ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գալուստ Սահակյանի որդին խնդրանքով դիմել է դատարան. ինչ դիմում է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին Առողջապահության նախարարի նախկին տեղակալ Տիգրան Սահակյանը խնդրանքով դիմել է դատարանին: Ըստ նախաքննական մարմնի՝ Տիգրան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեության եղանակով պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափի վնաս, ինչպես նաև քաղաքացիական գործի շրջանակներում ներկայացրել է կեղծ ապացույցներ: Ի դեպ վերջինիս հետ մեղադրյալի աթոռին են հայտնվել եւս 4 անձ: Այս գործով նախաքնությունը ավարտվել է, եւ գործը ուղարկվել է դատարան, որտեղ էլ, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Տիգրան Սահակյանը, խնդրանքով դիմել է դատարանին:

Տիգրան Սահակյանը դատավոր Հարություն Մանուկյանին հայտնել է, որ իր գույքը շուրջ տասն ամիս է՝ գտնվում կալանքի տակ և ինքը, զրկված լինելով այն օգտագործելու հնարավորությունից, միաժամանակ կատարում է այդ գույքի պահպանման համար անհրաժեշտ կոմունալ վճարումները, ինչպես նաև վճարում է գույքահարկ: Ավելին, Սահակյանը հայտնել է, որ ինքն այժմ չի աշխատում, ինչպես նաև չի կարողանում մեկնել արտասահման, ուստի այդ գույքի պահպանման անհրաժեշտությունից ելնելով՝ խնդրել է թույլատրել այն հանձնել վարձակալության:

Դատախազը, առարկելով գույքի վրա դրված կալանքը վերացնելու դեմ, նշեց, որ նախաքննության ընթացքում՝ մինչև վերջնական դատական ակտի կայացումը մեղադրյալի գույքի վրա կալանք դնելը իրավաչափ է և օրինական:

Ինչեւէ դատավոր Մանուկյանը, լսելով կողմերին, որոշում է կայացրել եւ մասնակի բավարարել է Գալուստ Սահակյանի որդու խնդրանքը:

Մասնավորապես, ArmLur.am-ին հայտնի դարձավ՝ դատավոր Հարություն Մանուկյանը որոշել է թույլատրել Տիգրան Գալուստի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը հանձնել վարձակալական հիմունքներով, իսկ կալանքը վերացնելու մասով միջնորդության քննությունը հետաձգել և դրան անդրադառնալ վերջնական դատական ակտով:

Քնար Մանուկյան




Լրահոս