Արմեն Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովային և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Հանրապետության նախագահը ողջունել է ուկրաինական պատվիրակության այցը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցության ամրապնդումը: «Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կառույցների գործունեությունը և դերը շատ կարևոր են: Դուք աշխատում եք անմիջապես անհատների հետ, և մարդկանց ակնկալիքները ձեզնից շատ մեծ են»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարը, նախագահ Սարգսյանին տեղեկացնելով, որ Հայաստանում է խոշտանգումների կանխարգելման ոլորտում փորձի ուսումնասիրման նպատակով, նշել է, որ Հայաստանը և Ուկրաինան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության լայն հնարավորություններ ունեն, և իր այցի շրջանակում ստորագրված հուշագիրը դրա համար լավ հիմքեր է ստեղծում:




Լրահոս