ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանադրական փոփոխություններն ու իշխանությունների նպատակը. քանի անգամ է փոխվել Մայր օրենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տոնացույցում հուլիսի 5-ը Սահմանադրության օրն է։ Հայաստանի Հանրապետության Մայր օրենքն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը հռչակվել է պետական տոն: Ընդունումից հետո այն ամբողջապես երկու անգամ է փոփոխվել ` 2005 և 2015թթ-ին, իսկ նախորդ տարի էլ մեկ փոփոխություն է կատարվել:

Սահմանադրության առաջին փոփոխություններն արվել են 2005 թվականին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Փոփոխության անհրաժեշտությունն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ 2001 թվականին Հայաստանը Եվրոպայի խորհուրդ մտավ։

Եթե 2005 թվականին տեղի ունեցածը կարելի է սահմանադրական փոփոխություններ անվանել, ապա 2015 թվականի դեկտեմբերի 6-ին` Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանն արդեն փաստացի նոր փաստաթուղթ ընդունեց։ 2015 թվականի Սահմանադրության ընդունումով երկիրը կիսանախագահական կառավարման ձևից անցավ խորհրդարանականի։

Իսկ 2020 թվականին առաջին անգամ սահմանադրական փոփոխություններ արվեցին ոչ թե հանրաքվեի միջոցով (այն պաշտոնապես չեղարկվեց կորոնավիրուսի ու արտակարգ դրության պատճառով), այլ Ազգային ժողովի քվեարկությամբ։ Նոր փոփոխություններով` ՍԴ այն դատավորները, որոնք 12 տարուց ավել էին պաշտոնավարել (Ալվինա Գյուլումյան, Հրանտ Նազարյան և Ֆելիքս Թոխյան), ազատվեցին պաշտոնից, իսկ Հրայր Թովմասյանը հրաժեշտ տվեց ՍԴ նախագահի պաշտոնին՝ մնալով ՍԴ դատավոր։ Նկատենք, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաճախ է ասում, թե առաջիկայում կրկին Սահմանադրություն փոխելու անհրաժեշտություն է լինելու:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս