Քրիստինե′, ի՞նչը կարող է կանանց երջանիկ դարձնել։

-Իմ կարծիքով կանայք տարբեր են իրենց պատկերացումների, ցանկությունների եւ երազանքների մեջ, այնպես որ միանշանակ ոչինչ աշխարհում չկա կանանց համար: Կարծում եմ, որ երջանկության մասին  պատկերացմներն իհարկե տարբեր են, որոշ կանանց կարող է երջանիկ դարձնել նույնիսկ ամենափոքր շոկոլադը, որոշներին կարող է երջանկացնել մի փունջ ծաղիկը, որոշներին  լավ խոսքը: Կարեւոր է, թե ով է այդ կինը եւ ինչ է սպասում կյանքից:

 ֊ Ի՞նչ են ցանկանում կանայք. կա՞ այդպիսի ձեւակերպում։

-Երեւի թե կանայք ցանկանում են խաղաղություն եւ այն ցանկանում են ոչ միայն երկրի, այլ նաեւ իրենց ընտանիքների համար: Կարծում եմ, որ անկախ տեսակից, խառնվածքից, բնավորությունից խաղաղությունը միակ բանն է, որ բոլոր կանայք ցանկանում են:

֊Ի՞նչ եք կարծում կանանց միամսյակ հարկավո՞ր է։

-Կարծում եմ՝ այդ հարցը պետք է տղամարդկանց տալ: Իմ կարծիքով կանանց միամսյակ հարկավոր չէ: Այն  ամեն ինչը, որը կրում է ձեւական բնույթ ինձ համար ընդունելի չէ: Առհասարակ կնոջը պետք է սիրել ամբողջ կյանքում, այլ ոչ միայն միամսյակի շրջանակներում, դա ավելի ճիշտ եւ ազնիվ կլինի:

֊Ո՞րն է եղել մարտի 8-ին ստացած Ձեր ամենահիշարժան նվերը։

-Կարծում եմ, որ ամենահիշարժան նվերները դեռեւս առջեւում են:

-Քրիստինե՛, ինչ եք կարծում մեզ կին պաշտոնյաները պակասո՞ւմ են:

-Անկեղծ ասած, պաշտոնյաների կին կամ տղամարդ լինելուն այդպես էական դեր  ու կարեւորություն չեմ տալիս: Ով ինչ ունի տալու հասարակությանն ու ժողովրդին, թե այդ մարդն ինչքան է պիտանի կլինի դա է կարեւորը, սովորաբար կանայք ավելի հոգատար են լինում, սովորաբար կանայք ավելի մայրաբար են վերաբերվում աշխատանքին, աշխատակիցներին, ավելի սրտացավ են մոտենում, իսկ տղամարդիկ էլ միգուցե ավելի մեծ պատասխանատվության զգացողություն ունեն, ավելի պունկտուալ են, քիչ տեղ են տալիս էմոցիաներին: Ես, լինելով կին, երբեք չեմ ձգտել պաշտոնի, այդ հարցին ավելի լավ կպատասխանեն այն մարդիկ, ովքեր սիրում են պաշտոններ:

– Քրիստինե՛, քանի որ գտնվում եք օվկիանոսից այն կողմ, հետեւո՞ւմ եք արդյոք հայրենի երկրում տիրող իրավիճակին:

– Բնականաբար Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի հետ կապված բոլոր հարցերին ամբողջ հայությունը մասնակցում է, եւ ամենեւին էլ կապ չունի, թե որտեղ ենք գտնվում: Բոլորն էլ փորձում են իրենց հնարավոր ռեսուրսները ներդնել հօգուտ մեր ժողովրդի: Իհարկե հետեւում եմ երկրում տիրող իրավիճակին, ինչպես կարող եմ չհետեւել: Դժվար է գնահատականներ տալը, հատկապես որ քաղաքական բնույթ են կրում: Ես շատ դեպքերում ցավ եմ ապրում:

-Քրիստինե՛,  ինչպե՞ս հաղթահարեցիք պատերազմի թողած դժվարությունները:

-Ես չեմ կարծում, որ հաղթահարել ենք պատերազմը: Այնպիսի կորուստներ ունեցանք, որ չեմ կարծում հնարավոր կլինի ինչ-որ մեկի համար այս պատերազմի թողած հետեւանքները հաղթահարել: Մենք կորցրեցինք մի ամբողջ ոսկե սերունդ, այսքան գերիներ, հայրենիքի մի մասի կորուստ, կորցրեցինք շատ թանկ բաներ՝  եկեղեցիներ, տներ, գերեզմաններ, այնպիսի կորուստներ, որ միայն մարդկային ռեսուրսի կորուստը բավական է չմոռանալու այս ցավը: Անկեղծ ասած՝ դժվար է խոսելը:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս