ՃԻՇՏՆ ՈՒ ՍԽԱԼԸ ՍԽԱԼԻ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի` «Մացոյի ֆենոմենը» Հայաստանի դատաիրավական համակարգի համար դարձել է խորհրդանիշի նման մի բան: Եթե դատական համակարգի որեւէ ներկայացուցիչ ցանկանում է «առաջ գնալ», բերում է հենց Մացոյի օրինակը: Որպես փայլուն կատարողի` հենց նրան են վստահվում «ամենատարօրինակ» գործերը, հենց նրան են մղում «ռազմադաշտ», երբ հարկավոր է պաշտպանել կեղծ մեղադրանքները: Չկա հանրային մեծ հնչեղություն ունեցող որեւէ գործ, որ Մնացական Մարտիրոսյանի «թրի տակով» անցած չլինի: Հայաստանի պատմության ամենախայտառակ էջերից մեկը Մացոն իր ձեռքով կերտեց` ՀՀ-ին պարգեւելով տասնյակ քաղբանտարկյալներ:  Բազմիցս է խոսվել այն մասին, որ Մնացական Մարտիրոսյանի կենսագրության մեջ շատ մութ էջեր կան, որոնք էլ իշխանությունների ձեռքին հաղթաթուղթ են դարձել` նրան անխնա շահագործելու համար: Մինչեւ հիմա շատերն են գլուխ կոտրում` հասկանալու, թե ինչպես է Մացոն դատավոր դարձել: Չէ, պետք չէ կասկածել նրա կրթության վրա: Փառք Աստծո, Գավառում ծնված Մնացական Մարտիրոսյանը 1986-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը եւ նույն տարում էլ աշխատանքի անցել Հրազդանի միջշրջանային դատախազությունում. եղել է ստաժոր, քննիչ, ապա դատախազի տեղակալ: Բանակում չի ծառայել: Սակայն 1992-ից հետո նրա կյանքում տեղի են ունեցել «առեղծվածային» իրադարձություններ. նա պարզապես անհետացել է մոտ յոթ տարի եւ ասպարեզում հայտնվել միայն 1999 թվականին: Դատավորի կյանքի այս տարիների առեղծվածը պարզելու համար հավանաբար պետք է հատուկ խուզարկուներ վարձել, քանի որ հայտնի չէ, թե որտեղ է եղել, ինչով է զբաղվել: Հետաքրքիրն այն է, որ նրան դատավոր կարգողները մինչեւ օրս չեն կամեցել պարզել, թե մարդկանց ճակատագրերը տնօրինողն ինչով է զբաղվել մոտ յոթ տարի:Ըստ մեր տեղեկությունների` Մնացական Մարտիրոսյանը հիշյալ ժամանակաշրջանում բացակայել է Հայաստանից, գտնվել է Ուկրաինայում եւ զբաղվել մութ գործերով: Իսկ Հայաստանից հեռացել է, որովհետեւ… հարկադրված է եղել: Հրազդանի միջշրջանային դատախազությունում արդեն խոսվել է այն մասին, որ նա խառնված է եղել որոշ պատմությունների, որոնք կարող էին նրան բանտ տանել: Դրա համար շտապել է ազատման մասին դիմում գրել եւ ճամպրուկներն առած` անհետացել երկրից: Բայց Ուկրաինան եւս նա ստիպողաբար է թողել, որովհետեւ այստեղ էլ նրանով սկսել են հետաքրքրվել իրավապահները: Եւ այսպես, մինչ Մացոյին Հայաստանում շատերը մոռացել էին եւ զբաղված էին դատաիրավական համակարգի բարեփոխումներով, Մարտիրոսյանը ստիպված եղավ անձնական «քսակից» մոտ կես միլիոն դոլար ծախսել: Բայց քանի որ քսակն այնքան էլ լիքը չէր, Մնացականյանը որոշ մասը պարտքով վերցրեց: Մի խոսքով, Մնացական Մարտիրոսյանը 7 տարվա անհետացումից հետո նշանակվեց Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր: Բնականաբար, նա պետք է նաեւ անօրինակ դրամահավաքություն իրականացներ, որպեսզի դատարկված քսակի հարցերը լուծեր: Մի խոսքով, Մնացական Մարտիրոսյանը դատավոր դառնալուց հետո հորինեց իր համար մի նոր կենսագրություն: Դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված նրա կենսագրության մեջ գրված է, որ ծնվել է  Երեւանում, աշխատանքի վայրը ներկայացնող տողում էլ գրել է` Հրազդանի նախկին վարչական շրջանի տարածքի դատախազությունում որպես դատախազի տեղակալ: Աշխատանքի վայրի հարցում Մացոյի հնարամտության պատճառը հասկանալի է` նա պետք է իր մասնագիտությամբ ինչ-որ տեղում աշխատելիս լիներ` դատավորների պիտանելիության ցուցակում ընդգրկվելու համար: Իսկ թե ինչու է նա ծննդավայրը «կեղծել», այժմ դժվար է ասել: Ընդ որում, այս դեպքում տեխնիկական սխալը կարելի է բացառել, քանի որ խոսքը պաշտոնական փաստաթղթի մասին է: Այսինքն` ծննդավայրը Երեւան գրելու համար նա պետք է որ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացրած լինի: Բայց չմոռանանք` ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը սահմանում է, որ դատավորի լիազորությունները ենթակա են պարտադիր դադարեցման, եթե դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվում է, որ դատավորը նշանակվել է օրենքի խախտմամբ: Թեեւ Մարտիրոսյանը նորեկ չէ ոլորտում, նա արդեն տասը տարվա ճիշտ ու սխալ տարբերակող է, վեց տարուց ավելի է, ինչ նաեւ Արդարադատության խորհրդի անդամ է, այնուամենայնիվ, նրա կողմից կայացված բոլոր դատական ակտերն ապագայում ենթակա են վերանայման, քանի որ տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության անունից հանդես է եկել մի մարդ, որն այդ պաշտոնում նշանակվել է կեղծիքներով, ժամանակին այսպես է գրվել մամուլում նրա մասին: Բայց Սերժ Սարգսյանի «գլուխը խառն է», եւ նա դեռ ժամանակ չունի նման «մանրուքներով» զբաղվելու: Առայժմ այս դատավորը կարող է «բարգավաճել»: Բայց առայժմ:   ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս