ԻՆՉՈ՞Ւ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՐԿԻՆ ՄԵՐԺՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Հայրենիքի փրկության շարժումը» պաշտոնապես հայտարարեց, որ չի մասնակցելու ՀՀ նախագահի կողմից առաջարկված ձեւաչափով հանդիպմանը` պնդելով, որ նման կազմով հանդիպում պետք է կայանա միայն ուղիղ եթերի պայմաններում: ՀՀ նախագահն էլ հայտարարեց, որ լրացուցիչ կհայտնի նոր հանդիպման մասին, քանի որ մինչ այս միայն «Լուսավոր Հայաստանն» էր արձագանքել հրավերին` հաստատելով, որ կմասնակցի քննարկմանը:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցուփորձ արեց նախագահին մերժած ուժերի շրջանում` հասկանալու համար, թե ինչու չգնացին հանդիպման: Պարզվեց` որեւէ մեկը շարժման լիդերներից չի վստահում ո՛չ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ո՛չ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ավելին, նրանք մտաբերում էին մի շարք հարցեր, որոնք այս ընթացքում ուղղակի կամ միջնորդավորված փոխանցվել են ՀՀ վարչապետի կամ նախագահի անունից, բայց հետագայում հարցերը լուծվել են այլ կերպ, քան խոստացված է եղել: Դրա համար այս անգամ եղել է հրապարակավ հավաքվելու պահանջ, որպեսզի ուղիղ եթերում հնչեցված խոստումներից հնարավոր չլինի հետ կանգնել:

Բայց, մյուս կողմից էլ, անհասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է` ԱԺ խմբակցությունների հետ պետք է որոշվի արտահերթ ընտրությունների հարցը, մի խմբակցությունը համաձայնում է, մյուսը, թեեւ «Հայրենիքի փրկության շարժման» կազմում է, դեռ լռում է, իսկ երրորդ` առավել ռադիկալ կողմը, մերժում է: Ամեն դեպքում, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն արդեն հայտարարել է, որ իրենք հուշագիր կստորագրեն ամեն գնով, միայն թե արտահերթ ընտրություններ լինեն: Մնում է հասկանանք՝ այսօր կամ վաղը ինչ կասի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ու հենց նրանց դիրքորոշումների եւ վարչապետի որոշման արդյունքում էլ կլուծվի արտահերթ ընտրությունների հարցը, եւ կսահմանվեն ժամկետներ:

 

 

