Քարոզարշավ օր 4․ ով ինչպես շարունակեց ընտրապայքարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական քարոզարշավը շարունակվում է։ ArmLur.am-ը շարունակում է ամփոփել օրը։ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տարակուսանք հայտնեց, թե ինչ նպատակով է  երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակել ղարաբաղյան հարցի վերաբերյալ ձայնագրությունը, որում Փաշինյանը մանրամասներ է պատմում 2018 թվականի մայիսի 12-ին Սոչիում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հետ սուրճի սեղանի շուրջ տեղի ունեցած մի զրույցից։ Սարգսյանը հրապարակել ու դիտարկումներ էր արել, թե այս ձայնագրությունը վարկաբեկում է վարչապետի պաշտոնակատարին, մինչդեռ Փաշինյանի համոզմամբ` այն իր օգտին է։

Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնեց իր նախկինում արտահայտած միտքը, թե 2018 թվականին Ղարաբաղյան հարցը ժառանգել է փակուղային, դեֆորմացված վիճակում։ Մի քանի անգամ շեշտեց, որ միջազգային միջնորդների և Ադրբեջանի նախագահի դիրքորոշումները համընկնում էին, և որ «ԵԱՀԿ միջնորդները, որոնք բանակցային գործընթացը պետք է տանեին կարգավորման, ըստ էության, ձևակերպել են Ադրբեջանի մոտեցումները որպես բանակցային գործընթացի զարգացում»։ Շեշտեց, որ Ադրբեջանի համար շահեկան այդ իրավիճակն ստեղծվել է դեռ 2016-ի հունվարին, երբ ԵԱՀԿ միջնորդները «Հայաստանին պայման են ներկայացրել հրաժարվել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի գաղափարից»։

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Խաչիկ Գալստյանն անդրադարձավ նաև երեկ դաշինքի մաս կազմող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը, որտեղ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է պատմում 2018-ի մայիսի 12-ին Սոչիում սուրճի սեղանի շուրջ տեղի ունեցած մի զրույցից։ Ըստ այդ ձայնագրության` Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները Փաշինյանին հորդորել են լուծել ղարաբաղյան հարցը՝ օգտվելով ժողովրդական մեծ վստահությունից։ Փաշինյանն այդ ձայնագրությունում ասում է, որ ինքը դեմ չէ եղել ԵԱՏՄ երկրների ղեկավարների այդ առաջարկին։ Ըստ ձայնագրության՝ վերջիններս առաջ են քաշել «Լավրովյան» հայտնի պլանը, ինչն անընդունելի է եղել Նիկոլ Փաշինյանի համար, նա պնդել է, որ զորքերը հետ կքաշեն ու Ադրբեջանին կհանձնեն Հայաստանի կողմից անվտանգության գոտի համարված առնվազն 5 շրջանները միայն Ղարաբաղի հատուկ կարգավիճակի դիմաց։ Այս հրապարակումից հետո համացանցում կարծիքներ հնչեցին, որ ձայնագրությունը միայն Նիկոլ Փաշինյանի օգտին էր։ Խաչիկ Գալստյանն այսօր այլ մանրամասներ հիշեցրեց այդ ձայնագրությունից և տարակուսեց, թե այդ ի՞նչն է հատկապես Փաշինյանի օգտին. «Թե ինչում օգնեց, ինձ համար ուղղակի անհասկանալի է, իրեն ամենագետի տեղ դնելով, բայց, կրկնում եմ, տարրական գիտելիքներ չունենալով հայ ազգի ամենակենսական նշանակություն ունեցող արցախյան հիմնահարցի կարգավորման դետալներից` իրեն, խոստովանել է, գժի տեղ դնելով, նա փորձեց ինչ-որ զրոյական կետեր առաջ բերել, իր սեփական կետից բանակցություններն առաջ տանել, արդյունքում մենք տեսանք` ինչ եղավ»:

