ՕԵԿ-Ը ՀԱՐՑԵՐ ՉԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինչ-որ մի, ներողություն, անտրամաբանական… ինչ բառ ասեմ, անտեղի, ոչ մի հիմքեր չունեցող կարծիքներ մեկնաբանելն ուղղակի անմտություն եմ համարում: Դա երեւի ասել են մարդիկ, որոնք իրենք բալաստ են»,-ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն այսպես պատասխանեց «Ժողովուրդ»-ի այն հարցին, որ ի տարբերություն ԲՀԿ-ի` ՕԵԿ-ը ՀՀԿ-ի համար բալաստ է: -Պարո՛ն Շահգելդյան, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր, «այս մասին` հաջորդ դասին» ասելով, կրկին անպատասխան թողեց հարցը, թե ում կպաշտպանի ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում: Ակնհայտորեն փակված չէ նաեւ հարցը, թե կոալիցիան ինչպես է գնալու ընտրությունների` առանձին-առանձի՞ն, թե՞ մեկ համամասնական ցուցակով: ՕԵԿ-ում այս հարցերը քննարկվե՞լ են:-Իհարկե չեն քննարկվել, ես  բազմիցս պատասխանել եմ այդ հարցին, «Օրինաց երկիր»-ն այսօր աշխատում է, ինչպես միշտ, կուսակցական կառույցների զարգացման ուղղությամբ, կազմակերպչական  աշխատանք, քաղաքական գաղափարախոսություն: Մենք մինչ այսօր գնացել ենք ինքնուրույն, այսօր աշխատում ենք կուսակցության զարգացման խնդիրների վրա, նման հարց չի քննարկվել:-Իսկ կուսակցությունում հակված են գնալ առանձի՞ն, թե՞ կոալիցիայի հետ ընդհանուր ընտրացուցակով:  -Ես ասացի, որ նման հարց ընդհանրապես չի քննարկվել: Մենք գնում ենք մեր ճանապարհով եւ պատրաստ ենք հավաքելու այն լուրջ…-Ինչո՞վ բացատրել ՕԵԿ-ում այս հարցի նկատմամբ անուշադրությունը կամ դանդաղկոտությունը, երբ այն արդեն հրատապ է դառնում մյուս կուսակցություններում: ԲՀԿ-ից,  օրինակ, ասում են` «հաջորդ դասին»:-Ես ծանոթ չեմ, թե երբ եւ որտեղ է նա նման բան ասել:-Պարո՛ն Շահգելդյան, այս համատեքստում պակաս կարեւոր չէ կարծիքը, որ ի տարբերություն ԲՀԿ-ի` ՕԵԿ-ը հանրապետականի համար բալաստ է: -Ուրեմն` եւս մեկ անգամ ասում եմ` ՕԵԿ-ը միշտ մնացել է իր դիրքերում այս քաղաքական դաշտում, ունեցել է իր լուրջ ազդեցությունը, այսօր եւս ունի լուրջ ազդեցություն մեր երկրի հանրային քաղաքականության մշակման եւ իրականացման ոլորտում, իրականացրել է բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք ուղղված են սոցիալական խնդիրների լուծմանը, երկրի անվտանգության ապահովմանը, գյուղատնտեսություն, արտակարգ իրավիճակներ, կապ եւ  տրանսպորտ: Այսինքն` «Օրինաց երկիր»-ն այսօր, ունենալով լուրջ դերակատարություն, մշակում եւ իրականացնում է նաեւ քաղաքականություն: Ինչ-որ մի, ներողություն, անտրամաբանական… ինչ բառ ասեմ, անտեղի, ոչ մի հիմքեր չունեցող կարծիքներ մեկնաբանելն ուղղակի անմտություն եմ համարում: Դա երեւի ասել են մարդիկ, որոնք իրենք բալաստ են: -Այնուամենայնիվ, կարծիքներից զատ` կա իրողություն, որ Երեւանի ավագանու ընտրություններին ՕԵԿ-ը չհաղթահարեց անհրաժեշտ շեմը:-Քաղաքապետարանի ընտրությունների մասին գիտեն բոլորը, հա, ՕԵԿ-ը հավաքեց 5 տոկոսից ավելի ձայներ, հասկանալի է` ինչ եմ ասում, ու նաեւ  դրանք տարբեր ընտրություններ էին: Դրանից հետո ժամանակ անցավ, եւ գաղտնիք չէ, որ այսօր ՕԵԿ-ի դիրքորոշումները, որ մենք 3,5 տարի առաջ հստակորեն եւ ճշմարտացիորեն եւ բաց արտահայտել ենք, ունենք նաեւ այսօր: Եւ այսօր ՕԵԿ-ի դիրքորոշումներն ընկալում եւ պաշտպանում են ավելի ու ավելի մեծ թվով  մարդիկ:-Կոնգրեսի առաջնորդը ՀՀԿ-ականներին անվանեց օպորտունիստ, ԲՀԿ-ին որոշ առումով գովեց, իսկ ՕԵԿ-ին, եթե այդպես կարելի է համարել, անտեսեց` չհաշված «ախքացման» մասին հիշատակումը:-Մեզ հետաքրքրում է ժողովրդի կարծիքը: Եւ հասարակության:-Իսկ եթե գաղտնիք չէ, ՕԵԿ-ն այսօր քանի՞ անդամ ունի:-Ավելի քան 100 հազար:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս