«Սա արել եմ, որովհետև սիրտս այդպես էր ուզում, դիտումներն ինձ չեն հետաքրքրում, սակայն հույս ունեմ, որ իմ մատուցմամբ այս երգը կգտնի իր հանդիսատեսին»,- այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արման Նշանյանը` անդրադառնալով «Սիրեցի, յարս տարան» նոր տեսահոլովակին:
Վերջին տարիների երաժշտական պասիվությունն էլ Արման Նշանյանը բացատրեց նրանով, որ տարված է նկարահանումներով, իսկ երգն էլ դարձել է հոբբի նրա համար:
«Շատ զբաղված էի ֆիլմերով, երգի համար ժամանակ պարզապես չունեի: Այնպես ստացվեց, որ իմ լավ ընկերներից մեկը, ով օպերատոր է և բնակվում է ԱՄՆ-ում, եկել էր Հայաստան, ես ներկայացրի երգը, ու որոշեցինք նկարահանել տեսահոլովակ »,- ասաց Արման Նշանյանը:
Ըստ Արմանի՝ երգը վաղուց դադարել է աշխատանք լինելուց. «Երգում եմ միայն, երբ սիրտս է ցանկանում, այն ինձ համար աշխատանք չէ: Ինչ վերաբերում է այս երգին՝ շատ եմ սիրում այն: Որքանով տեղյակ եմ «Սիրեցի, յարս տարան»-ն իրական պատմություն ունի: Որոշեցինք ներկայացնել պարզ տեսահոլովակ, որովհետև նորաձև տեսահոլովակները, որոնցից ես էլ եմ ժամանակին ունեցել, իմ կարծիքով՝ այլևս ակտուալ չեն»:
Մեր զրուցակցի խոսքով՝ չի կարող հստակ նշել, թե երբ նորից երաժշտական գործով հանդես կգա. «Ստեղծվեց առիթ, և հասկացա, որ ցանկանում եմ թողարկել Ավետիք Իսահակյանի խոսքերի հիման գրված հայտնի երգը: Ուղղակի ուզում էի ներկայացնել այս գեղեցիկ երգն իմ մատուցմամբ»-հավելեց Արման Նշանյանը:
Լիդա Եղիազարյան