Հայաստանի կարծիքը Ղարաբաղի վերաբերյալ այլևս ոչ ոք չի հարցնում: Մեծ ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ կարծիք հայտնելով նաև, որ Ռուսաստանը այլևս երբեք դուրս չի գա Ղարաբաղից։ «Մենք ոչ միայն պարտվել ենք այս պատերազմում, ավելի վատ բան է տեղի ունեցել, եթե Ռոբերտ Քոչարյանի մեղքով Ղարաբաղը դուրս դրվեց կարգավորման գործընթացից, այս պարտությունից հետո արդեն Հայաստանն է դուրս դրվել որպես հակամարտող կողմ, Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնում: Հայաստանը ոչ մի որոշում չի կարող ինքնուրույն կայացնել Ղարաբաղի վերաբերյալ: Այդ ծանր պատերազմական պարտությունից հետո ավելի ծանր գուցե այն է, որ մենք այլևս խաղացող չենք այս խաղում», – հայտարարեց Տեր-Պետրոսյանը: Անդրադարձավ նաև ընտրություններից հետո հնարավոր կոալիցիոն համագործակցությանը, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդն ասաց՝ կփորձեն սխալ որոշում չկայացնել: Նա նաև մանրամասներ փոխանցեց հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի հետ իր ունեցած հանդիպումից։ Պատմեց՝ հանդիպմանը Փաշինյանին ասել է, որ առաջին գործը պետք է լինի փաստաթղթով ֆիքսել այն ժառանգությունը, որը Ղարաբաղի հարցում, ստացել էր Սերժ Սարգսյանից:

«Հայաստան» դաշինքի քարոզարշավն  Արագածոտնի մարզում է8։ Առաջին կանգառը Թալինի Մշակույթի տանն էր, որտեղ ելույթով հանդես եկավ դաշինքի վարչապետի թեկնածու, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա թվարկեց իրենց առաջնահերթությունները՝ անվտանգությունը, Հայաստանի տնտեսությունը, ներքաղաքական մթնոլորտը։ Քոչարյանն ասաց, որ երբեք Հայաստանում ներքաղաքական մթնոլորտը այսպիսի ատելության մասշտաբների չի հասել, թեև քաղաքական ուժերի միջև եղել են սուր հակասություններ։ Նրա խոսքով, սա շատ վտանգավոր է և կարող է նպաստել արտագաղթի աճին, ներդրումների բացակայությանը։Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ, այն ծանր իրավիճակը, որում այժմ հայտվել է Հայաստանը, գործող իշխանության քաղաքականության հետևանքն է։ Սակայն նա ըստ էության ոչինչ չասաց, թե ինչպես է պատկերացնում խնդիրների լուծումները և ելքը ստեղծված իրավիճակից։ Միայն թալինցիների հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ հարց հնչեց ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիներին վերադարձնելու մասին, Քոչարյանը խոսեց այդ հարցի լուծման իր պատկերացման մասին։ Ըստ այդմ, հայկական կողմը պետք է մեծացներ միջազգային ճնշումը Ադրբեջանի նկատմամբ։ Նա ասաց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ու խորհրդարանը այդ ուղղությամբ ըստ էության չեն աշխատել։ Փոխարենը, Քոչարյանի խոսքով, հայկական կողմը թեման «գցում է ռուսների գրպանը», հարց լուծումը դարձել է Մուրադովը, և տպավորություն է, թե հայկական կողմը կապ չունի գերիների վերադարձի հետ։

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացրեց Արմավիրի մարզում: Կուսակցության ներկայացուցիչները ժամը 10:00-ից  եղել են  Էջմիածին ու Արմավիր քաղաքներում: Վերադարձել են  Երևան ժամը 15:00-ի սահմաններում ու իրականացրել իրազեկման ակցիաներ: «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հունիսի 10-ին եղել է  Արարատի մարզում: Արշավը սկսել են ժամը 13:00-ին՝ Արարատ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակից: Նրանք եղել են նաև Արտաշատի թատրոնամերձ հրապարակում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եղել  է Տավուշի մարզում։ Քաղաքացիների հետ հանդիպումը տեղի ունեցավ Իջևան քաղաքում ժամը 18:00-ին: «Զարթոնք» կուսակցությունը առավոտյան ժամը 9:00-ին եղել է Դավիթաշեն վարչական շրջանում։ Երթուղին սկսել են Սրբոց Նահատակաց եկեղեցուց։ Շրջել են ու իրազեկման ակցիա իրականաց8el։  «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը ժամը 11։00-ին ներկայացրեց իր նախընտրական ծրագրի քաղաքական, տնտեսական և իրավական դրույթները։

Ն․Հ․




Լրահոս