Քարոզարշավ, օր 6․ օրվա ամփոփում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը շարունակվում է։ Այսօր վեցերորդ օրն էր։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շարունակում է նախընտրական քարոզարշավը։ Կուսակցության առաջնորդը Գյումրիում է, թիմակիցները՝ մայրաքաղաքում։ Աջափնյակ համայնքում, շենքերի բակերում կարճ կանգառներ կատարելով, կուսակցության անդամները բնակիչներին ներկայացնում էին իրենց նախընտրական ծրագրերն ու կոչ անում անպայման գնալ ընտրության։ Ընտրվելու դեպքում, «Լուսավոր Հայաստան»-ը առաջարկում է համախմբում և համերաշխություն։ Այսօր ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը հայհոյում են իրար, օգտագործում անթույլատրելի բառապաշար, ասում է Գևորգ Գորգիսյանը, այս կերպ շարունակվելու դեպքում երկրի ապագան վտանգված է։

«Նիկոլն ու իր ուսապարկերը վերարտադրվելու որևէ հնարավորություն չունեն։ Իրենց էջը փակվելու է հունիսի 20-ին»,- Վանաձորում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Նա նշեց, որ թեև վերնաշապիկների վրա գրել են «Ապագա կա», բայց խոսում են անցյալից, բայց ոչ թե իրենց անցյալից, այլ մեր։ Նրա խոսքով, ազգը հոգնել է ստից, սպառնալիքներից։ «Մենք գալիս ենք ազգին բերելու համերաշխություն։ Հունիսի 20-ին մի մարդու պես գնում ենք ընտրության, Նիկոլի ականջից բռնում ենք ու վռնդում մեր իրականությունից»,- նշեց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանը։

«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմը ընտրարշավի շրջանակներում հունիսի 11-ին այցելել է Տավուշ, Ալավերդի և Ստեփանավան: Քաղաքներում իրականացվել են քարոզչական երթեր: Բնակիչները դիմել են դաշինքի ղեկավարներին և թեկնածուներին իրենց հուզող հարցերով։ Հարցերը վերաբերել են կառավարող և նախկինում կառավարող ուժերի հետ համագործակցության և բնապահպանական խնդիրներին։
«Մենք սկզբունքորեն մերժում ենք որևէ քաղաքական դաշինք և միավորում ինչպես Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Երկուսին էլ պատասխանատու ենք համարում Հայաստանի ներկա իրավիճակի համար և չենք տեսնում իրենց հետ համագործակցության եզրեր»,- նշել է դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

«Հայ Ազգային Կոնգրես»-ը քարոզարշավի 6-րդ օրը Շիրակի մարզում էր: Թեև հանդիպման առաջին կանգառը Մարալիկն էր, սակայն ժամանակի սղության  պատճառով հանդիպումը մարզի ընտրողների հետ մեկնարկեց Գյումրու Մարզամշակութային կենտրոնի դահլիճում: Տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգեսի անդամների ու համակիրների հանդիպումը՝ կուսակցության փոխնախագահներ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ:  «Պատկերացնում եք պետություն, որն ունի անհրաժեշտ գումար ամբողջ Հյուսիս-հարավ մայրուղին կառուցելու համար, բայց մոտ 10 տարի դա չի սարքում: Սա վերաբերում է և՛ նախկիններին, և՛ ներկաներին. էն ժամանակ սարքում էին, որ թալանեն, հիմա էլ անունը դնում են կոռուպցիայի դեմ պայքար և 3 տարվա մեջ բան չի փոխվել»,- իր ելույթում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Վերջինիս կարծիքով՝ գերիների խնդիրը միայն կլուծվի բանիմաց ու խոսքի ուժ ունեցող ղեկավարի դեպքում:

Այսօր «Պատիվ ունեմ» դաշինքը, ինչպես նախատեսված է եղել ընթացակարգերով, Հանրային հեռուստաընկերություն է ներկայացրել իր նախընտրական քարոզչական հոլովակը, ինչպես մնացած քաղաքական ուժերը, սակայն հեռուստաընկերությունը մերժել է դրանց հեռարձակումը։ Հրատապ հրավիրված ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավի 6-րդ օրն սկսեց Շիրակի մարզում: Կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը տարբեր համայնքներում բնակիչների հետ հանդիպմանը, անդրադառնալով գործող իշխանություններին, նշեց, որ իշխանությունները ձախողել են տարբեր ոլորտներում: «Մենք պետք է պայքարենք մեր արժեհամակարգի համար: Մենք հիմա չենք կարող ձեզ սարեր խոստանալ, չենք կարող ասել, թե ձեր վարկերը կփակենք, արագաչափերը կվերացնենք: Մենք կարող ենք ասել, որ դուք ունեք արժեհամակարգի պաշտպան, և ձեզ հետ միասին կնստենք ու այդ խնդիրները կլուծենք»,-ասաց Արա Զոհրաբյանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, Նիկոլ Փաշինյանը Ճամբարակ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը նշեց, որ նախընտրական պրոցեսն ուղեկցվում է ընտրակաշառք տվողների ձերբակալություններով:

Կարմիր գյուղում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այսօր Ադրբեջանում պահվով  15 ռազմագերի վերադառնալու է Հայաստան։Ավելի ուշ հրապարակվեց նաև վերադարձող գերիների նկարները։

«5165» շարժման ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի 5-րդ օրը եղել են Գեղարքունիքի մարզում, այցելել են Գավառ և Մարտունի քաղաքներ, քաղաքացիներին ծանոթանացրել են քաղաքական ուժի նախընտրական ծրագրին: Քարոզարշավին քաղաքացիները զրուցել են շարժման հիմնադիրների հետ, սահմանել են մարզի համար կենսական նշանակության առաջնահերթությունները։

Ն․ Հ․




Լրահոս