Թթի բուժիչ հատկությունները, որոնք քչերին է հայտնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թթենին ամենքին լավ ծանոթ եւ սիրված պտուղով ծառ է, որը նախկինում հայտնի էր միայն հեռավոր արեւելյան երկրների բնակիչներին՝ չինացիներին, ճապոնացիներին։ Այժմ այն մշակվում է գրեթե ամենուր, իսկ նրա պտուղը՝ թութը, ե՛ւ բարձրարժեք սննդամթերք է, ե՛ւ անփոխարինելի դեղամիջոց։ Հին բժշկարաններում նշված է, որ լավագույն թութը խոշորն ու քաղցրն է։ Այն խորհուրդ է տրվում ուտել ճաշելուց առաջ՝ վրայից օշարակ խմելով։ Ամիրդովլաթը գրում է, որ թութը բուժում է կոկորդի քաղցկեղը, տերեւներից պատրաստված եփուկը՝ կոկորդացավը, իսկ քաղցկեղային հիվանդությունների դեպքում խորհուրդ է տալիս խմել թթի հյութ։

Թութը (հատկապես՝ սեւը) լավացնում է ստամոքսը։ Անոթի վիճակում ուտելիս՝ շուտ է դուրս գալիս ստամոքսից՝ մաքրելով աղիքների ողջ պարունակությունը, հետեւապես շատ օգտակար է փորկապության ժամանակ։ Փորը թուլացնելու հատկությամբ օժտված է միայն քաղցր եւ հասած թութը, իսկ խակն ու թթուն կապում է ստամոքսը, բուժում կոկորդացավը։ Թութը նպաստում է արյունաստեղծ օրգանների բնականոն աշխատանքին, օգտակար է սակավարյունության, հեպատիտի, խոլեցիստիտի, հիպերտոնիայի դեպքում, այն թարմացնում է արյունը, սնում է ուղեղը, բացում է ծորանների սպազմը, ունի միզամուղ հատկություն։ Շաքարախտով հիվանդներին խորհուրդ է տրվում ուտել կիսաքաղցր թութ։ Այն հրաշալի միջոց է նաեւ հղի կանանց եւ երեխաների համար, որովհետեւ մեծ քանակությամբ ֆոսֆոր է պարունակում։

Թութը կիրառվում է ե՛ւ թարմ, ե՛ւ պահածոյացված վիճակում։ Նրանից պատրաստված եփուկը՝ դոշաբը, հրաշալի դեղամիջոց է եւ կիրառվում է շնչառական հիվանդությունների ժամանակ։ Իսկ թթից պատրաստված մուրաբան եւ չիրը անփոխարինելի սնունդ են թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։ Թթենու տերեւները, սքանչելի մետաքսի վերածվելուց զատ, օժտված են նաեւ կենարար հատկություններով։

Եթե թթենու տերեւներից խյուս եփեք եւ այն դնեք ցավող ատամի վրա, ցավը կմեղմանա ու կանցնի։ Տերեւներից պատրաստված թուրմը (եռացրած ջուրը լցնել տերեւների վրա ու մի քանի ժամ թողնել) բուժում է կոկորդացավը։ Տերեւներից ստացված քամուկը բուժում է խոցերը, չորացնում վերքերը։ Սեւ թթենու տերեւները հիանալի միջոց են մազերը ներկելու համար։ Պարզապես հարկավոր է տերեւներն անձրեւաջրով եռացնել եւ ստացված եփուկով ցայել մազերը։ Թեփը կանհետանա, եւ մազերի աճը կլավանա, եթե թթի հյութը քսեք գլխին ու պահեք 3-8 ժամ։




Լրահոս