Վարչական շրջանի ղեկավարն ընդդեմ տնօրենի. վերջինիս ամուսինն անհետ կորած է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հայտնեց, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երեւանի թիվ 133 մանկապարտեզի տնօրենն ընտրել և ընդունել է որևէ արտահերթություն չունեցող 12 երեխաների՝ խախտելով երեխաների ընդունելության համար սահմանված կարգը և հերթագրման հաջորդականությունը։

ArmLur.am-ը գնացել է վարչական շրջանի ղեկավարի հայտարարության հետքերով, զրուցել է մանկապարտեզի տնօրեն Ժաննա Մանուկյանի հետ :

Մանկապատեզի տնօրենը շատ վրդովված մեզ հետ զրույցում հայտնեց, որ ոչ մի անօրինական ընդունելություն նա չի իրականացրել, քանի որ օգտվել է Առողջապահության նախարարության հրամանից, որն ավելի մեծ իրավական ուժ ունի և թաղապետարանն իրավունք չունի առանց քաղաքապետարանի իրեն աշխատանքից ազատելու: Ընդ որում, առկա տեղեկությունների համաձայն, Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները ցանկանում են աշխատանքից ազատել նրան:

«Երբ Առողջապահության նախարարությունը մեղմացրեց մանկապարտեզների ընդունելույան կարգը ու թույլատրեց եւ հրամանով հաստատեց, որ մանկապարտեզ կարող են ընդունվել հերթագրումից արտահերթ այն երեխաները, ում ծնողների հեռավար աշխատանքը հնարավոր չէ կատարել: Այսինքն, այն երեխաների դեպքում, ում երկու ծնողներն էլ աշխատում են եւ չեն կարող երեխային պահել: Մենք ունենք հերթագրման ցանցային համակարգ, սակայն հրամանի մեջ շատ պարզ ասվում էր՝ հերթագրումից արտահերթ: Ես զանգահարեցի վարչական շրջանի կրթության բաժնի աշխատակցին եւ իրեն հարցրեցի՝ ինչպես է կատարվելու, նա էլ ասեց՝ հրամանով կազմակերպի: Ես էլ զանգահարեցի այն ծնողներին, որոնք սեպտեմբերից սկսած տարբեր տեղեր բողոքում էին, եւ ասացի, որ արդեն ձեր բալիկներին կարող եք բերել», – նշեց նա:

Տնօրենը եւս մեկ անգամ շեշտեց, որ առաջնորդվել է առողջապահության նախարարության հրամանով եւ բոլոր մատյաններում երեխաները նշված եղել են: «Այսինքն, մանկապարտեզում գրանցված երեխաների բոլոր փաստաթղթերում այդ երեխաները եղել են եւ ես անօրինական որեւէ մեկին չեմ ընդունել, պարզապես  գրանցված համակարգն այդ արտահերթությունը չընդունեց եւ հիմա իրենք վարկաբեկում են ինձ», – հավելեց նա:

Ի դեպ,  Ժաննա Մանուկյանի ամուսինը մասնակցել է Արցախյան երկորդ պատերազմին եւ մինչ օրս գտնվում է անհետ կորածների ցուցակում:  «Իմ ամուսինը սեպտեմբերին մեկնել է Արցախ, հոկտեմբերի 24-ից հետո ես լուր չունեմ նրանից», – նշեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս