Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հունիսի 15-ին այցելու է Ադրբեջան, որտեղ երկկողմ համագործակցության նոր պայմանագիր է ստորագրելու Իլհամ Ալիևի հետ: էրդողանն արդեն ընդգծել է, որ նոր փաստաթուղթը լինելու է ամենախոշորը մինչ օրս ստորագրվածների մեջ: Ստորագրման համար կողմերը ընտրել են Շուշին, որը 44-օրյա պատերազմից հետո հանձնվեց Ադրբեջանին:
Թե կոնկրետ ինչ դրույթների շուրջ է այդ փաստաթուղթը կամ ինչ է նախատեսվում համապարփակ համաձայնագրով, Թուրքիայի նախագահը չի հստակեցրել: Սակայն, հայտնի է, որ Բաքու մեկնելուց առաջ նա ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններ է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան երկրների` Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Էմանուել Մակրոնի եւ Ջո Բայդենի հետ:
Նկատենք, որ արցախյան պատերազմից հետո հայտարարությունները ստորագրվել են միայն Ռուսաստանի նախաձեռնությամբ, պաշտոնական Վաշինգտոնն ու Փարիզը այսպես ասած դուրս են մնացել բանակցային գործընթացից և հիմա ակտիվ քայլեր են ձեռնարկում` Մինսկի խմբի ֆորմատը վերականգնելու համար: Այս ամենին զուգահեռ մեծացել է Թուրքիայի դերը եւ բավական է միայն նշել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 44-օրյա պատերազմի ընթացքում կարգավորմանն ուղղված ջանքերը ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների, այլև Թուրքիայի նախագահի հետ էր համակարգում: Եվ այս ֆոնին, թերևս, պատահական չէ, որ թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Ֆրանսիայի առաջնորդները էրդողանի հետ իրենց հանդիպման օրակարգում նաև ղարաբաղյան խնդիրն են ընդգրկել:
Ինքը` Էրդողանը, Բայդենի և Մակրոնի հետ կայանալիք այս հանդիպումներից առաջ հայտարարել է, թե մտադիր է բանակցություններում բարձրացնել Ադրբեջանի տարածքների ականապատման հարցը, և պահանջել, որպեսզի Արևմուտքը ճնշում գործադրի հայկական կողմի վրա` տեղադրված ականների քարտեզները Բաքվին փոխանցելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում