Զախարովան ընդգծել է ԼՂ հակամարտության կարգավորման գործում ՌԴ ղեկավարության անձնական ջանքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի խաղաղապահների դերը Լեռնային Ղարաբաղում դժվար է գերագնահատել: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան «Известия»-ին տված հարցազրույցում:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ աշխատանքներ տարվում են ամեն օր:

«Ընթանում են խորհրդակցություններ և բանակցություններ արտգործնախարարների հետ: Մենք բառացիորեն ամեն օր շփվում ենք արտաքին գործերի նախարարությունների հետ, նաև դեսպանատների միջոցով: Պարբերաբար հրապարակվում են արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ հեռախոսազրույցների մասին հաղորդագրությունները՝ ինչպես Ռուսաստան-Ադրբեջան, այնպես էլ Հայաստան… Մեր երկրի կողմից ներդրվել են վիթխարի ջանքեր այս իրավիճակի լուծման համար, ինչպես թեժ փուլում, այնպես էլ հակամարտության սրմանը հաջորդող փուլում », – ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ խոսքը ոչ միայն քաղաքական ջանքերի, այլև երկրի ղեկավարության դիվանագիտական, ինչպես նաև անձնական ջանքերի մասին է:

«Եվ, անշուշտ, մեր խաղաղապահների դերի մասին, որոնք ամեն օր ներդնում են իրենց ուժը, հոգին և հմտությունները, արհեստավարժությունը, գիտելիքները՝ իրավիճակը շտկելու համար, որպեսզի քաղաքական գործիչները, դիվանագետները, հասարակական գործիչները կարողանան կատարել իրենց գործառույթները: Հետևաբար, ռուս խաղաղապահների դերը տվյալ դեպքում հնարավոր չէ գերագնահատել», – եզրափակել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:




Լրահոս