ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Որպես ռեժիսոր սահմանափակված չեմ եղել. Արման Նշանյանը՝ «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերայի, օսկարակիր պրոդյուսերի հետ աշխատելու և «Օսկար»-ին մասնակցելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը  արդեն տեղեկացրել է8, որ 2019թ.-ին Լոս Անջելեսում՝ Հոլիվուդի Գրաումանի չինական հայտնի թատրոնում, կայացել էր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» պրեմիերան: Իրական հիմքով ֆիլմի հայաստանյան պրեմիերան նախատեսված էր նախորդ տարի՝ գարնանը, սակայն համավարակը, այնուհետեւ պատերազմը հետաձգեցին հայաստանյան ցուցադրությունը:

Սեպտեմբերի 10-ին տեղի է ունենալու «Սողոմոնի երգերը» ֆիլմի հայաստանյան առաջին ցուցադրությունը, նույն օրվանից ֆիլմը հասանելի է լինելու բոլոր կինոթատրոններում:

Ակնկալիք չունեմ, ֆիլմը նկարահանել եմ մեծ սիրով եւ հարգանքով, մեծ զգուշությամբ իմ ժողովրդի հարստության նկատմամբ, քանի որ դա միշտ աչքիս առաջ եմ ունեցել: Ցավոք, ժամանակներն այնպիսին են, որ ամեն բան էկրանավորված է, շատերը չեն ընթերցում, բայց կարծում եմ, որ մեր պատմությունը պետք է մնա ոչ միայն դասագրքերում, այլեւ էկրաններին: Սա, ըստ իս, դասագրքի պես է լինելու, որպեսզի մարդիկ եւս մեկ անգամ իմանան, թե ինչ է եղել 1894-1896 թթ.-ին սուլթան Աբդուլ Համիդ II-ի իշխանության ժամանակաշրջանում՝ նրա իսկ ձեռքով, ապա շարունակվել է 1915-ին. այլ դիտանկյունից ներկայացրել ենք Կոմիտասին եւ նրա կարևորությունը մեզ համար: Բոլորս գիտենք, որ պետք է հարգել Կոմիտասին, սակայն շատերը չգիտեն՝ ինչո՞ւ, իսկ դա պետք է շատ ակնհայտ լինի»,-Armlur.am-ի հետ զրույցում ասաց Արման Նշանյանը:

Ի դեպ, ֆիլմում միտումնավոր ներկայացված չեն Կոմիտասի վերջին տարիները, քանի որ ռեժիսորի կարծիքով՝ շատ ավելի կարեւոր է իմանալ Կոմիտասի գործունեության եւ կյանքի մասին:

Իսկապես պատասխանատու աշխատանք էր նկարահանել պատմական ֆիլմ, սակայն պատասխանատվությունդ ավելի է մեծանում, երբ հասկանում ես, որ խոսքն այնպիսի մարդու մասին է, ով ժողովրդի աչքերում սուրբ է: Ես ցույց եմ տվել Կոմիտասի մանկությունը, կարծում եմ, որ իր մանկությունը տեսնելով՝ շատ երիտասարդներ հույս կստանան, քանի որ Կոմիտասն օրինակ է, որ մարդ, ապրելով ծանր պայմաններում, կարողացել է բարձրանալ եւ դառնալ հայ ազգի երաժշտության փրկիչը, դա արդեն շատ բան է ապացուցում: Պետք է միշտ հիշել, որ հերոսն այն չէ միայն, ով թշնամու դեմ պայքարել է թրերով եւ նետով, հերոս է նաեւ նա, ով մեր ազգի մշակույթն է պահպանել: Ես միշտ ասում եմ, որ երկիրը եւ ազգը պահպանում են միայն մշակույթով, ասեմ ավելին՝ նույնիսկ պատերազմն է մշակույթ, առհասարակ, ամեն ինչում կարելի է տեսնել մշակույթ: Եթե ցանկանում ես վերացնել մի ժողովրդի, ապա պետք է վերացնես նրա մշակույթը»:

Հիշեցնենք, որ Արման Նշանյանի մոտ նման ֆիլմ նկարահանելու միտք էր ծագել, երբ  արվեստասեր, երաժիշտ մի կին՝ Սիրվարդ Կավուկչյանը, իրեն  ասել էր, որ ունի հետաքրքիր պատմություն:

