Ամեն տարի Բերդ համայնքի Չինարի, Չորաթան, Այգեձոր, Արծվաբերդ և այլ գյուղերից տոննաներով թուզ էր արտահանվում Մոսկվա, Կրասնոդար և Ռուսաստանի այլ տարածաշրջաններ։ Սակայն Ռուսաստանի իշխանությունների կողմից Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներմուծման սահմանափակումներից հետո հայկական գյուղատնտեսական մթերքների համար այլընտրանքային շուկաներ գտնելու հարցն առավել հրատապ է դարձել։
Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ աջակցում են տնտեսվարողներին՝ հայկական թարմ պտուղ-բանջարեղենը Եվրամիության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ արտահանելու գործում։ Բայց որքանո՞վ է այս գործընթացն արդյունավետ Տավուշի մարզում, և ի՞նչ արդյունքներ են արձանագրվել։
«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 5-ին տեղեկատվական հարցում է ուղարկել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին՝ խնդրելով հայտնել, թե 2026 թվականին Տավուշի մարզից որքան միրգ է արտահանվել նշված շուկաներ, ինչպես նաև պետբյուջեից որքան գումար է հատկացվել մարզից արտահանված մրգի սուբսիդավորմանը։
Ի պատասխան՝ Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը հայտնել է. «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքների արտահանման գործընթացը համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը»։
Փաստորեն, մարզպետի աշխատակազմը, հարցմանն ի պատասխան, չի ներկայացրել պահանջված տվյալները՝ հղում անելով էկոնոմիկայի նախարարության լիազորություններին։
Մինչդեռ Տավուշի մարզպետի աշխատակազմում գործում է գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչություն։ Հարց է առաջանում՝ ի՞նչ գործառույթներ է իրականացնում այդ վարչությունը, եթե չի կարողանում տեղեկություն տրամադրել անգամ այն մասին, թե մարզից որքան գյուղատնտեսական արտադրանք է արտահանվել նոր շուկաներ, և որքան պետական աջակցություն է ուղղվել այդ գործընթացին։
Գյուղատնտեսական մարզի համար արտահանման շուկաների ընդլայնումը կենսական նշանակություն ունի, իսկ պետական աջակցության արդյունավետությունը գնահատելու համար անհրաժեշտ են հստակ թվեր ու հաշվետվողականություն։ Հետևաբար, հարցը մնում է բաց՝ ի՞նչ արդյունքներ է տվել հայկական մրգի արտահանման ուղղությամբ հայտարարված աջակցությունը Տավուշի գյուղացիների համար, և ինչո՞ւ մարզպետի աշխատակազմը չի կարողանում այդ մասին տվյալներ ներկայացնել։
Ոսկան Սարգսյան























































