Թեեւ քաղաքական ուժերը վաղը հանդիպելու են ՀՀ նախագահին` հստակեցնելու, թե երբ է ցրվելու գործող խորհրդարանը, եւ երբ են լինելու ԱԺ արտահերթ ընտրությունները, այնուամենայնիվ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ջանում են օր առաջ անցկացնել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որոնք կտրուկ մերժելի են ԶԼՄ ներկայացուցիչների կողմից: Իհարկե, խոստացել էին պատգամավորները լրատվության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել հարցը, քանի որ նրանք են անմիջական առնչվելու նախատեսվող փոփոխություններին, այնուամենայնիվ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքը չի քննարկվի։  Հերթական անգամ ականատես ենք լինում, որ նրանց խոստումներն իրականություն չեն դառնում: Բանն այն է, որ մարտի 17-ին տեղի կունենա ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որում ընդգրկված է հենց այդ նախագծերի փաթեթը:  Նախագծի հեղինակ-պատգամավորների հետ քննարկման ժամանակ օրենքի վերաբերյալ իր առարկությունն էր ներկայացրել նաեւ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ առաջարկելով «անանուն աղբյուր» եզրույթը փոխարինել «չնույնականացված աղբյուր»-ով: Սակայն ուսումնասիրելով նախագիծը՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ եզրույթը դեռ մնացել է: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանից պարզել՝ ինչու չեն կատարում իրենց խոստումը. դեռ քննարկում չի եղել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, երբ անգամ խոստացվել էր այս թեմայով հանրային լսումներ իրականացնել:  Պատգամավորը նշեց. «Նախագիծը լրամշակման փուլում է, եւ հանձնաժողովի նիստին կներկայացվի լրամշակված տարբերակը»: Այսպիսով, այս օրենքը ընդունվելու դեպքում կդառնա իսկական մահակ լրատվամիջոցների գլխին: Օրինագիծը, սակայն, չի լուծում այն խնդիրը, որը իրենց առջեւ դրել են հեղինակները. նրանք պայքարում են «Տելեգրամ» ալիքների դեմ, որոնք վարչապետի ընտանիքին առնչվող անցանկալի լուրեր են հրապարակում, սակայն այս օրենքը որեւէ կերպ չի կաշկանդի նույն ալիքներին նույնաբովանդակ լուրեր տարածել: ԶԼՄ-ները կտուժեն, եթե օգտվեն այդ աղբյուրներից: Ստացվում է` «Իմ քայլը» լծված է ապատեղեկություն տարածողներին խթանելու գործին. գիտակցված, թե ոչ, դժվար է ասել: Արթուր Հովհաննիսյանը, սակայն, դժվարացավ ասել՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մինչ այդ քննարում կլինի, թե ոչ: Եվ այսպես է վարվում մի իշխանություն, որը խոստացել էր չվնասել մամուլի ազատությունը, սակայն պատմության մեջ առաջին անգամ հենց ԶԼՄ-ներին վերաբերող նախագիծ է բերում՝ առանց նույնիսկ նրանց հետ քննարկելու: Ահա թե ինչպես են աշխատում իշխանությունները:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին առնչվող քրեական գործով ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք են հրավիրվել ԱԱԾ եւ հարցաքննվել: Մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նաեւ Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չցանկացավ անուններ տալ: «Ժողովուրդ» օրաթերթին, այնուամենայնիվ, հաջողվեց իր աղբյուրներից պարզել, որ ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրել նաեւ ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանին, քանի որ նա եղել է զենքերի գնման հանձնաժողովի կազմում: Նշենք, որ պաշտպան Արմեն Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ այս ընթացքում Դավիթ Գալստյանը մի քանի անգամ ցուցմունքներ է տվել ԱԱԾ-ում եւ ասել՝ չի ընդունում մեղադրանքը: Հարությունյանի խոսքով՝ իրենք առաջիկայում Դավիթ Գալստյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասով պատրաստվում են դիմել ՀՀ վճռաբեկ դատարան: Հիշեցնենք, որ Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը, ով առավել հայտնի է Պատրոն Դավո մականունով, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականն էր: Նրա «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունը, ըստ ԱԱԾ-ի, Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր՝ պարտավորվելով 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր, բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որոնք էապես զիջել են մարտավարական հատկանիշներով, եւ կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախում շարունակվում է թեժ մնալ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Բանն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունը կողմ չէ, որ ռուսերեն լեզուն Արցախում հաստատվի որպես պաշտոնական լեզու, ինչպես որ հայերենն է: Ընդդիմության կարծիքով՝ պետք է օրենքում ոչ թե սահմանվի ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու, այլ նշվի, որ Արցախում կարող է հայերենի հետ մեկտեղ օգտագործվել նաեւ ռուսերենը: Հիշեցնենք, որ այս նախագծի հեղինակը պատգամավոր Արամ Հարությունյանն էր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արցախի կառավարությունն արդեն դրական եզրակացություն է տվել նախագծին եւ ուղարկել է Արցախի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով, որտեղ պետք է եկող շաբաթվա մեջ հարցը քննարկվի: Ըստ մեր տեղեկությունների՝ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներն առաջարկելու են, որպեսզի իրենց համար ընդունելի տարբերակը խորհրդարանի օրակարգ մտնի, հակառակ դեպքում վերջիններս պատրաստվում են օրենքի նախագծին դեմ կքվեարկել: Արցախի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ դեռեւս հարցը վերջնական չէ, իրենք դեռեւս պետք է հանձնաժողովում քննարկեն, ու ինքը առաջարկելու է, որ օրենքում ավելացնեն, որ հայերենի հետ կարող են օգտագործել նաեւ ռուսերեն լեզուն. «Եթե այդ տարբերակը կընդունվի, ապա ես կմնամ օրենքի համահեղինակ, եթե ոչ, ապա ես ցանկից դուրս կգամ, ու մեր խմբակցությունը հավանաբար դեմ կքվեարկի»,-ասաց մեր զրուցակիցը:

 

 




Լրահոս