Սիրվարդ Կավուկչյանը այդ շրջանում աշխատում էր վեպի վրա, որը դեռ չէր հրատարակվել: Վեպը հիմնված է իրական դեպքերի վրա. Սիրվարդ Կավուկչյանի տատիկի պատմությունն է: Պատմության հիմքում հայ եւ թուրք աղջիկների ընկերությունն է, որոնք նախքան Համիդյան ջարդերն ապրում էին կողք կողքի։ Մարդկանց միջեւ չկար անձնական թշնամանք, սակայն երբ սկսվեցին ջարդերը, չէին խնայում նաեւ այն թուրքերին, որոնք հայ ընկեր ունեին, նրանց էլ էին ջարդում։ Այնուամենայնիվ, ընկերները կարողանում են հաղթահարել ստեղծված դժոխքը։ Իրադարձությունները սկսվում են Կոմիտասի ծննդավայրում»:

Նշենք, որ ֆիլմի համապրոդյուսերներից է Նիք Վալելոնգան, որը «Օսկար» մրցանակի արժանացած «Կանաչ գիրք» ֆիլմի պրոդյուսերներից է: Ի դեպ,  «Սողոմոնի երգերը» ներկայացրել էր Հայաստանը «Օսկար» 93-րդ մրցանակաբաշխությանը «Միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում:

«Ես որպես ռեժիսոր սահմանափված չէի: Մեծ վստահություն կար իմ հանդեպ, թեպետ կխնդրեմ, որ հանդիսատեսը խիստ չդատի, քանի որ սա իմ առաջին ֆիլմն է: Մեծ պատիվ էր, որ մեր թիմին միացել էր օսկարակիր Նիք Վալելոնգան, սակայն նախքան դա, պետք է ընդգծեմ հանճարեղ մարդու՝ Սիրվարդ Կավուկչյանի, ում պատմության հիման վրա էլ նկարահանել ենք ֆիլմը, մենք մինչ այդ աշխատելու փորձ ունեցել էինք, սակայն միշտ ցանկանում էինք միասին ֆիլմ նկարահանել, երբ առաջարկեց այս պատմությունը, միանգամից հավանեցի եւ միասին աշխատեցինք: Ֆիլմի հետ կապված առաջին քայլերը միասին ենք արել, ապա մեզ միացել է իմ շատ լավ ընկեր եւ տաղանդավոր պրոդյուսեր Ասկո Հակոբյանը: Հպարտ եմ, որ նա մեր թիմից էր, քանի որ միջազգային փորձ եւ հաջողություն ունի: Իհարկե, շատ շնորհակալ ենք Նիք Վալելոնգային, քանի որ շատերը նրան խորհուրդ էին տալիս մասնակցություն չունենալ նման ֆիլմում, որտեղ այդքան սուր թեմա կա, հիշեցնում էին, որ նա օսկարակիր է, դա իրեն պետք չէ, սակայն Վավելոնգան, մեղմ ասած, թքած ունեցավ այդ բոլոր խոսակցությունների եւ հնարավոր քննդատությունների վրա: Նա ասաց, որ սա ցավալի պատմություն է, որի մասին աշխարհը պետք է իմանա, ցանկություն ունեցավ օգտակար լինել, բացի դրանից գիտեր, թե ինչի ենք մենք ունակ: Անդրադառնալով «Օսկար»-ում չանցնելուն՝ կարող եմ նշել, որ աշխարհը դեռ պատրաստ չէ այդ ողբերգության մասին խոսելու եւ առերեսվելու դրա հետ: Միջազգային փառատոնները եւ «Օսկար»-ը դեռ պատրաստ չեն փչացնելու իրենց հարաբերությունները մեծ երկրների հետ՝ մեր խնդիրը առաջ բերելու համար»:

Հավելենք, որ ֆիլմում նկարահանվել են Սամվել Թադեւոսյանը, Արեւիկ Գևորգյանը, Տաթեւ Հովակիմյանը, Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը, Արտաշես Ալեքսանյանն ու Ժան-Պիեր Նշանյանը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս